Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է

Մայիս 11,1999 00:00
Robert Qocharyan

Թե ինչպես են փոխվում ընտրություններում կառավարության դերի մասին դիրքորոշումները վարչապետից նախագահ դառնալու հետեւանքով՝ որեւէ լուրջ դերակատարությունը բացառելուց հասնելով ամբողջական պատասխանատվությանը։

«Կառավարությունն ամբողջապես պատասխանատվություն է կրում ընտրական գործընթացների կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման՝ օրենսդրությանը համապատասխանելու համար»,- ԱԺ ապրիլի 28-ի նիստում հանդիսավոր ազդարարեց վարչապետ Արմեն Դարբինյանը։

Դրան նախորդել էր մարզային բոլոր հանձնաժողովներում կառավարության ներկայացուցիչներին նախագահ նշանակելը։ Վերոհիշյալ հայտարարության համար առիթ դարձած Սյունիքի մարզային հանձնաժողովն էլ ԱԻՄ-ի ներկայացուցիչը հաջողեց գլխավորել միայն կառավարության նշանակմամբ։

Ռոբերտ Քոչարյանը (գոնե հրապարակավ) չդժգոհեց ընտրություններում կառավարության դերի գրեթե բացարձակեցման եւ վարչապետի հայտարարության առիթով։ Եվ սա առիթ տվեց հիշելու վարչապետ եղած ժամանակ իր իսկ հայտարարությունները «Ընտրական օրենսգրքի» Արա Սահակյանի նախագծի առնչությամբ։ Բազմիցս արտահայտված այդ տեսակետն արձանագրել էինք նաեւ 1997-ի դեկտեմբերի 10-ին, Փարիզում անցկացված Համաշխարհային բանկի Հայաստան-Վրաստան խորհրդակցական հանդիպման ժամանակ։ Մեջբերում ենք «Առավոտի» 1997-ի դեկտեմբերի 11-ի «Փարիզյան օրագիր» հրապարակումից. «Համաշխարհային բանկում ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարն ի տարբերություն մնացածների, որոնք զուտ տնտեսությանն առնչվող հարցադրումներ էին ուղղում մեր պատվիրակությանը՝ հարցրեց մինչեւ 1999-ի խորհրդարանական ընտրությունները նախատեսվող քայլերի մասին, որ նախագահական վերջին ընտրությունների խնդիրները չառաջանան։ Ռոբերտ Քոչարյանը ներկաներին տեղեկացրեց քննարկման մեջ գտնվող ընտրական օրենսգրքի տարբերակների մասին, ասաց, որ դրանցից մեկում կառավարությանը լայն մասնակցություն է վերապահված ընտրական գործընթացում, եւ իրենք արդեն խորհրդարանին այդ մասին հայտնել են իրենց դիրքորոշումը. «Կառավարությունը համարում է, որ ինքը որեւէ լուրջ դեր չպիտի ունենա ընտրությունների ամբողջ գործընթացում»։

Այս տեսակետը հիշեցնելով նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին, հետաքրքրվեցինք, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն այժմ փոխե՞լ է իր դիրքորոշումը։ «Նախագահը շարունակում է համարել, որ կառավարությունն ուղղակիորեն պատասխանատու է այնքանով, որքանով մասնակցում է ընտրական գործընթացների կազմակերպական հատվածին։ Քանի որ կուսակցությունները նույնպես մասնակցում են՝ նրանք համապատասխանաբար կրում են պատասխանատվության իրենց բաժինը,- ասաց Վահե Գաբրիելյանը։- Սակայն նախագահը գիտակցում է, որ ընտրությունների վատ ընթացքի դեպքում միշտ պատասխանատու է համարվելու կառավարությունը, քանի որ ընդդիմությունն ընդհանրապես ոչ մի տեղ եւ ոչնչի համար պատասխանատու չէ։ Եվ, ինչքան հայտնի է, այլ երկրներում ընդդիմությունը նման գործընթացներում մասնակցություն չունի»։

ՀՀՇ համագումարներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ նույնպիսի մի պնդում արեց, թե ընդդիմությունը երբեք ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Այսինքն, իշխանավորների այս համոզումը նոր չէ։ Եվ թերեւս գուցե նաեւ այդ պատճառով նախկինում էլ էին փորձում հանձնաժողովներում կառավարության ներկայացուցիչներն ունենալով լուծել պատասխանատվության խնդիրը։ Բայց եթե Արա Սահակյանի «Ընտրական օրենսգրքի» տարբերակին վարչապետ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմանում էր, ապա Վիկտոր Դալլաքյանի տարբերակը՝ կառավարության 3-ական ներկայացուցիչներով այլեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանի առարկությանը չարժանացավ։ Չնայած պայմաններն առավել կասկածահարույց են։ Ի տարբերություն 1997-ի՝ այժմ կառավարության ղեկավարը մի կուսակցության աջակիցն է։ Եվ չի կարելի լիակատար վստահությամբ պնդել, թե հանձնաժողովներում կառավարության ներկայացուցիչները լիովին չեզոք են գործելու։ Սա խնդրի մի կողմն է այնուամենայնիվ։

Առավել էական էր ի ցույց դնել, թե դիրքափոխությանը զուգահեռ ինչպես է տրամագծորեն հակադիր դարձել Ռոբերտ Քոչարյանի տեսակետը նույն հարցի վերաբերյալ։ Ի վերջո, հսկայական տարբերություն կա՝ 1997-ի «որեւէ լուրջ դեր չպիտի ունենա» եւ 1999-ի «պատասխանատու է այնքանով, որքանով մասնակցում է» արտահայտությունների միջեւ, եթե ընտրական ողջ գործընթացներում կառավարությունը առանցքային դեր է ստանձնել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31