Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մայիս 08,1999 00:00
inqnaspan

Ցանկացած հրապարակում հիվանդագին է ընդունվում մայրաքաղաքից դուրս գտնվող դատարաններում։ Թեեւ առիթը բաց չի թողնվում, շեղվելով բուն նյութից խորհուրդներ տալ լրագրողներին։

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը դժգոհեց, որ հանրապետությունով մեկ եմ արել, թե գրապահարան է տեղափոխվել իր աշխատասենյակ։ Այդ պահին այնտեղ էի եւ եթե ծաղկաման կամ գրատախտակ տարվեր, ծաղկաման ու գրատախտակ պիտի գրեի։

Գրիգոր Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալների պաշտպանն իր պաշտպանական ճառը թողած «կոմենտարիաներ» արեց ընդհանրապես այդ գործի հետ կապ չունեցող իմ հրապարակումների մասին, իսկ դատարանի դահլիճից դուրս ինչ-որ հավաքված մարդիկ «խորհուրդներ» էին տալիս՝ ինչի մասին գրել։ Ընդհանրապես, դատական քննությունները լուսաբանող լրագրողներիս վիճակը դժվարանում է, երբ երեսպաշտությանը գումարվում են ուժի դիրքերից խոսողների բազմության, մեղմ ասած, ահաբեկումները։ Ի՞նչ անենք. թիկնապահներո՞վ ներկայանանք դատարաններ, բա ձեր հրապարակայնությո՞ւնը, բա բացախոսությունն ի՞նչ եղավ։

Ավարտվե՞ց

1998-ի մարտի 8-ին իր տան դիմաց սպանվեց Էջմիածին քաղաքի բնակիչ Գրիգոր Մկրտչյանը։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Այդ քրեական գործը նախ լսվեց Էջմիածնի նախկին ժողդատարանում, տուժող կողմի բացակայությամբ, հասավ Վճռաբեկ դատարան եւ թվում է, թե վերջ կտրվի, վերջապես կավարտվի, քանի որ առաջին ատյանի դատարանը (նախագահող Տ. Պետրոսյան) երեկ անցավ մեղադրական, պաշտպանական ճառերի ունկնդրմանը, եւ վերջապես, լսեց ամբաստանյալներ Արմեն Աբրահամյանի եւ Հարություն Ղազարյանի վերջին խոսքերը։ Տուժող կողմի պաշտպան Վ. Ասրյանը նախ պահանջեց գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության, որը գնահատական կտա սպանությանը մասնակից յուրաքանչյուրի գործողություններին։ Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց տուժող կողմի բազմաթիվ դիմում-բողոքների վրա, որը լռության է մատնվել վերադաս ատյանների կողմից։ Վ. Ասրյանի պահանջն այն էր, որ գործով անցնող զենքերը հայտնաբերվեն, ինչը չի արվել մինչեւ օրս։ Տուժողի հայրն իր հերթին ասաց, որ իր որդուց հետո ինքն ու իր ընտանիքը կրկնակի են սպանվել։ Գրիգորի կինը՝ Շնորհիկ Խաչիկյանը, հանդես եկավ հայտարարությամբ, որով եւս պահանջեց գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

Ամբաստանյալների պաշտպան Սիլվա Բաղումյանը գնահատելով մեղադրող Աշոտ Մկրտչյանի մեղադրական ճառն, ասաց. «Համարյա թե մեղադրական եզրակացության կրկնություն էր», եւ պահանջեց դատարանից գնահատել «նախաքննական մարմնի դիտավորությունները», մասնավորապես այս գործը քննող քննիչի նկատմամբ։

«Դատարանը պետք է հավատա մեղադրվող կողմին»,- ասաց նա եւ սակայն, քիչ հետո, երբ հարցն առնչվում էր գործով անցնող վկա Ա. Միրոյանին (որը նախկինում 10 տարի դատապարտված է եղել) ասաց. «Գնահատեք, թե ո՞վ է ասողը, ո՞վ է նա»։ Նա իր պաշտպանյալներից՝ Հ. Ղազարյանի համար պահանջեց. արդարացնել նրան, իսկ Ա. Աբրահամյանի գործողությունները դիտել ինքնապաշտպանության սահմանների անցումով կատարված արարք։ Վերջին խոսքի ժամանակ Ա. Աբրահամյանն ասաց, որ «ոչ մի կենդանի վկա» չի հայտնվել, որ ապացուցի, թե Գրիգորին ինքն է սպանել, եւ ապա՝ «Ես սպանել եմ. ի՞նչ պայմաններում։ Ոչ ոք իմ վրա ցուցմունք չի տվել»։ Հ. Ղազարյանը հրաժարվեց իր վերջին խոսքից։ Պետական մեղադրող Ա. Մկրտչյանն առաջարկեց՝ երկուսի համար մինչեւ 11 տարի ազատազրկում։ Դատավորն անցավ (անցա՞վ- Ռ. Մ.) խորհրդակցական սենյակ, չմոռանալով ասել. «Եթե 18։00-ին չեկա»… կգաք իմ հետեւից։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31