Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆինանսական մացառուտներում

Մայիս 08,1999 00:00

1994-ի սեփականաշնորհման ծրագրի արդյունքում հանրապետության բնակչության 95%-ը դարձավ (թե՞ համարվեց) սեփականատեր։ Սա աներեւակայելի ցուցանիշ է։ Շվեդիայում, օրինակ, նույն թիվը 40%-ի սահմաններում է։ «Հոմոսովետիկուսը» հոգեբանորեն պատրաստ չէ իրեն սեփականատեր զգալու. իր բնակարանի, հողակտորի սեփականատեր։ 1994- 98 թթ. սեփականաշնորհվել են 1460 խոշոր, 6620 մանր օբյեկտներ։ Վաուչերային սեփականաշնորհումից հետո հայտնվեց արժեթուղթ տերմինը։ Այս ընթացքում բնակչության կենսամակարդակը կտրուկ ընկել էր եւ մարդիկ հասցրել էին վաճառել իրենց վաուչերները (եւ ոչ միայն վաուչերները)։ Օգտվելով աշխատողների ոչ բավարար տեղեկացվածությունից, շատ ձեռնարկությունների տնօրեններ հաջողացրին յուրացնել նրանց մասնաբաժինը։ Աշխատակիցները փաստաթղթեր էին ստորագրում՝ հաճախ չիմանալով դրանց բովանդակությունը եւ իրավական հետեւանքները (ինչպես, օրինակ, Երեւանի կաթի գործարանում)։

Քաղաքական եւ տնտեսական խառնաշփոթ վիճակից հապշտապ օգտվեցին նաեւ արտասահմանյան ներդրողները։ Վերջին մեկ-երկու տարում արտասահմանյան խոշոր գործարարներն ու կազմակերպությունները ձեռք են բերում առայժմ շահույթով աշխատող ձեռնարկությունները։ Օրինակ, կոնյակի գործարանը, «ԱրմենՏելը», երեւանյան հյուրանոցները։ Սա՝ լավագույն դեպքում։ Կա եւս մեկ՝ խիստ վտանգավոր տենդենց։ Արտասահմանցի ներդրողները ձեռք են բերում նաեւ ֆինանսական դժվարություններ ունեցող ձեռնարկությունների արժեթղթեր։ Մասնակի սեփականատեր դառնալով, նրանք գումարներ են ներդնում՝ նախօրոք վստահ լինելով, որ տվյալ ձեռնարկությունը արտադրություն կազմակերպելով, հետո ի վիճակի չի լինելու իրացնել պատրաստի արտադրանքը։ Հաճախ հենց իրենք էլ «հոգ» են տանում այդ մասին՝ նախօրոք հանրապետության շուկան հագեցնելով արտասահմանյան արտադրանքով։ Հետո ձեռնարկությունը ի վիճակի չի լինում կատարել իր պարտավորությունները ներդրողի հանդեպ։ Այդ ժամանակ ներդրողը պահանջում է իրեն հասանելիք գումարը վերադարձնել արժեթղթերով։ Նման կերպ դառնալով ձեռնարկության հսկիչ ծրարի տեր, նրանք փոխում են գործադիր ղեկավարությանը։ Հետո արդեն հստակ պարզվում է, որ ներդրողը ձեռնարկությունը վերագործարկելու նպատակ չունի։ Նա պարզապես շուկայից հեռացնում է իր մրցակցին։ Ինչպես նաեւ շատ էժան ձեռք է բերում որոշ հաստոցներ ու հումք իր արտասահմանյան (եւ իրական շահույթ ապահովող) ձեռնարկության համար։

Երեւանի ֆոնդային բորսայում հրաժարվեցին նշել, թե որ ձեռնարկություններն են այս մեթոդներով ձեռք բերվել «գրոհային ներդրողների» կողմից, սակայն չժխտեցին, որ նման փաստեր կան։ Այս պրոցեսին, բնականաբար, նպաստում է նաեւ այն փաստը, որ մեր ձեռնարկությունների տնօրենների զգալի մասը չի տիրապետում արժեթղթերի հետ բորսայական, «զուտ կապիտալիստական» մեթոդներին։ Արդյունքում՝ հանրապետության արտադրական համակարգը դատապարտված է չաշխատելու։ Իսկ բանվորական ու տեխնիկական որակյալ աշխատուժը իր հաստոցների կողքին կանգնելու փոխարեն կանգնած է տոնավաճառների սեղանիկների կողքին։ Կանգնած է եւ վաճառում է պարսկական ու թուրքական արտադրության ապրանքներ։

ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31