Արձագանքելով «Լոռեցիները դեպի խորհրդարան» հրապարակմանը, մի լոռեցի հարկ համարեց զանգահարել խմբագրություն եւ հայտնել մի քանի այլ մանրամասներ եւս։ Խոսքը Լոռու մարզի 52 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկի մասին է։ Հիշեցնեմ, որ այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված է պատգամավորության 14 թեկնածու։ Նրանցից մեկն էլ Ալավերդու քաղաքապետ Վախթանգ Լալայանն էր։ Սակայն պարզվեց, որ դեռեւս ապրիլի 15-ին, թեկնածու առաջադրվելու նպատակով, քաղաքապետը հրաժարական է տվել իր պաշտոնից։ Հրաժարական տրվել է, սակայն շուտով մեկ ամիսը կլրանա, իսկ Վախթանգ Լալայանի հրաժարականին չի հետեւել քաղաքապետի պաշտոնակատարի նշանակումը (որը, համաձայն օրենքի, պետք է կատարվեր անմիջապես), ինչպես նաեւ չի նշանակվել նոր քաղաքապետի ընտրության օրը։ Ըստ օրենքի, ընտրությունը պետք է կատարվեր հրաժարականից հետո, 30 օրվա ընթացքում։
Թե ո՞ր ուժերին է ձեռնտու Ալավերդի քաղաքը նախընտրական այս թոհուբոհում անգլուխ թողնելը, մեզ համար դեռեւս պարզ չէ։ Սակայն կառավարությունն ակնհայտորեն այս օրենքով իրեն վերապահված գործը չի կատարում։
Մ. Ե.