Ապրիլի 16-ին «Առավոտը» տպագրեց մի հոդված, որում խոսվում էր Ռոսվնեշտորգին «Դվին» կոնցեռնի կողմից անորակ կոնյակ առաքելու եւ Կենտրոնական բազայի տնօրեն Վանո Դավթյանի ապօրինությունների մասին։ Ապրիլի 23-ին ստացանք պրն Դավթյանի կրքոտ հերքումը՝ «ակնհայտ սուտ», «սուտ տեղեկություն» սովորական ձեւակերպումներով: Երեկ «Առավոտին» դատախազությունից հայտնեցին, որ Վանո Անդրանիկի Դավթյանը ապրիլի 29-ին ձերբակալվել է, իսկ մայիսի 3-ին՝ կալանավորվել՝ 90 հոդվածի 4-րդ մասով (պետական առանձնապես մեծ միջոցների յուրացում. խոսքը 78,1 մլն դրամի մասին է) եւ 187 հոդվածով (պաշտոնական կեղծիք)։ Դատախազությունից հայտնեցին նաեւ, որ պրն Դավթյանի «հերքման» մեջ ներկայացրած փաստարկները սուտ են, իսկ որպես ապացույց բերված փաստաթուղթը՝ կեղծ։ Այնպես որ, կոչ ենք անում «Առավոտի» հրապարակումներից դժգոհ քաղաքացիներին՝ մեր նյութերը հերքելուց առաջ մտածե՛ք։
ՎԱՏ ԼՈՒՐ
Քենիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Բարրե Սհիլը մայիսի 6-ին հայտարարեց այն մասին, թե Օջալանին վաճառել են Թուրքիայի իշխանություններին հինգ մլն դոլարով։ Պատգամավորը պնդում է, որ Թուրքիայի առաջարկած գումարը ստիպել է Քենիայի իշխանություններին հետ կանգնել նախնական պայմանավորվածությունից՝ Օջալանին հնարավորություն տալ անարգել մեկնել Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, որի նախագահ Նելսոն Մանդելան խոստացել էր քաղաքական ապաստան տրամադրել քրդերի առաջնորդին։ Քենիայի իշխանությունները ակնհայտորեն խաբնվել են՝ էժան են տվել Օջալանին։ Այդ կարգի գումարներ Հայաստանում ծախսվում են՝ ընդամենը խորհրդարանում խմբակցություն ունենալու համար։