Ով ինչ գույնի կուսակցություն է Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը մինչ կհյուրընկալվեր Հայաստանի Վաճառականների միությունում, ականատես եղավ տեսարանի, որ երկու հոգի՝ ձեռքները սրտներին, ազնիվ վաճառական լինելու երդում էին տալիս պարոն Մակիչին։ Պարոն Մակիչը Վաճառականների միության նախագահն է, ազգանունը՝ Դեմիրյան, եւ բնականորեն հենց սկզբից կողմերին միմյանց ներկայացրեց։ Ասվեց, որ Բագրատյանի հետ են հանդիպել շուրջ 3,5 ժամ, Կարապետ Ռուբինյանի, Վահագն եւ Վիգեն Խաչատրյանների եւ վերջինիս հարց են տվել, թե նա քանի կուսակցություն է փոխել։ Սա, հավանաբար, պարոն Միրզախանյանին դուր գալու շարքից էր։ Նշենք նաեւ, թե ինչպես ներկայացվեց վաճառականների խումբը։ Ներկաների մասին ասվեց. «Սա մեր մարտնչող բանակն է, կարանք հացադուլ էլ անենք, գործադուլ էլ անենք, ինչ ուզենք՝ անենք»։ Եղավ մի պահ, որ ՀՌԱԿ-ի ատենապետի եւ Վաճառականների միության նախագահի ջուրը նույն առվով չգնաց։ Պարոն Դեմիրյանը պարոն Միրզախանյանին հարց տվեց. «Ըստ Ձեզ, ի՞նչ արժե պատգամավորական մեկ մանդատը»։ Պարոն Միրզախանյանն էլ պատասխանեց. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ գտնվում եմ Վաճառականների միությունում, բայց այդ հարցը պետք է ուղղել նրանց, ովքեր այդ մանդատը վաճառելու հնարավորություն ունեն»։ Մեկ այլ էպիզոդում, խոսելով ներկայիս երիտասարդության մասին, պարոն Միրզախանյանը հայտարարեց. «Երազում եմ այն օրը, երբ մեր երեխաները չեն երազի դառնալ նալոգովի ինսպեկտոր»։ – Հա, բա ո՞նց։ Առաջ օբեխեսեն էր, հիմա նալոգովին,- կողքից ասաց պարոն Մակիչ Դեմիրյանը։ Ռուբեն Միրզախանյանը նրա ասածին ուշադրություն չդարձրեց. «Մեր սերունդը երազում էր դառնալ տիեզերագնաց-օդաչու, դերասան…», ինչից էլ ձեւավորվեց այն եզրակացությունը, թե՝ «ինչ հարիֆ սերունդ ենք եղել»։ Մի շատ կարեւոր բանի մասին էլ խոսեց պարոն Միրզախանյանը. «Զարմանալի է, որ կուսակցություններ են ստեղծվում տեղանքի սկզբունքով, ու պարզվում է, որ բոլորն էլ լիբերալներ են, բոլորը՝ պարտադիր։ Իհարկե, վստահ եմ, որ «Միասնություն» դաշինքը լուրջ արդյունքներ կունենա, ողջունում եմ այդ բլոկի ստեղծումը։ Մեզ պսեւդոառաջնորդներ պետք չեն։ Այսպիսով, կիսաաստվածները, արհեստական կուռքերը դառնում են պարզ քաղաքական այրեր»։ Ռուբեն Միրզախանյանը խոսեց նաեւ կուսակցական գույների մասին։ Ռամկավարների գույնն, օրինակ, նրա կարծիքով՝ մուգ կապույտն է։ Կոմունիստների գույնը կարմիրն է, նրանք սոցիալիստներ են։ ՀՅԴ-ն էլ է կարմիր, նրանք էլ են սոցիալիստ։ Ուստի, Ռուբեն Միրզախանյանը շատ բնական է համարում, որ այդ կուսակցության ղեկավարները խոսում են դույլերով 5-րդ հարկ ջուր բարձրացնելու մասին։ Հենց ՀՌԱԿ ատենապետը սկսեց իր խոսքը ընտրությունները բոյկոտելու մասին, պարոն Դեմիրյանը որոշեց, որ հասել է սեղանին դրված «Ջերմուկը» բացելու ժամանակը, իսկ հենց բացեց՝ հանքային ջուրը պարզապես ժայթքեց խցանի տակից՝ մի մասով թափվելով գետնին։ Դրանից պարոն Մակիչը որոշեց, որ՝ «բոյկոտի մասին խոսեցիք, ամեն ինչ բոյկոտվավ»։ Մի բան էլ կա, որ չենք կարող մոռանալ։ Խոսքը նրա մասին էր, որ Վաճառականների միության անդամները թիվ 5 ընտրատարածքում պաշտպանեցին Եղիա Շամշյանի թեկնածությունը։ Տպավորությունն այն էր, որ իրենք իրենցից անգամ անտեղյակ էին։ Մի կին ուզում էր նրան հարց տալ, որպեսզի որոշի՝ պաշտպանի՞ Եղիա Շամշյանին, թե՞ ոչ, բայց տեղնուտեղը պարզ դարձավ, որ թեկնածուն արդեն պաշտպանված է վաճառականների կողմից, ու էլ հարց չտվեց։ Մանավանդ որ, մինչ այդ պարոն Դեմիրյանն արդեն հայտարարել էր, թե «Մենք իրան պաշտպանել ենք ոչ թե նրա համար, որ ինքը իմ ընկերն ա, այլ որ ինքը չճնշվող դեպուտատ ա»։ Ա. ԶԱՔԱՐՅԱՆ