Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը, հակառակ մի շարք պաշտոններից հրաժարված լինելու հանգամանքին, ներկայացել է իբրեւ նախագահի խորհրդական, սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ՝ նախագահին կից Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ։ Հայրիկյանն ասել է, թե ինքը կարող է վկայել, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում է ընտրություններն արդար անցկացնելու համար։
ՕՐԻՆԱՑ ԽԱԽՏՈՒՄ
«Ընտրական օրենսգրքի» 21-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»։ Օրենքի պահանջին հակառակ՝ «Օրինաց երկրի» բուկլետում նշված չեն ո՛չ տպարանը, ո՛չ էլ տպաքանակը։
Կարդացեք նաև
«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐԸ» ՄԱՍՆԱՎՈՐ ՖԻՐՄԱ Է
Նախկին ԱԳ նախարար, «Պեռնո Ռիկար» ընկերության խորհրդական Վահան Փափազյանը հերքեց մամուլում հրապարակված այն լուրերը, թե նա նշանակվել է այդ ընկերության ներկայացուցիչը ԱՊՀ-ում։ Պրն Փափազյանը նշեց նաեւ, որ իր գործունեությունը «Պեռնո Ռիկարում» որեւէ կապ չունի նախկին-ներկա իշխանություններ փոխհարաբերությունների հետ, քանի որ «Պեռնո Ռիկարը» մասնավոր ֆրանսիական ֆիրմա է։
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ
Արմավիրի թիվ 38 ընտրատարածքում իշխանության թեկնածու Ռաֆիկ Սահակյանը, որ մարզպետարանի կրթության վարչության պետն է, ցուցում է տվել ընտրատարածքում գտնվող դպրոցների տնօրեններին՝ գումարել ծնողական ժողովներ եւ ծնողներին «բացատրել», որ պետք է քվեարկել հենց իր օգտին։