Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԿՈՒՆ, ԲԱՅՑ ՉՊԱՅԹՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Մայիս 08,1999 00:00
krak

Հայաստանում առողջության պահպանման քաղաքականության զարգացմանը նվիրված ազգային գիտաժողովին, ինչպես ասաց ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը, հրավիրված էին «մարդիկ, որոնցից, մեր կարծիքով եւ ոչ միայն մեր կարծիքով, կախված է» առողջության պահպանման հարցերի բարելավումը։ Հրավիրված էին իսկապես բոլորը, որոնցից այս առումով շատ բան է կախված, սակայն ներկա էին ոչ բոլորը։

Առողջապահության նախարարն ըմբռնումով մոտեցավ ֆինանսների եւ էկոնոմիկայի, ՆԳ եւ ԱԱ, պաշտպանության, տրանսպորտի, ԱԳ, սոցիալական ապահովության, կրթության եւ գիտության նախարարների, Սահմանադրական դատարանի նախագահի, ԳԱԱ պրեզիդենտի (թող ներեն այն բացակաները, որոնց չմտապահեցինք) բացակայությանը։ Վկայակոչելով նրանց զբաղվածությունը, նրանցից շատերն իրենց փոխնախարար ներկայացուցիչներին էին ուղարկել, սակայն, մեր կարծիքով, այս՝ ավելի շատ խորհրդանշական գիտաժողովին էր հենց անհրաժեշտ նրանց մասնակցությունը։ Քանի որ առողջապահական նոր քաղաքականությունը, որը որդեգրում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ենթադրում է ՀՀ բոլոր գերատեսչությունների, հատկապես նախարարությունների ոչ թե տեղեկացվածությունն այս խնդրում, ոչ էլ ներկայությունը նման գիտա-համաժողովներին, այլ ամենօրյա տքնաջան համակարգված աշխատանքը։ Ի դեպ, այս գիտաժողովի ռազմավարական խնդիրների շարքում կար հետեւյալ կետը. «Ստեղծել ազգային միջգերատեսչական հանձնաժողով, որը կհաստատվի ՀՀ ԱԺ-ի կողմից եւ կհամակարգվի ՀՀ կառավարության կողմից»։ Համենայն դեպս, այդպես գրված էր։

Գիտաժողովին մասնակցեցին ոչ միայն առողջապահական համակարգի մայրաքաղաքային եւ մարզային ներկայացուցիչներ, այլեւ ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման, բնապահպանության, արդարադատության նախարարները, Առողջապահական համաշխարհային կազմակերպության խորհրդականներ, զանազան երկրներում կապերի եւ կոորդինացման գրասենյակի ղեկավարներ եւ իհարկե ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Ջո Էրիկ Ասվալը։ Վարչապետն առողջապահությունը համարեց ավելի շատ սոցիալական ոլորտ, իսկ առաջնային առողջապահությունը՝ պետության ուշադրության առարկա։

ԱՀԿ-ի «Առողջապահություն բոլորի համար» (եւ ոչ միայն այդ, մենք կասեինք նաեւ՝ առողջապահություն բոլորի ուժերով) կարգախոսն է ընկած առողջապահական նոր քաղաքականության հիմքում։

Այս մասին «Առավոտը» բազում անգամներ գրել է եւ առաջիկայում էլ կանդրադառնա դրան։ Այս գիտաժողովին հնչած ելույթից ուզում ենք առանձնացնել առողջապահության նախարարի գնահատականը՝ տրված իրենց իսկ պլանավորած ցուցանիշներին եւ նախանշած ժամկետներին՝ «համարձակ, շատ համարձակ, մի քիչ համարձակ»։ Մեր այն հարցին, թե արդյոք այդ բնորոշումներով պրն Նիկողոսյանն իրեն ապահովագրում է հետագա հնարավոր (թու-թու-թու.- Ա. Գ.) ձախողումներից, նախարարը բացասաբար պատասխանեց։ Նաեւ ասաց, որ իրենց ծրագրերն իրատեսական են։ Գիտաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ջո Ասվալն ասաց, որ մեր (ավելի շուտ՝ իրենց – Ա. Գ.) ուշադրությանը ներկայացված փաստաթուղթը համապատասխանում է ԱՀԿ ստանդարտներին, եւ ինքը բարձր է գնահատում այն։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երկու օր առաջվա հանդիպման արդյունավետության մասին մեր հարցին պրն Ասվալը բավական երկար պատասխան տվեց։ Դրանից կարեւորում ենք այն, որ ՀՀ նախագահը համաձայնել է ԱՀԿ-ի հիմնադրույթներին։

Առաջ չանցնենք եւ մի քիչ էլ պատմենք գիտաժողովից։ ԱՀԿ տարածաշրջանային խորհրդատու Միկկո Վիենոնեն իր ելույթի ժամանակ փորձեց ակնառու կերպով բացատրել ցանկացած բնագավառում քաղաքականության համակարգիչ դերի նշանակությունը։ Իր ձեռքի մատիտների խրձից առանձնացնելով մեկը՝ նա ցուցադրեց այն կանգնեցնելու անհնարինությունը։ Նույն բախտն էր վիճակված նաեւ ամբողջ խրձին։ Այդ ժամանակ պրն Վիենոնենի ձեռքին մի ռետինե փոքրիկ օղակ հայտնվեց՝ «փոքր, ճկուն»՝ ինչպես բնորոշվեց. «Ա՛յ, սա իմ քաղաքականությունն է»,- հայտարարեց նա եւ պատրաստվեց այդ «քաղաքականությամբ» կանգնեցնել մատիտների խուրձը։ Ռետինե օղակը հավանաբար «ճըլըտոց»-ով (ելույթ ունեցողը հեռու էր կանգնած), բայց պայթեց։ Համընդհանուր ծափահարությունների ներքո պրն Վիենոնենը ձեռքը գրպանը տարավ՝ թե. «Էլի ունեմ, «քաղաքականություն», էլի ունեմ»։ Իսկապես ուներ։

Գիտաժողովի քննարկման հատվածը աչքի չէր ընկնում աշխուժությամբ. մեր առողջապահական համակարգից ոչ մի աշխատող ոչ մի հարց չուներ ու ելույթ էլ չունեցավ, բացառությամբ նախկին նախարարներ Էմիլ Գաբրիելյանի եւ Միհրան Նազարեթյանի։ Խոստացվեց, որ նրանց դիտողությունները հաշվի կառնվեն փաստաթղթի վերջնական մշակման ժամանակ։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31