Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԿՈՐՉԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ

Մայիս 08,1999 00:00
movses

Հարցազրույց Հայաստանի Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։

-Անցյալ տարի ձեր կուսակցությունը պաշտպանում էր հաղթելու լուրջ հնարավորություններ ունեցող Կարեն Դեմիրճյանին, իսկ այս տարի, խորհրդարանական ընտրություններում, կարծես թե, ՀՍԿ-ն ընդհանրապես դուրս է քաղաքական գործընթացներից։

-Նախ ասեմ, որ, այո, անցյալ տարի մենք առաջադրել եւ պաշտպանել ենք Կարեն Դեմիրճյանին, որն, ինչպես հայտնի է, հաղթեց ընտրություններում, ինչը մենք ընդգծել ենք հայտարարությամբ։ Ես ավելորդ համեստություն չեմ անի եւ կասեմ, որ Կարեն Դեմիրճյանի հաղթելու գործում, այո, իրոք, կա մեր կուսակցության զգալի ներդրումը։ Կազմակերպական եւ քարոզչական աշխատանքների զգալի մասը կատարել է ՀՍԿ-ն՝ իր անդամների եւ համակիրների ուժերով։ Այս տարի էլ, ինչպես նախապես հայտարարել էինք, մտադիր էինք ընտրություններին մասնակցել մեր թեկնածուի հետ միասին, եւ քանի որ նա ստեղծել էր նոր կուսակցություն՝ ՀԺԿ-ն, նրա հետ էլ պետք է մասնակցեինք ընտրություններին։ Բայց վերջին պահին կազմավորվեց ՀԺԿ-ՀՀԿ միավորումը եւ ինչ-ինչ պատճառներով որեւէ երրորդ ուժ չներգրավվեց այդ բլոկում։ Մենք էլ մեխանիկորեն դուրս մնացինք ընտրություններից, չհասցնելով որեւէ բան ձեռնարկել, քանի որ ընդամենը մեկ օր էր մնացել համամասնական կարգով մասնակցելու հայտ ներկայացնելու համար։ Ժամանակ չկար կողմնորոշվել՝ ինքնուրո՞ւյն, թե՞ մեկ ուրիշի հետ մասնակցել։

Սակայն մեր հարաբերությունները նախագահական ընտրություններում մեր թեկնածուի հետ պահպանվում են նախկին մակարդակի վրա։ Ասեմ, որ մենք Կարեն Դեմիրճյանին երբեք չենք նույնացրել որեւէ կուսակցության հետ՝ ոչ՝ կոմունիստական կուսակցության հետ անցյալում, որին նա պատկանել է, եւ ոչ էլ՝ այժմ ՀԺԿ-ի հետ։ Մեզ համար նա արժեք է իբրեւ հզոր, ուժեղ, խոշոր անհատականություն, եւ ոչ որպես կուսակցական գործիչ։ Ուստի միանգամայն տարբեր են մեր հարաբերությունները Կարեն Դեմիրճյանի եւ նույնիսկ նրա շուրջ ստեղծված կուսակցության հետ։ Հարկ եղած դեպքում Կարեն Դեմիրճյանին մենք էլի կպաշտպանենք ամբողջ թափով։ Մենք այսօր քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել Դեմիրճյանին օգնելու համար եւ եթե կարիք լինի՝ կօգնենք նաեւ նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերին։

-Բայց չէ՞ որ, դուք, ըստ էության, դուրս եք քաղաքական դաշտից։

-Իսկապես, բավականին բարդ, խրթին իրավիճակ է Հայաստանի քաղաքական դաշտում։ Դա նորմալ երեւույթ չէ որեւէ պետության կամ հասարակության համար։ Նման անորոշությունը վտանգավոր է։ Ամբողջ աշխարհում կա ընդամենը մի քանի քաղաքական գաղափար։ Դրանց թիվը սահմանափակ է։ Ձախ գաղափարախոսության շրջանակում տեղավորվում են սոցիալիստները, կոմունիստները, սոցիալ-դեմոկրատները, աջերի միջավայրում են լիբերալները, պահպանողականները։ Կարող են լինել նաեւ բնապահպանական շարժումներ, բայց, արի ու տես, որ այսօր Հայաստանում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցական միավոր։ Դրանց մեծ մասը կրկնում են իրար, բոլորն էլ նոր բան չեն կարող ասել։ Չի կարող ժողովրդին 21 գաղափար մատուցվել։ Շատ ավելի նորմալ կլիներ, եթե Հայաստանում լինեին լուրջ լիբերալ եւ լուրջ սոցիալիստական ուժեր, որովհետեւ, վերջին հաշվով, աշխարհում հենց այս գաղափարական հոսանքների միջեւ էլ տեղի է ունենում քաղաքական պայքարը։ Մենք շատ կուզենայինք, որ ձեւավորված լիներ լուրջ սոցիալիստական ուժ՝ բլոկի կամ կուսակցության տեսքով եւ լուրջ լիբերալ ուժ, որոնց միջեւ նորմալ մրցակցություն տեղի կունենար եւ ժողովուրդն ընտրություն կկատարեր։ Սա կլիներ եվրոպական արարողակարգերի ներմուծում Հայաստան, որը կարող էր դարերով շարունակություն ունենալ։ Մեր հասարակությանը պետք է դրան վարժեցնել՝ դա է նորմալը, բնականը։ Այլապես՝ այս 21 միավորների միջեւ մարդ չի էլ կողմնորոշվում, թե նրանցից ով ի՞նչ է ուզում, ի՞նչ է ասում։ Ասեմ, որ մենք մի կողմից էլ բավականին լավ ենք զգում, որ այս խառնաշփոթին չենք մասնակցում։ Եվ եթե, վերջին հաշվով, նպատակը երկիրն այս ծանր վիճակից հանելն է, ու եթե կան 21 փրկիչներ, թող բոլորն էլ օգնեն ժողովրդին։ Մենք որեւէ մեկին չենք խանգարի։ Հարկ եղած դեպքում նույնիսկ կօգնենք այդ փրկիչներին՝ ինչով կարողանանք։ Մենք չունենք կուսակցական ամբիցիաներ։

-Ես չեմ հասկանում ձեր այն մտայնությունը, թե վերջին պահին միայն դուք դուրս մնացիք «Միասնություն» դաշինքից։ Չէ՞ որ արդեն հայտնի է՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի եւ նույնիսկ Վազգեն Մանուկյանի միջեւ բանակցություններ են ընթացել շատ ավելի վաղ փուլերում։

-Որ բանակցություններ ընթանում էին Կարեն Դեմիրճյանի եւ քաղաքական խոշոր ուժերի՝ ԱԺՄ-ի, ՀՀԿ-ի ղեկավարների միջեւ, մենք, իհարկե, տեղյակ էինք, եւ դա բնական է։ Չմոռանանք, որ ՀՀԿ-ի հետ դաշինք ձեւավորելուց ընդամենը մի քանի օր առաջ, քանիցս իրարամերժ հայտարարություններ եղան այդ կուսակցությունների ղեկավարների կողմից։ Այդպես էլ, մինչեւ վերջին պահն անհասկանալի էր՝ նրանք դաշինք կազմելո՞ւ են, թե ոչ։ Ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե այդ դաշինքը չի կայանա։ Դա նշանակում է, որ իսկապես, վերջնական վճիռը կայացվել է վերջին պահին՝ անկախ նրանից, թե դրան նախորդած բանակցությունները որքանով են երկարատեւ եղել։ Այդ վճիռն ընդունելը, իհարկե, հեշտ չի եղել։ Չմոռանանք, որ 98-ի նախագահական ընտրություններում հակադիր ճամբարներում էին այս ուժերը։ Եվ հիմնականում Վազգեն Սարգսյանն էր, որ կոորդինացնում էր Ռոբերտ Քոչարյանի օգտին տարվող աշխատանքները։ Ժողովրդի մեջ մինչեւ հիմա այդ հիշողությունը թարմ է, որ իր ձայները չհասան նպատակին եւ դրա հիմնական մեղավորների մեջ, այո, Հանրապետական կուսակցության լիդերները կարեւոր դերակատարություն ունեին։ Կարեն Դեմիրճյանն էլ, մենք էլ, լավ հասկանում ենք, որ այդ դաշինքը ժողովրդի մեջ կարող է ճիշտ չընկալվել։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ դա իսկապես խաղ է։ Բայց գնահատելով իրականությունը, կարող եմ հստակ ասել. ոչ թե գործարք է տեղի ունեցել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ, այլ՝ իրավիճակի թելադրանքով կատարված քայլ։ Նրանք խորհրդարանական ընտրություններում կամ պետք է պայքարեին միմյանց դեմ, կամ՝ մրցակցեին։ Չէր բացառվում, որ կրկնվեր անցյալ տարվա պատմությունը։ Դեմիրճյանը ստանար 60-70%, սակայն, իրեն տային ընդամենը 10-15%։ Համագործակցության դեպքում, իհարկե, կարող է ձայների կորուստ լինել, բայց գոնե գիտենք, որ ստացած ձայներն ամբողջությամբ կարձանագրվեն։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31