Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ԱՐԻԱՆ ՄԱՍԻՍՈՒՄ

Մայիս 08,1999 00:00
toto

«Միասնություն» դաշինքի գիշերով անցած ճամփան դաշնակցությունը ցերեկով անցավ։ Բայց դաշնակցության ոտքերի տակ ոչխար չմորթեցին։

Ասենք այստեղ նախորդ օրը Դեմիրճյանի ոտքերի տակ էլ ոչխար չէին մորթել։ «Կարգազանց» Մասիս քաղաքի այդ աններելի բացթողումը մի դաշնակցական բացատրություն ուներ։ Տեղի դաշնակցական ընկերներից մեկի (չբացահայտվեց) վարկածով Մասիսի քաղաքապետը մի քիչ նեղացել է «Միասնությունից», որի պատճառով «փոզմիշ» են եղել պատգամավոր դառնալու իր հույսերը։ Իսկ «Առավոտի» դիտարկումներով. ա) կա՛մ՝ Մասիսում միայն խոշոր եղջերավորներ են (մանր կճղակավորներ չկան), քանի որ անգամ Դեմիրճյանի ոտքերը ոչխարի արյունով չցողեցին, բ) կա՛մ՝ «Մահ կամ ազատություն» նշանաբանից ոչխարների համար նախընտրեցին ոչ թե մահը, այլ ազատությունը։ Մինչդեռ այդ նույն դաշնակցականի խանդոտ վկայությամբ, ժողովուրդը սառը դիմավորեց Դեմիրճյան-Սարգսյան զույգին՝ չնայած հետո էլ միամտություն ունեցավ անկեղծանալու, որ հարեւան գյուղից ծեր զոքանչը հատուկ եկել-հասել էր Մասիս, ինչ է թե՝ Դեմիրճյանին տեսնի։ Մի այլ դաշնակցական էլ (բացահայտվեց)՝ թիվ 29-ը ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սերյոժա Առաքելյանը, մատնեց, որ «Միասնության» համար քաղաքի դպրոցների բարձր դասարանցիներով ու ուսուցիչներով էին հոծ հանդիսատես ապահովել (ասաց, որ սա գրելու համար չի ասում, բայց դե «Առավոտին» նման բան կասե՞ն)։

Իսկ ՀՅԴ-ն հանդիսատես ապահովելու այլ տարբերակ է հայտնաբերել՝ երգ ու պարի կարոտ ժողովրդիս համար՝ տոնական համերգ, որի արանքում մի 10-15 րոպեանոց նախընտրական «խոստում-արիաներ» (ակնկալում ենք, որ քարոզարշավի ավարտին օպերային արվեստի համաշխարհային գանձարանը կհարստանա եւս մեկ ազգային օպերայով, եւ կխամրի «Պողիկտոսի» փառքը)։ Մասիսում դաշնակցության «արիան» մատուցեց ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդ որում, գրեթե բառ առ բառ կրկնելով ավագ ընկերներին՝ Վահան Հովհաննիսյանին ու Հրանտ Մարգարյանին։ Որոշ ուշագրավ մտքեր կմեջբերենք. «(…) Դաշնակցությունը ստեղծվել է ժողովրդի կամքով, ժողովրդի սրտից եւ պարտավոր է ծառայել ժողովրդին։ (…) Այսօր օրհասական խնդիրը մեկն է. ժողովուրդը կքված է սոցիալական ծանր բեռի տակ, ժողովուրդը աղքատության շեմին է, ընչազուրկ, տառապած (այսպիսի մռայլ գույներով նկարագրվածին ի հակադրություն՝ հավաքված ժողովուրդը տոնական տրամադրությամբ ու հագուկապով էր ու այս եւ հետագա դառը խոսքերը ընկալում էր համերգի սպասումից պայծառացած դեմքերով- Ն. Հ.)։

Այս անցած մեկ տարին, չնայած մեզ փորձեցին նույնացնել իշխանությունների հետ, համարելով, որ ինչ-որ մեկ-երկու նախարար ունենք, ինչ-որ մասնակցություն ունենք իշխանության ապարատներում, բայց հասկացան, եւ կարծում եմ, բոլորը զգացին, որ դաշնակցությանը իշխանությամբ գայթակղել անհնար է (հիմա պա՞րզ է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանն էլ իր վերջին ասուլիսում ՀՅԴ-ին ուրացավ՝ իբրեւ իր հենարան «Միասնությանը» «պրիզնատ գալով»- Ն. Հ.)։ Վստահ եղեք, որ դաշնակցությունն իր անդամներով չի կարող շեղվել դաշնակցության սկզբունքներից։ Վստահ եղեք, որ չե՛նք թույլ տա, եւ այս կուսակցությունն այդպիսին է եւ նրա պատիժները շատ խիստ են եւ չեն հապաղելու (՞- Ն. Հ.)»։

Ու քանի որ նաեւ Մասիսի 30-ամյակն էր նշվում (ոմանք պնդում էին, թե համերգը հենց ա՛յդ նպատակով էր) մի քանի խոսք էլ այս առնչությամբ ասաց՝ վերջում էլ ձեռի հետ այդ ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ-ի թեկնածու՝ Սերյոժա Առաքելյանի գովքն անելով։ Չնայած դրան՝ վերջինս շատ էր «մանթրաշ»։ Չգիտեմ, սենսացիաների սիրահար «Առավոտի» ոտի՞ց էր, թե՞ «հարուստ» կենսագրությամբ դաշնակցությունը դաշնակցություն չէր լինի, եթե դետեկտիվ դրվագներով պատմության մեջ չընկներ։ Ինչ-որ չար ուժեր (հարբած տեխնիկների տեսքով) դիտմամբ (պատվիրատուների հարցում մի ընդհանուր կարծիք չձեւավորվեց) թե պատահմամբ փչացրեցին քաղաքից եկած երգիչների տեխնիկան՝ դատապարտելով վերջիններիս՝ առանց նվագակցության երգելու։ Փորձությանը միայն «Տկզար» համույթը դիմացավ, որի ամեն ինչը (թե՛ երգիչները, թե՛ նվագողները, թե՛ գործիքները) իր հետ էր, իսկ Ֆորշը, Արամոն, Էմմա Պետրոսյանն ու մնացյալ մեկ-երկու աստղերը հազիվ մի-մի երգ «հորով-մորով» արեցին՝ ժողովրդի մշակութային կրքերը բավարարելու համար։

Ի դեպ, այս վերջին դրվագը գրեցինք մեր կյանքը վտանգելու սպառնալիքով. հարյուրամյա հեղափոխական կուսակցության համար երգելով՝ Ֆորշն ու Արամոն հավանաբար ասլան էին կտրել ու ասպետաբար խոստացան այդ հմտություններն օգտագործել նաեւ լրագրողիս հանդեպ, եթե համարձակվեմ այդ մասին գրել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Ընդհատակյա կուսակցության բարդույթով՝ ՀՅԴ-ն միշտ գաղտնի է պահում իր կուսակիցների թիվը։ Ի պատասխան հարցիս՝ քանի՞ դաշնակցական կա Մասիսում, մեկն ասաց. «տասը ընկեր (դաշնակցակա՛ն իմաստով) ենք, բայց՝ 10 հազար համակիր», մյուսն էլ համոզված էր, որ մի հարյուրը կան։ Իսկ Արմեն Ռուստամյանը, որ անգամ կրիտիկական պահերին չէր կորցնում կատակելու հավեսը, ի պատասխան լրագրողի դիտարկման, թե ՀՅԴ-ի համերգին եկածների 80%-ը 4-10 տարեկան երեխաներ են, լուրջ տոնով ասաց՝ «դրանք ծպտյալ, չբացահայտված դաշնակցականներ են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31