Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանին ուր քարշ տաս

Մայիս 08,1999 00:00
caxrankar

Կարինե Հովհաննիսյանը 1982 թվականից աշխատում էր բանվորական կադրերի պատրաստման տեխնիկական դպրոցում՝ որպես քարտուղար-մեքենագրուհի։ Կարծես ամեն ինչ նրա համար եղել է բարեհաջող՝ աշխատանքային փոխհարաբերությունների առումով։ Կ. Հովհաննիսյանը ստացել է մինչեւ 6000 դրամ աշխատավարձ եւ գոհացել նրանով, որ աշխատանք ունի։

1996 թ. տեխնիկական դպրոցը ձեռք է բերում նոր կարգավիճակ՝ դառնում բաց բաժնետիրական ընկերություն (նախագահ՝ Վ. Վարդանյան)։ Կ. Հովհաննիսյանը 32 բաժնետոմսով դառնում է ԲԲԸ-ի լիիրավ անդամներից մեկը։ 1999 թ. հունվարին «Դ» կատեգորիայի պատրաստման դասընթացների համար (քաղաքացի Ա. Գրիգորյանի հետ առնչվող) ԲԲԸ-ի ղեկավարությունն առաջարկում է նրան՝ կատարել գործարք (98-ի մի հրամանագիր ձեւակերպել 99-ին), ինչին նա չի համաձայնում՝ լինելով ուսումնական մասի քարտուղար։ Լարվածություն է առաջանում, բնականաբար, տնօրինության եւ նրա միջեւ, ինչից խուսափելու նպատակով նա խնդրում է իրեն հունվարի 22-ից ուղարկել իր հաշվին արձակուրդ։ Այս արձակուրդն էլ դառնում է պատմություն, քանի որ հրավիրվում է արհկոմի եւ մի քանի մանկավարժների հավաք, որպեսզի գնահատական տրվի սույն արարքին։ Գնահատվում է այսպես. հաստիքների կրճատման մեջ են ընկնում Կարինե Հովհաննիսյանն ու ԲԲԸ-ի ղեկավարի զոքանչը՝ ուսումնական մասի հսկիչը։

Փետրվարի 12-ն էր մոտենում՝ ԲԲԸ-ի ընդհանուր ժողովը, որի հետ հույսեր էր կապում եւ Կ. Հովհաննիսյանը։ Սակայն այդ օրը բարի չի լինում. նա իմանում է, որ ազատվել է աշխատանքից՝ իբր սեփական դիմումի համաձայն։ Կարինեն պահանջում է իր այդ պատմական հրամանը, ինչը չկար։ Նա կարծում է, որ իրենից ազատվելու վերջնական որոշումը սկսվել է նույն այդ ժողովի ժամանակ, երբ ինքը ելույթ է ունեցել ԲԲԸ-ի ստվերային եկամուտների, վարձակալական հիմունքներով տրված մեքենաների մասին։ Ընդհակառակը, ժողովում «պարզվում» է, որ ԲԲԸ-ն աշխատում է վնասով։ Կ. Հովհաննիսյանը տեղեկանալով, որ հրաման չկա, դիմում է կրկին՝ աշխատանքի մեջ վերականգնվելու համար։ Գնում է նույնիսկ աշխատանքի (միջանցիկ տեղեկացնեմ, որ փետրվարի 22-ին Կարինեից բառացիորեն խլվում են գործավարությունը, բանալիները)։ Մարտի 3-ին «վերջապես» տրվում է նրա ազատման հրամանը, երեւի կռահեցիք՝ հետգրությամբ, փետրվարի 1-ով։ Սկսվում է դատական գործընթաց, Մաշտոցի տարածաշրջանային դատարանը մերժում է Կ. Հովհաննիսյանի հայցը՝ աշխատանքից իրեն ազատելու եւ վերականգնվելու կապակցությամբ, «դեռ մի բան էլ ավելի»՝ որպես «չվճարված պետտուրք» նրանից գանձում են 1000 դրամ։

Կ. Հովհաննիսյանն ասում է, պնդում, որ ինքը վերջնահաշվարկ չի ստացել, դատարանն ասում է, չէ որ չէ՝ ստացել ես (նշվում է՝ փետրվարի 2-ը)։ Չլուծված է մնացել նաեւ նրա բաժնետոմսերի եւ աշխատանքային գրքույկի ստացման հարցը։ Հա, իսկ հաստիքների կրճատման… վայրում էլ միայն Կարինեն չկա։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31