«Ես աղքատ չեմ։ Բոլորից միշտ հարուստ եմ եղել՝ միշտ ամենաբարձր աշխատավարձն եմ ստացել։ Բայց ես բավական ժլատ մարդ եմ»,- երեկ «Արմենպրեսի» սրահում նման ինքնախոստովանանք արեց ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը։ Թեեւ քիչ անց էլ ավելացրեց, որ 28 մլն դրամի օգնություն է ցույց տվել կարիքավոր ու առաջավոր ուսանողներին։ «Իմ այս գործունեությունը անափ գոհունակություն է պատճառում ինձ»,- ինքնագոհությամբ իրեն սրբագրեց ակադեմիկոսը։ Պրն Ավագյանը նախընտրական շտաբ չունի, քանի որ չի պատրաստվում դրա համար վճարել։ Հեռուստատեսությամբ էլ ելույթ չի ունենա, քանի որ ելույթի մեկ րոպեն արժե 35 դոլար։ «Ես անգամ 35 ցենտ չեմ տա դրա համար»։ Իմ այն հարցին, թե նման ժուժկալության դեպքում ինչպե՞ս է համաձայնել վճարել «Արմենպրեսին»՝ այս ասուլիսն անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար, պրն Ավագյանն այնքան անկեղծորեն զարմացավ. «Ինչպե՞ս, ձրի չէ՞։ Ինձ թվում էր՝ ձրի է»։
Թիվ 4 ընտրատարածքում, ուր առաջադրվել է պրն Ավագյանը, իրենց թեկնածություններն են դրել նաեւ Հրանտ Խաչատրյանը, Լյուդմիլա Հարությունյանը։ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները, պրն Ավագյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ կանցնե՞մ, թե՞ չէ։ Բայց ոմանք ասում են՝ մյուսների հետ համեմատած՝ դու կանցնես»։
«Երկիրի» թղթակիցը ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել՝ ո՞ր նախագահն է ավելի վատը՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշնակցական կողմնորոշման տեր երիտասարդը պիտի որ այս հարցում տարակույս չունենար։ Բայց ամեն դեպքում՝ նա սույն հարցն ուղղվեց նաեւ պրն Ավագյանին։ Վերջինս դժգոհեց, որ ժամանակին «փակ» նամակներ է ուղարկել թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ Քոչարյանին, սակայն իր նամակներն անպատասխան են մնացել։ Ուստի նա երկուսի մասին էլ կարծիք չունի։ Փոխարենը Գրիգոր Ավագյանը մի գեղեցիկ ու ռոմանտիկ վերհուշ պատմեց, թե ինչպես ժամանակին Կարեն Սերոբիչը ոչ միայն ստանում էր իր նամակներն ու պատասխանում դրանց, այլեւ ընթացք տալիս։ «Իրավունքի» թղթակիցը փորձեց ճշտել, թե պրն Ավագյանը դարձյա՞լ այն կարծիքին է, որ Հայաստանը կփրկի «Ջերմուկը»։ «Յոթ տոհմով թող կոտորվեմ, եթե ես այդպիսի բան եմ ասել։ Տղե՛րք, լա՛վ էլի։ Չգիտեմ՝ ինքնասպանությո՞ւն գործեմ, ազատվեմ ձեզանից, թե՞ ոնց։ Ես այդպիսի բան առհասարակ չեմ ասել»։
«Առավոտի» վերջին հարցին ի պատասխան, թե իր փորձը գործող ԱԺ-ում որքանո՞վ է օգտագործվել եւ ի՞նչ պարագայում է իր տարիքն իր դերը կատարել միջխորհրդանական «հակամարտությունները» հարթելու գործում, պրն Ավագյանը մի քանի օրինակ բերեց։ Մասնավորապես՝ որոշ օրինագծերի անցկացման առիթներով։
Կարդացեք նաև
Հաճելի էր տեսնել ու զգալ Գրիգոր Ավագյանի լավատեսությունը։ Իրոք, որքան լավ բան է պատգամավոր լինելը։ Երբ մեծանամ, ես էլ պատգամավոր կդառնամ։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ