Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՍ ՁՄԵՌ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ ԷՐ»

Մայիս 08,1999 00:00
artahanum

Այդպես է կարծում մեկ տարեկան կառավարությունը

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ կառավարությունը ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները։ Առանց չարախնդության որեւէ նշույլի ասենք՝ ոչ ոք չէր էլ կասկածում, որ ամփոփիչ փաստաթղթում տնտեսական աճ կարձանագրվի։

Հենց այդպես էլ գրված է. «1999 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանձնացավ առավել ցածր տնտեսական աճով»։ Այսինքն՝ ցածր, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ աճ կա։ Մինչ աճի արձանագրման մեխանիկային անդրադառնալը առաջարկում ենք ընթերցել եւս մեկ մեջբերում. «1999 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմել են 35,3 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ՝ նվազելով 3,1%-ով»։ Այս մի փաստին էլ ոչ ոք չէր կասկածում։ Պաշտոնապես այն բացատրվում է մոտավորապես հետեւյալ ձեւակերպմամբ. «Շարունակվել է ռուսական ճգնաժամի ազդեցությունն, ինչպես արտաքին, այնպես էլ հայաստանյան շուկաների վրա»։ Իրականում հնարավոր է, որ այլ պատճառներ էլ կան։ Կառավարության հնարավոր հրաժարականի մասին լուրերը չէին կարող անհետեւանք մնալ։ Մարդկայնորեն խիստ հասկանալի է՝ իր հրաժարականի մասին լսող մարդու աշխատանքի արդյունավետությունն ընկնում է։ Սա հասկանալու համար փսիխոթերապիայի խոր գիտելիքներ պետք չեն։ Հենց այս պատճառով, օրինակ, Բ. Ելցինը Չուբայսին, Նեմցովին, Չեռնոմիրդինին, անգամ՝ Կիրիենկոյին աշխատանքից արձակելուց առաջ հրապարակավ մի քանի անգամ պնդում էր, որ նման մտադրություն չունի։ Ճիշտ է, հետո մամուլը հիշեցնում էր այս փաստը, ակնարկում, որ Ելցինն իր խոսքի տերը չէ։ Բայց բոլորը հասկանում էին, որ հնարավոր կադրային փոփոխություններ նախապատրաստելիս ղեկավարը այդ մասին ստորադասին տեղյակ պահելու «իրավունք չունի»։ Հանուն նույն այդ աշխատանքի արդյունավետության։

Զգալիորեն (մոտ 5 մլն դոլարի չափով) նվազել են արտահանումների ծավալները։ Կառավարությունը պաշտոնապես նշում է, որ «արտահանման աճի տեմպի նվազումը սկսվել է 1998 թ. մայիս ամսից»։ Այսինքն՝ հենց իր աշխատանքի անցնելու պահից։ Բացառիկ (թե՞ ակամա) ազնվություն է։ Թե չէ արդեն հաշտվել էինք, որ ամեն ինչ ռուսաստանյան ճգնաժամով է բացատրվում։

Մոտ 10%-ով (18 մլն դոլարի չափով) կրճատվել են նաեւ ներմուծումները։ Նշանակում է, որ թե՛ տնտեսությունը, թե՛ բնակչությունն առնվազն 10%-ով պակաս գնողունակ են դարձել՝ անցած տարվա հետ համեմատած։ Արտահանման ծավալների վիճակագրության մեջ ամենատհաճ փաստն այն է, որ ԱՊՀ երկրներ արտահանումը կրճատվել է մոտ 2 անգամ։

Տնտեսական այս բավական անհաջող պայմաններում ազգային դրամին հաջողվում է կայուն կուրս պահպանել։ Սա զուտ Կենտրոնական բանկի կոշտ քաղաքականության հետեւանքն է։ 15 մլրդ 160 մլն-ի չափով նվազել է դրամական բազան։ Կոպիտ ասած, դրամը չի արժեզրկվել, որովհետեւ շրջանառության մեջ չի եղել։ Չեղած բանը արժեզրկվել չէր կարող։

Վերադառնանք աճի մեխանիկային։ Նախ՝ պաշտոնական կարծիքը. «ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության համախառն արտադրանքի եւ կապիտալ շինարարության ծավալների… աճով»։ Կառավարությանը հաջողվել է հունվար, փետրվար, մարտ ամիսներին գյուղատնտեսության ու շինարարության հաշվին աճ ապահովել։ Այդ ամիսները ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ շինարարության համար «սեզոն» չեն։ Ոչ մի իրեն հարգող գյուղացի, գոնե հունվար-փետրվարին վարուցանք չի անում, ո՞ւր մնաց, թե բերք ստանա։ Պատկերացրեք, թե ի՜նչ աճ ենք ունենալու բերքի սեզոնին։ ՀՆԱ-ն հաստատ հասած նռան պես ճաքելու է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31