Իր վերջին ելույթներից մեկում Սահմանադրական Իրավունքի Հրանտ Խաչատրյանը հպարտորեն հայտարարեց, որ իրենք կարողացան Վազգեն Սարգսյանին հանել ստվերից: Նույն «Իրավունք եւ Միաբանությամբ» ստվերից դուրս եկավ նաեւ մյուս գեներալը՝ Սամվել Բաբայանը: Գերագույն հրամանատարը՝ նախագահ Քոչարյանը, թեեւ երկար ժամանակ Հայաստանում չէր, բայց հենց վերադարձավ, սկսեց լավ-լավ բաներ պատմել Եղեռնից, ՆԱՏՕ-ից, ՎԱՆՈ-ից՝ այս անգամ միայն հայերեն ու ռուսերեն: Զարմանալի է, սակայն մեր գեներալական կվարտետից միայն նախագահն է, որ Վանոյի հարցով հանրային ելույթ ունեցավ:
Խորհրդարանական ընտրությունների հետ կապված պայքարը թեժանում է: Արդեն շտաբներ ու ավտոմեքենաներ են պայթեցնում, պատգամավորության թեկնածուներ սպանում, վիրավորում, ահաբեկում, ձերբակալում: Էական չէ, թե նախագահն այս ամենն ընդունում է ընտրությունների նորմալ գործընթացի սահմանում, էական է, որ հետո դիտորդները չեն ընդունի: Լույսի տակ հայտնված գեներալներին ձեռնտու չէ մասնակցել անօրինական ընտրություններին, եթե դրանք այնքան անօրինական լինեն, որ դրսում էլ իմանան այդ մասին: Ավելին, այս ընտրություններով 1996-ից սկսած Հայաստանը վերջապես հնարավորություն ունի որեւէ օրինական իշխանական մարմին ունենալ: Իսկ անօրինական ընտրությունները լայն հնարավորություն կընձեռեն շարունակելու հեղաշրջումների շարքը՝ միշտ էլ կգտնվի մի կիսափակ կուսակցություն, որը կարդարացնի նոր իշխանություններին եւ անբավարարված մարդկանց մի խումբ, որոնք արյուն կպահանջեն:
Քաղաքական անկայունության համար դաշտը պատրաստ է, եւ ճարպկամտությունն այժմ ոչ թե այդ դաշտը փորփրելն է, այլ՝ այն կայունության մոտեցնելը: Գեներալները դուրս են գալիս ստվերից, սակայն անկայունությունն է ավելանում:
Վազգեն Սարգսյանը, թերեւս, էլ հեղաշրջում չի անի: Նա արդեն երկուսն արել է ու տեսել, որ դրանից ոչ մի լավ բան չի ստացվում: Ռոբերտ Քոչարյանը նախ՝ դեռ բավականաչափ չի իշխել, հետո էլ՝ նրան անծանոթ է ինքն-իր-դեմ-հեղաշրջման տեր-պետրոսյանական խորամանկությունը: Սամվել Բաբայանը հայաստանյան իրողություններին միայն լսածով է ծանոթ, այլապես նա ընտրագրավները չէր դնի կուրորեն՝ սխալների փորձարկման մեթոդով:
Կարդացեք նաև
Սակայն դեռ մի գեներալ էլ ունենք, որը ստվերից դուրս է գալիս միայն օրաթերթերին դատի տալուց ու հետո կրկին անտեսանելի դառնում: Նրա փոխարեն (բայց ոչ նրա անունից) խոսում են դատախազներ, կուսակցություններ, նա ապատեղեկատվություն է տարածում ինչպես հանրապետության քրեա-քաղաքա-վեներական իրավիճակի, այնպես էլ 2000 տարի առաջ Իսրայելում կատարվածի մասին, ինչի պատճառով երկրի քաղաքական ղեկավարությունը զգայական՝ սակայն միայն նրա համար տրամաբանական, դեպի պերմանենտ հեղաշրջումների տրամաբանությունը տանող քայլեր է անում:
Cetero censeo Carthaginem esse delendam?
ԿԱՏՈՆ ԿՐՏՍԵՐ