Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՌԱՑԻՈՆԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԷԺԱՆԱԳԻՆ ՄԵԹՈԴ Է»

Մայիս 08,1999 00:00
Jirayr Liparityan

Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը AIM-ամսագրին։

-Ձեր հրաժարականի օրերին բամբասանքներ էին շրջում, որ դուք հեռանում եք՝ տեղի տալով կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Հայաստանի ներքին ընդդիմությանը։ Այդպե՞ս է։

-Իհարկե՝ ոչ։ Ես Հայաստան գնացի վեց ամսով, մնացի յոթ տարի։ Ես քաղաքական ամբիցիաներ չունեի եւ չէի սիրում պաշտոնականությունը։ Յոթ տարին ավելին է, քան ի վիճակի էի։ Հրաժարական եմ տվել՝ կրկին ընտանիքիս հետ լինելու համար։ Պրոբլեմն այն է, որ ճշմարտությունը, որպեսզի արժանահավատ լինի, պետք է լինի նաեւ ճշմարտանման։ Ես հասկանում եմ, որ մի միջավայրի համար, որը սիրում է ինտրիգներ եւ իշխանություն, իմ պատճառաբանությունը չափազանց պարզ էր հնչում։

-Ձեր դերը մասնավորապես, եւ ղարաբաղյան բանակցություններն ընդհանրապես, անձնավորվել են այնպիսի անձանց կողմից, ովքեր աջակցել են այդ գործընթացին, որի մեջ ընդգրկված էիք, բայց հատկապես այնպիսի անձանց կողմից, ովքեր չեն աջակցել։

-Հիմնականում ճիշտ եք։ Ոմանց համար ավելի հեշտ է քաղաքականության նկատմամբ իրենց հակադրությունն անձնավորելը, հասարակության մեջ անբարեհաճություն ու անվստահություն սերմանելը նրանց հանդեպ, ում քաղաքականությանն իրենք համաձայն չեն։ Ոմանք ավելի վարպետ են ընդդիմախոսին ապամարդկայնացնելու գործում, քան թե պրոբլեմի տարբեր լուծումներ քննարկելու մեջ։ Քննադատության մեծ մասը հիմնված է իրական գործընթացների եւ առկա փաստաթղթերի անտեսման վրա։ Դա գալիս է մեր հակառակորդների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործակցելու, նրանց ուղղակիորեն իբրեւ հարեւան եւ ապագա գործընկեր դիտելու մեր քաղաքականության հանդեպ ռեֆլեկտիվ հակազդեցությունից։ Այս երեւույթը ես հանգամանորեն քննարկել եմ իմ «Պետականության մարտահրավերը» գրքում, ուր գտնում եմ, որ Հայաստանի վերջին իրադարձությունների մեծագույն պատճառը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման այլընտրանքների շուրջ լուրջ բանավեճի բացակայությունն է։

Նման բանավեճ պետք է ծավալվեր հատկապես նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած նախագահական ընտրարշավի ընթացքում։ Այդ բանավեճը տեղի չունեցավ. միայն մի խումբ մարդիկ էին տեղյակ 1997-ի սեպտեմբերի այն առաջարկի մանրամասներին, որը հանգեցրեց Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականին, բայց գրեթե յուրաքանչյուր ոք վստահ է, որ այն վատն էր։ Դա ճիշտ լինի, թե՝ սխալ, այնուամենայնիվ, ժողովուրդը, որի անունից բոլորը խոսում են, այդ գործընթացին մաս չի կազմել։ Քաղաքականության անձնավորումը ռացիոնալ քննարկումներից խուսափելու էժանագին, սակայն, հավանաբար, արդյունավետ մեթոդ է։

-Ինչպե՞ս եք բացատրում այդ հարցերի շուրջ որեւէ լուրջ քաղաքական կամ ինտելեկտուալ բանավեճի բացակայությունը։ Նախագահը մամուլի ասուլիս է տալիս Հայաստանի քաղաքականության մեծագույն հարցի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, միեւնույն նյութի մասին երկարաշունչ մի հոդված է գրում, եւ նրա բարձրացրած հարցերի մասին գրեթե որեւէ էական բան չի ասվում։

-Հայաստանում, սակայն, շատ ավելի շատ Սփյուռքում, քաղաքական խոսակցությունը գաղափարախոսականացված է։ Ծայրահեղական դիրքորոշումներն ընդունված են իբրեւ նորմա, բանավեճը բաղկացած է պարզամիտ այն գաղափարախոսության զոհասեղանին մշտական տուրք մատուցելուց, որը կայանում է աշխարհը բարեկամների ու թշնամիների բաժանելու եւ ապա թշնամուն ապամարդկայանացնելու մեջ։ Հատկապես Սփյուռքում մտային վախ գոյություն ունի հարցերին այլ կերպ մոտենալու կամ այլընտրանքային վերլուծություններ առաջադրելու նկատմամբ։ Եթե մեկը «թուրքի» հանդեպ ատելությունն իբրեւ գաղափարախոսության կամ քաղաքականության հիմք ընդունելուց զերծ է մնում, անմիջապես պիտակավորվում է որպես սրիկա կամ դավաճան։ Գաղափարախոսությունները՝ լինեն ազգային, թե որեւէ այլ տեսակի, խնդիրներ չեն լուծում, առնվազն ոչ այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանում կամ Ղարաբաղում մեր ժողովրդի առջեւ։ Մեծ պայքարն, ինչպես բացատրում եմ իմ գրքում, ընթանում է մեր ժողովրդի համար նորմալ գոյավիճակի որոնման վրա հիմնված քաղաքականության եւ որոշ առաջնորդների մտքում եղած գաղափարախոսականացված աշխարհայացքի միջեւ. առաջնորդների, որոնք կուզենային հայ ժողովրդին տեսնել ծառայելիս մի «իդեալի», մի ինչ-որ բարձրագույն տեսիլքի՝ անշուշտ, իրենց սեփական ճաշակով սահմանված։

-Ձեր գրքում դուք քննարկե՞լ եք Հայաստանի քաղաքական մշակույթը կամ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական ճակատագրի փոփոխության հարցը։

-«Պետականության մարտահրավերը» հիմնականում Հայաստանի, ինչպես նաեւ Սփյուռքի քաղաքական մշակույթի վերաբերյալ իմ անձնական տեսակետն է։ Այնտեղ հարցեր են արծարծվում, որոնք ինձ հետաքրքրել են երկար ժամանակ, Հայաստանում աշխատելուցս շատ ավելի առաջ, ինչպես նաեւ հարցեր, որոնք ծագել են անկախության նվաճմանը զուգընթաց։ Այն, փաստորեն, քննարկում է կուսակցությունների ու առաջնորդների դիրքորոշումների մեջ առկա պարադոքսներն ու ակնհայտ հակասությունները, երբ դրանք բախվում են Ղարաբաղի հիմնախնդրի եւ անկախության հետ։

Օրինակ, ես հարց եմ տալիս, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ քաղաքական կուսակցությունները, որոնք Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականն էին պահանջում այն պատճառով, որ վերջինս մերժում էր ճանաչել 1992-ի ամռանը Ղարաբաղի անկախության միակողմանի հռչակումը, նույն պահանջը չեն ներկայացնում եւ նույնիսկ այդ հարցը չեն բարձրացնում, երբ իրենց ղեկավարներն այժմ վարչակազմի մաս են կազմում։ Ինչպե՞ս է պատահում, որ 1988-ի աշնանը Սփյուռքի քաղաքական երեք կուսակցությունները դատապարտում են Ղարաբաղ կոմիտեն՝ հաջակցություն Ղարաբաղի իրավունքների գործադուլները պաշտպանելու համար, քանի որ դա կարող էր վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանն ու Մոսկվայի հետ հարաբերություններին, սակայն նրանցից գոնե երկուսն այժմ մաքսիմալիստական դիրքորոշում են որդեգրել եւ հանուն այդ մաքսիմալիստական դիրքորոշման ենթարկվում են ամեն բան կորցնելու վտանգին։ Նման հարցերի ցանկը շատ մեծ է։

Այժմ ձեր հարցի երկրորդ մասի վերաբերյալ. ես գրքի մեջ քննարկում եմ Լ. Տեր-Պետրոսյանին ոչ թե իր անձնական կարիերայի, այլ իր քաղաքականության կոնտեքստում, բացի նրա հրաժարականի հանգամանքներին վերաբերող հատվածից։ Այդ վերջին հարցի իմ ընկալումը տարբերվում է հարցի շուրջ առկա առօրյա իմաստնությունից։ Որեւէ մեկի կողմից անիրատեսական կլիներ այն ակնկալությունը, թե համաժողովրդական շարժման որեւէ առաջնորդ, որը դառնում է անկախ պետության նախագահ, երկար ժամանակ պահպաներ իր ժողովրդականությունը։ Հիշեցեք, այն երկիրը, որ նա էր ղեկավարում, հենց նոր էր անջատվել մի կայսրությունից, որի տնտեսությունը կործանված էր։ Դա ցամաքով շրջապատված երկիր է, որը պետք է պատերազմի մասնակցեր՝ պաշտպանելու համար Ղարաբաղի հայության շահերը, եւ պետք է ապրեր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմանի ներքո։ Տեր-Պետրոսյանը, փաստորեն, երկիրը ղեկավարել է մեկ տասնամյակ։ Սակայն Հայաստանում առկա հանգամանքներում մեկ տասնամյակը ավելի նման էր պատմագիտությանն արժանի մի քանի տասնամյակի։ Հիշեցեք, թե քանի հատոր պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը հարկ ունեցավ գրելու՝ ամփոփելու համար Առաջին Հանրապետության երկուսուկես տարին։

Լ. Տեր-Պետրոսյանն այդ նույն ժողովրդին կառավարեց տասը տարի։ Կարծում եմ՝ ժամանակի հետ նվաճումների գնահատումը կհեշտանա։ Իմ գիրքն արծարծում է մի շարք հարցեր ու քաղաքականություններ, սակայն չի փորձում տալ այդ գնահատականը։

-Հայաստանում ի՞նչն է ավելի հարգի. քաղաքական կուսակցություննե՞րը, թե՞ մտավորականությունը։

-Ես չեմ կարող խոսել Հայաստանում մտավորական դասակարգի մասին։ Կան բազմաթիվ պայծառ մտածողներ ու լրագրողներ, սակայն նախկին մտավորականության ստվերի տակից դեռեւս դասակարգ չի ձեւավորվել։ Հայաստանում մտավորական բառը կարծես միտում ունի կապվելու անցյալի էլիտար խմբի հետ, որը կորցրել է ԽՍՀՄ իշխանության օրոք իր ունեցած արտոնյալ դիրքը՝ առանց կորցնելու արտոնվածության իր զգացումը։ Մինչ ոմանք ընդունեցին անկախությունն ու բարեփոխումները եւ փորձեցին հարմարվել նոր իրականությանը, ուրիշներն իրենց ողջ եռանդն ու հանրաճանաչությունն ի գործ դրեցին՝ ջանալով վերանվաճել իրենց նախկին արտոնությունները՝ միշտ խոսելով ժողովրդի անունից։

Մտավորականից ակնկալվում է հարցումներ հարցնել (մյուսները՝ ներառյալ քաղաքական գործիչները, ժամանակ ու հակում չունեն հարցնելու), նոր տեսակետներ ներկայացնել անցյալի ու ապագայի մասին, նոր ըմբռնումներ ներկայի մասին։ Օրինակ, չպե՞տք է մի լավ հետազոտություն կատարվեր անցած 70 տարիների եւ տնտեսության, սոցիալական կառույցների ու արժեքների վրա համակարգի ունեցած ազդեցության, քաղաքական կուլտուրայի, եւ ներկայիս հասարակությունը կազմող հաստատությունների վերաբերյալ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը հո հանկարծ չհայտնվեցի՞ն քարտեզի վրա՝ գոյանալով ոչմիտեղից։ Հնարավո՞ր է, որ կոռուպցիան ծագած լինի անկախության հաջորդ առավոտյան, եւ Ղարաբաղ կոմիտեի՞ հետ, կամ նույնիսկ նրանց պատճառո՞վ։ Գոյություն չունե՞ն արդյոք Հայաստանի ինքնության եւ ապագայի վերաբերյալ տարբեր տեսակետներ։

Հին մտավորականությունը ձեռնամուխ չեղավ այդ խնդրին։ Նոր մտավորականությունը դեռեւս պետք է գա, չնայած, ինչպես ասացի, կան պայծառ ու խիզախ ուղեղներ ինչպես հին, այնպես էլ նոր սերունդների մեջ։

Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին, ես չեմ կարծում, թե Հայաստանի ժողովուրդը նրանց նկատմամբ որեւէ հավատ ունի։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը որեւէ առնչություն չունի կուսակցությունների հետ, իսկ կուսակցություններն իրենք գրեթե ոչինչ չեն արել՝ փարատելու համար «կուսակցություն» գաղափարի հանդեպ ժողովրդի մեջ տարիներ շարունակ արմատավորված անվստահությունը, որն արդյունք էր Կոմունիստական կուսակցության իշխանության։

-Փոխակերպումներ դեռեւս հնարավո՞ր են։ Արդյո՞ք «բռնոցի-պպզոցիի» պես մի խաղի հետ գործ ունենք։ Մենք տեսանք, ինչպես երկրապահներն անջատվեցին ՀՀՇ-ից։ Դա ամբողջապես կամայի՞ն է։

-1988-ին Շարժումը սկսելուց հետո մշտապես փոխակերպումներ են եղել։ Ես զարմացած էի՝ տեսնելով այդքան երկար ժամանակ, դժվարագույն պայմանների առկայությամբ, Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ-ի միավորված մնալը։ Երբ որոշ պրոբլեմներ լուծվում են եւ այլ պրոբլեմներ են ի հայտ գալիս, ղեկավարներն իրենց մտածողությունն առաջ են տանում, եւ տարաձայնություններ են գոյանում, հատկապես, երբ նրանք իշխանության են գալիս։ Սա բավական նորմալ, նույնիսկ առողջ երեւույթ է։ Այլընտրանքային տեսակետներն ու լուծումներն անհրաժեշտ են հասարակության եւ պետության համար։

Սակայն վտանգավոր է դառնում, երբ տարբերությունները եւ տրված հնարավորությունների միջեւ կատարվող ընտրությունները ներշնչվում են անձնական համակրանքներով ու հակակրանքներով, անձնական հավակնություններով ու վրեժխնդրությամբ։ Ընտրական կոալիցիաները նույնպես վախենալիք երեւույթ չեն, քանի դեռ հիմնված են հայացքների ընդհանրության եւ ղեկավարների կողմից միասին գործելու ունակության վրա։ Օրինակ, ես հասկանում եմ Կարեն Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցության հետ երկրապահների համագործակցումը. կարծում եմ՝ նրանք երկուսն էլ դեմ են մեծ օբյեկտների սեփականաշնորհմանը։ Վստահ չեմ սակայն, որ նրանց կարծիքները կհամընկնեն Ղարաբաղյան հակամարտության հարցում։

-«Լը Մոնդ» թերթը ճի՞շտ էր. 1998-ի փետրվարին կատարվածն իրո՞ք իրենից ներկայացնում էր հեղաշրջում հանուն ոչնչի։

-Հավանաբար։ Ես դեռեւս չգիտեմ։ Այն ժամանակ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը վստահ էր, որ որոշ բաներ նախագահ Տեր-Պետրոսյանից տարբեր կամ ավելի լավ անելով, կարող է առաջացնել նշանակալի տնտեսական աճ՝ բավարար ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման համար՝ առանց խաղաղության պայմանագրի կամ այնպիսի խաղաղության պայմանագրով, որը հայկական կողմին ավելին կտա, քան առաջարկված էր 1997-ի սեպտեմբերին։

«Լը Մոնդի» հոդվածագիրը Երեւան էր այցելել նախագահական նոր ընտրություններից հետո եւ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փնտրել էր փոփոխության նշույլներ եւ առանձնապես չէր կարողացել գտնել։

Ձեր հարցի պատասխանը կտրվի ժամանակի ընթացքում։ Նախագահ Քոչարյանը կարո՞ղ է ապացուցել իր տեսակետը։ Ես համաձայն չեմ նրա տեսակետներին ու վերլուծություններին։ Հնարավոր է, որ նա ճիշտ լինի, սակայն դա պետք է ապացուցվի։ Չեմ կարծում, թե արդեն ապացուցվել է։ Չեմ կարծում նաեւ, թե կարելի է հավերժորեն սպասել՝ դա հասկանալու համար։ Մի բանում վստահ եմ. եթե նախագահ Քոչարյանն ապացուցելու է, որ ինքը ճիշտ է, իսկ «Լը Մոնդը»՝ սխալ, նա պետք է ստանա այն ողջ աջակցությունը, որ կարող է ստանալ, մասնավորապես նրանց կողմից, ովքեր օժանդակեցին Տեր-Պետրոսյանի դեմ նրա գործողություններին եւ, իբրեւ նախագահ, իր ընտրությանը։ Այսպիսի խորհրդականների առկայությունը, որոնք նրան պաշտոնանկ անելու միջնորդագիր են ստորագրում կամ նրա դեմ փողոցներում ցույցեր կազմակերպում, ճիշտ ուղղությամբ ընթացք չի մատնանշում։ Նախագահի հետ չհամաձայնելու մեջ վատ բան չկա, սակայն, մնալով պաշտոնին, հանրայնորեն այդ անելը օժանդակություն ցույց տալու արտառոց ձեւ է եւ միասնականության տարօրինակ դրսեւորում։

Տպագրվում է կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31