Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

a քառակուսի+b քառ.=c

Մայիս 08,1999 00:00
tiv

Իհարկե, ավելորդ չարամտություն է անընդհատ դիտավորություն գտնել նախընտրական իրականության գործընթացների, կատարվող դեպքերի, ասված հայտարարությունների, հրապարակված խոսքերի մեջ, առավել եւս՝ փնտրել դրանց ներքին փոխպայմանավորվածությունն ու տրամաբանական պատճառները՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ դրանց հետ Հայաստանի արտաքին հարաբերությունների ենթատեքստում:

Թվում է՝ ինչ կապ կարող է լինել ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնի ասուլիսում արտահայտված մտքի, տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի մասին մեր նախագահի պատկերացման, ՆԱՏՕ-ի «Վաշինգթոնյան հռչակագրի» որոշ դրույթների, Վանո Սիրադեղյանի ձերբակալության, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների խորհրդարանական մրցակցության, «Միասնություն» դաշինքի «Կառուցենք եւ պաշտպանենք» ընտրակոչի, «НКР» համարանիշով մեքենաներ ջարդուփշուր անելու միջեւ: Շարքն անվերջանալի է, սակայն այսքանն էլ բավական է քաղաքական զարգացումների միջին թվաբանականը գտնելու համար: Եվ եթե քաղաքականությամբ հետաքրքրվող միջին ու բարձր քաղաքացիների համար նման զարգացումները կարող են մի քանի անհայտով հավասարում լինել, ուր հայտնիները փոխելով՝ հնարավոր կանխատեսումների վիկտորինայով կարելի է զբաղեցնել ազատ ժամանակը, ամենաքիչը զարմանալի է, եթե չասենք՝ զավեշտական, որ այդ հավասարման անհայտների ճշգրիտ միավորները կանխատեսելի հայտնիության սահմաններում չեն նախագահի համար (եթե, իհարկե, ազգային անվտանգության շահերը չեն պահանջում, որ հարցն այդպես ներկայացվի):

Ինչո՞վ է զբաղված նախագահն իրեն հատկացված քաղաքական վերլուծությունների ու կանխատեսումների պարտականությունների շրջանակում: Չէ՞ որ անհրաժեշտ է հիշել, որ նույն հավասարման անհայտներով թերեւս զբաղվում են նաեւ տարածաշրջանում շահագրգռություններ ունեցող ռազմաքաղաքական ուժերը: Իսկ նախագահի վերջին ելույթներն ու ներհանրապետական քաղաքական տեղաշարժերն ստիպում են մտածել, որ Հայաստանում իրադարձությունները զարգանում են նախօրոք գրված սցենարով, որտեղ անհայտների տվյալները թելադրվում են դրսից, ընդսմին, ամենեւին էլ երաշխիքներ չկան, որ ժողովրդավարության եւ խաղաղության պաշտպանության վերնագրի տակ ներկայացումը չի խաղացվի հակառակ գործողությունների հրահրմամբ:

ՀՀ նախագահի վերջին ելույթների տրամաբանությունը հուշում է, որ շուտով միջազգային հանրությունն անդրադառնալու է ղարաբաղյան խնդրին, եւ, հաշվի առնելով ՀՀ նախկին իշխանությունների համեմատությամբ նորի դիրքորոշման խստությունը զիջումային տարբերակների հարցում (թե չէ ի՞նչ կարիք կար իշխանափոխություն անել), չի բացառվում ռազմական գործողությունների վերսկսումը, որի արդյունքում հնարավոր է ակնկալել ՆԱՏՕյական զորքերի ներխուժում կամ առավել խաղաղ ձեւերով տեղակայում տարածաշրջանում՝ վերջինիս հսկողությունը միջազգային ուժերին հանձնելու հրամայականով, մանավանդ որ, դատելով ըստ իր վաշինգթոնյան ելույթում Կոսովոյի մասին արտահայտած կարծիքի՝ պրն Քոչարյանը կարծես թե դեմ չէ նման տարբերակի կիրառմանը: Այս դեպքում նախագահն ամենայն հավանականությամբ հույս ունի, որ ժամանակն աշխատելու է մեր օգտին, քանի որ, ըստ նրա՝ «տարածքային ամբողջականություն հասկացությունը չի կարելի իրագործել երկրներում, ուր մոտավոր պատկերացում ունեն ժողովրդավարության մասին»:

Իսկ ինչպե՞ս է իրեն զգում ժողովրդավարությունը Հայաստանում, չէ՞ որ արդեն ձանձրալիության աստիճան բազմիցս նշվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքավարման հաջողություններն ուղղակիորեն կապված են հանրապետության ներքին քաղաքական իրավիճակի հետ: Մինչեւ վերջերս ժողովրդավարության կարեւոր ախտորոշիչ՝ ապագա ընտրությունները սպառնում էին իսկապես ազատ-արդար անցնել: Բայց ահա վերադառնում է Վանո Սիրադեղյանը եւ ձերբակալվում: Ինչ է, նրան ձերբակալելու որոշումը կայացնողները չէի՞ն ենթադրում, որ դա անմիջապես կապվելու է ընտրությունների հետ: Նախագահը երեւի իրավիճակի նրբությունը ճիշտ չի գնահատում, որովհետեւ չձերբակալելու ավելորդ լարվածությունն արդեն ուրիշ ուղղվածություն կունենար: Ավելին, նախագահը թեեւ մկրտվել է, բայց ըստ երեւույթին Ավետարանին ծանոթ չէ, թե չէ անմիջապես կընկալեր, որ ձերբակալության ակտով հենց «քրիստոսաբար» ավարտին հասցվեց Վանոյի «մուտքը Երուսաղեմ»: Իսկ իրավիճակի ակամա համեմատությունը հայտնի ճշմարտության հետ, որ «մեռած Քրիստոսն ավելի վտանգավոր է ողջից»՝ ստիպում է մտածել, որ Վանո Սիրադեղյանին քաղաքական հարության փառք է սպասվում:

Նախընտրական կյանքում մեկ այլ, բավական անսպասելի իրադարձություն էր «Միասնություն» դաշինքի ստեղծումը (մի կողմ թողնենք ձայներ հավաքելու անեկդոտը, Դեմիրճյանի համար դա այդչափ անհուսալի չէր, որ նա համաձայներ միանալ Սարգսյանին): Սակայն առեղծվածի գաղտնիքը հեռուստադիտողներին շնորհեց ՍԻՄ-ի ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանը: Պարզվում է, որ խնդիրը Վազգեն Սարգսյանին արեւի տակ հանելու պահանջն էր, քանի որ, ըստ նրա, այսպիսով պաշտպանության նախարարը «քավեց նախկին մեղքերը»: Ասվածից կարելի է միայն եզրակացնել, որ պրն Սարգսյանն արդեն մի անգամ նախագահ է բերել իշխանության՝ մնալով ստվերում, այս անգամ դա անում է լույսի մեջ: Սա այնքան էլ անհեթեթ չի թվա, եթե ուշադիր հետեւենք Կարեն Սերոբիչի քարոզարշավին եւ նախընտրական գոռ կեցվածքին: Զգո՛ւյշ եղեք, Սպարապե՛տ, քանզի ստվերից բաց քաղաքական դաշտ դուրս գալը նույնն է, ինչ խրամատից բաց մարտի դաշտ ելնելը:

Դե, իսկ Ղարաբաղի գեներալ Սամվել Բաբայանի հայտը Հայաստանի խորհրդարան «ի հակակշիռ Վազգեն Սարգսյանի»՝ արդեն «կլասիկա է», եթե ավելի լուրջ չզննենք այդ հակակշռի խորքային էությունը: Բանն այն է, որ վերջին ժամանակներս մեր հասարակության մեջ պայթունավտանգ տրամադրություններ են թանձրանում Հայաստան-Ղարաբաղ համեմատության տեքստով, որտեղ ժողովրդավարության, հարաբերությունների մաքրության, սոցիալ-տնտեսական վիճակով գերադրվում է Ղարաբաղը, եւ դա այն դեպքում, երբ բազմիցս նշվել ու նշվում է, որ Ղարաբաղի ճակատագիրն անմիջականորեն կապված է Հայաստանի սոցիալական բարեփոխումների հետ: Ընդսմին, այդ համեմատությունն անում է նաեւ Սամվել Բաբայանը, որ ի թիվս այլ նկատառումների, գալիս է մեզ սովորեցնելու ռազմական արցախատնտեսության հրաշքի կոդը:

Իսկ եթե հանկարծ իրադարձությունները զարգանան այնպես, որ «ի հակակշիռը» վերաբերի բանակների՞ն: Այս դեպքում ի՞նչ է սպասվում, քաղաքացիական պատերա՞զմ: Թող մեղադրվի նման հոռետեսական երեւակայությունը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել, որ արտաքին ուժերի միջամտության եւ երկրի արտաքին քաղաքականությունը որոշելու՝ դրսի թելադրանքի հավանականությունը ուղիղ համեմատական է հասարակական կյանքի ապակայունացմանն ու ներքաղաքական դաշտի թուլացմանը, իսկ գեներալների քաղաքական գործունեության ակտիվությունը դրսեւորվում է միայն ռազմական իրավիճակներում:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31