Լրահոս
Օրվա լրահոսը

Թողության թղթի որոնումներում

Մայիս 08,1999 00:00
chanaparh

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 21-րդ դարի շեմին մենք պետք է լրջորեն խոսենք ֆրանսիացի մտածող Բեզանսոնի՝ պետության քաղաքատնտեսական համակարգի փուլային հաջորդափոխության գաղափարի՝ «Հայաստանի Հանրապետության մոդելի», իրագործման հնարավորության մասին:

Այն ենթադրում էր, որ պետական համընդհանուր կարգավորման համակարգին բավական արագ փոխարինում է անհատական նախաձեռնության համակարգը: Փոխարինում է, ոչ թե փոխում, սա է իմաստը, իսկ հետագայում վերադարձ է լինում պարտադիր վերաբաշխիչ ռեժիմին:

Համաձայն շարադրվող պատկերացումների, մեր մոլորակի վրա պարբերաբար միմյանց փոխարինում են երկու նախասկիզբ: Մեկին բնորոշ է համեմատական ազատության վիճակը, երբ հասարակությունը օգտագործում է անհատական նախաձեռնության ներուժը, եւ ձեռներեց քաղաքացիների ջանքերով կուտակվում են բարիքներ, ունակություններ, գիտելիքներ եւ այլ արժեքավոր ռեսուրսներ: Մյուս նախասկիզբն արտահայտվում է ընդգծված ամբողջատիրական ձգտումներով պետության կազմավորմամբ: Դարաշրջանափոխությունները, ավել կամ նվազ ողբերգականորեն, սակայն միանշանակ տեղի են ունենում: Այդ փուլերում գերիշխում են պետական բյուրոկրատիայի արժեքները: Նախորդ փուլում կուտակված պետական պաշարները բռնազավթվում են, ազգայնացվում, վերապետականացվում: Հետագայում այդ պաշարները չեն լրացվում եւ ծախսվում են պետական բյուրոկրատիայի գաղափարախոսությանը ծառայող նպատակներով, որոնք ուղղված են նրա ինքնապահպանմանը: Այդ պաշարների զգալի մասը ծախսվում է գաղափարախոսական եւ քաղաքական վերահսկողության ապահովման, վարչակարգի ինքնավերարտադրման եւ պահպանման վրա:

Դրա միջոցներից մեկը հասարակության ռազմականացումն է եւ, որպես դրա հետեւանք՝ ագրեսիվ եւ նվաճողական արտաքին քաղաքականությունը: Ընդգծենք՝ նվաճողականությունը ոչ թե նպատակ է, եւ ռազմականացումը՝ միջոց, այլ այնպիսի աշխարհաքաղաքական նպատակների հռչակում (եւ իրագործման փորձեր), որոնք կոչված են արդարացնել ամբողջատիրական ռեժիմը: Սոցիալական կազմակերպման ռազմական մոդելը գրավիչ է նրանով, որ բյուրոկրատիայի համար առավելագույն աշխատատեղեր է ապահովում:

Պատմականորեն միշտ գտնվել են պատճառներ, որոնք հիմնավորել են ազատ շուկայից պետական կարգավորման անցնելու անհրաժեշտությունը: Դրանցից «ամենահամոզիչը» պետության պարտքերի վճարման անհրաժեշտությունն է: Հասկանալի է, խոշոր բյուրոկրատիայի, որը միշտ այս անցումների ետեւում է կանգնած, շահերն ի ցույց չեն դրվում, փոխարենը սովորաբար խոսվում է մանր ու զանգվածային բյուրոկրատիայի մասին՝ բյուջետայիններ, ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ:

Երբ ազատության փուլը ամուր ու հաստատուն չէ, այլընտրանքային կարգը թվում է անխոցելի: Իրականում սակայն այն չի կարող շարունակաբար վերարտադրվել: Ինչպես ասվեց, այն հետեւողականորեն վատնում է ազգային ունեցվածքը: Հենց վատնման թվաբանությունն է որոշում նրա երկարակեցությունը:

Ու թեեւ պետական բյուրոկրատիայի գերիշխանությունը հաճախ ավելի վատ է, քան օտարի լուծը, նա նկարագրված սոցիալական կարգի խորքային կառույցների հարազատ ծնունդն է: Դա արտահայտվում է նաեւ այն բանում, որ ամբողջատիրական բյուրոկրատիան ինքն իր մեջ կրում է առժամանակ ճնշված պայմանականորեն ազատ հասարակական կառուցվածքի նախասկիզբը:

Նշենք, թե ինչպես է համատեղվում անհամատեղելին՝ մի կողմից՝ պետականության արժեքները, մյուս կողմից կամքը, մի կողմից՝ համատարած պետականացման հանդեպ հիացմունքը, մյուս կողմից՝ սեփականատեր լինելու հրճվալի ցանկությունը, սեփական ճշմարտացիության ու խաղաղասիրության մեջ համոզվածությունը: Այս ամենը գոյատեւում է նույն էության մեջ՝ ե՛ւ անհատի, ե՛ւ ժողովրդի:

Նախասկզբային այս երկվությունը կարելի է փնտրել մեր ժողովրդի հոգում, նրա հին մշակույթի մեջ: Այն ունի սոցիալական ուրույն կարգավիճակ: Երկփեղկված հասարակության մեջ, իհարկե, կան մաքուր անհատներ: Նրանք ազատությունների, անհատական նախաձեռնության, անհատի իրավունքների անզիջում կողմնակիցներն են: Մյուսները համընդհանուր վերահսկողության, գաղափարական կենտրոնացման, պետության շահերին անհատական նախաձեռնությունները ստորադասելու համոզված նվիրյալներ են: Նրանք պարզապես այս կամ այն աշխարհայացքի կրողներ չեն, այլ պատկանում են հասարակական որոշակի կառույցների եւ գործունեության համակարգերի: Այդ կառույցները խիստ տարբեր են, միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված եւ անհանդուրժող: Նրանցից մեկը միշտ գերիշխում է՝ ձգտելով դուրս մղել ու ոչնչացնել մյուսին: Սակայն որեւէ մեկը վերջնական հաղթանակ չի կարող տանել:

Ավելին, համեմատաբար կայուն պահերին, այս կամ այն հասարակական նախասկզբի հաստատումից հետո, մարդիկ եւ կառույցները, որոնք արտահայտում են հակառակ հայացքներ, այսպես թե այնպես, գոյակցում են հասարակական կյանքում: Նրանց առկայությունը, ի դեպ, բարձրագույն ղեկավարությանը՝ բյուրոկրատական թե բուրժուական, հնարավորություն է տալիս հենվել երկուսի վրա էլ եւ կառավարել: Սա երկկուսակցական համակարգն է, միայն թե այդ կուսակցությունները պալատական են: Պետականամետները պալատական են, լիբերալները՝ ձեռքի տակ, սակայն նրանց գաղափարները շնորհազրկված են: Հետո՝ հակառակը:

Շարադրված կոնցեպցիայի տրամաբանության լույսի ներքո կարելի է քննել անցյալի պատմությունն ու ներկան: Այսպիսի մոտեցմամբ կարելի է գրանցել ոչ միայն դարաշրջանների փոփոխությունը, այլեւ այս կամ այն նախասկզբի հաստատումը:

Եւ նրանք, ովքեր, համաձայն մոդելի պարզագույն տարբերակի, պետք է որ ներկայում հաղթականորեն ավարտեին ազատականության փուլը եւ սկսեին տիրել, սպասում են, թե ահա-ահա կգա իրենց ժամը: Սակայն իրականում կենտրոնական բյուրոկրատիան կարո՞ղ է անհատույց եւ անպատիժ յուրացնել այն, ինչին ձեռք է գցել, թե՞ կհանձնի այդ ամենը ռազմապաշտպանական օլիգարխին՝ ինդուլգենցիա ստանալու սին մտայնությամբ: Դա առայժմ պարզ չէ, չէ՞ որ փուլերի փոփոխությունը հնարավոր է նաեւ առանց դրա կրողների փոփոխության: Ազատական «կիսափուլի» ճգնաժամի պայմաններում սկսված գործընթացը ազատ շուկայի ուղղափառ կողմնակիցներին վերածեց բռնագրավման եւ համընդհանուր վերահսկողության «մարտիկների»:

Սեփականաշնորհման եւ ազգայնացման, ազատական եւ պահպանողական վերնախավերի գերիշխանության հերթագայությունը բնորոշ է շատ երկրների: Պետության պատմական ճակատագիրը հիմնականում որոշվում է վերնախավերի ունակությամբ՝ օգտագործելու իրենց տրված ժամանակը: Մեր դեպքում պատմականորեն բնորոշ է պետական-կուսակցական բյուրոկրատիայի գերուռճացվածությունը եւ ազատության համար պատասխանատու հասարակական ուժերի թուլությունը: Ինչո՞ւմ է դա արտահայտվում եւ ի՞նչ է սպասվում մոտ ապագայում:

Համաձայն շարադրված կոնցեպցիայի, ազատ շուկայի փուլը համարվում է նաեւ արտադրության տեխնոլոգիական վերազինման փուլ: Այս փուլի ընթացքում, որպես կանոն, տեղի է ունենում նոր գաղափարների ներգրավում, սկզբունքների եւ աշխատաոճի փոփոխություն, արտադրության հերթական համապատասխանեցում «միջազգային չափանիշներին»: Այնուհետեւ, պետական կարգավորման փուլում նոր սկզբունքներն անընդունելի են դառնում, ֆոնդերի նորացումը՝ անհնար:

Կարելի է փաստել, որ տվյալ առումով այս անգամ մենք չենք առաջադիմել: Համակարգչային ու տեղեկատվական համակարգերի ներդրումը չի իրագործվել, արդյունաբերական դարաշրջանի արտադրական ֆոնդերը դեռ չեն փոխարինվել ետարդյունաբերականով: Սա տխուր իրողություն է, այդուհանդերձ, արդյունքում վատնման փուլն էլ երկար չի տեւի:

Եւս մեկ կարեւոր հանգամանք՝ բյուրոկրատիան եւ բուրժուազիան գուցե թե առաջին անգամ մեր պատմության ընթացքում միաձուլվել են, սերտաճել: Խոշոր սեփականատերերը հասել են քաղաքական չտեսնված ազդեցության, խոշոր չինովնիկները՝ անհամեմատելի հարստության ու կապիտալների: Այս գործոնը հարթեցնելու է փուլերի միջեւ տարբերությունը եւ արագացնելու նրանց հերթագայությունը:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31