Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԽՈՍԵՆՔ ԵՐԵՔՇԱԲԹԻ»

Մայիս 08,1999 00:00
vano

Այսպես էր պատասխանում փոքր-ինչ նիհարած, բայց բավական լավ տեսք ունեցող Վանո Սիրադեղյանը լրագրողների գրեթե բոլոր հարցերին։

Բացառությունը թերեւս հերթապահ «ո՞նց եք» հարցն էր, որին հերթապահ պատասխան էլ տվեց՝ «ոչինչ»։ Իր լռությունը մի պահ փորձեց բացատրել. «100 օր քաղաքական իրավիճակին ծանոթ չեմ եղել։ Տեսնենք, ինչպես են պատրաստվել ընտրություններին»։ Բայց հետո պարտիզանի համառությամբ լռում էր կամ անընդհատ կրկնում էր, թե խոսելու է 3 օրից։ Սրանով առիթ տվեց ենթադրության, թե պատրաստվում է մի 96 ժամ էլ լռել՝ «Մեկ օր պակաս»,- ճշտեց ու էլի լռեց։

Այս ամենը հաջորդել էր ՀՀՇ-ի շենքի մոտ ջերմ ընդունելությանը, երբ Վանո Սիրադեղյանն առնվազն մի 5 տասնյակ մարդու հետ համբուրվեց, մի այդքանի հետ էլ ողջագուրվեց։ Նրան դիմավորելու էին եկել նաեւ ՀՀՇ-ի, այսպես կոչված, մյուս թեւի ներկայացուցիչները։ Անգամ «Հայրենիք» դաշինքից ծանոթ դեմքեր կային։ Գումարեք ՀՀՇ մարզային կառույցների բազմաթիվ անդամներին։ Բազմապատկեք էլի մի քանի տասնյակ լրագրողներով եւ կստանաք այն պատկերը, որ երեկ տիրում էր ՀՀՇ վարչության շենքում։

Թերեւս նորից այս հանդիսավոր եւ ոմանց համար՝ գրգռիչ դիմավորումից խուսափելու համար էր, որ Վանո Սիրադեղյանին մինչեւ 96 ժամը լրանալը՝ ժամը 13.30-14.00-ի սահմաններում էին արգելանքից ազատ արձակել։ Նրան եւ ոչ մի ՀՀՇ-ական չէր դիմավորել։ Վահագն Հայոցյանը պատմեց, որ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական մեկուսարանից իրենց մեքենայով էին նրան տուն տեղափոխել։ Պրն Հայոցյանը մի հետաքրքրական մանրամասն էլ հայտնեց, որ ձերբակալության 4 օրերին Սիրադեղյանի բանտախցում եղել է օղու գործով զբաղվող, ֆիզկուլտ ինստիտուտն ավարտած մի երիտասարդ։

ՀՀ գլխավոր դատախազության երեկ տարածած հայտարարության մեջ նշված է. «Մեղադրյալ Վ. Սիրադեղյանի պատշաճ վարքագիծը, քրեական գործը քննող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը երաշխավորել են Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանը եւ ՀՀՇ վարչության բաժնի վարիչ Արթուր Բաղյանը»։ Այսինքն, ինչպես ասաց պրն Զուրաբյանը. «Եթե նա բացակայի՝ մենք ենք ենթարկվելու քրեական պատասխանատվության»։ Խափանման միջոցն անձնական երաշխավորությունն, այլ ոչ քաղաքից չբացակայելն ընտրելով՝ դատախազությունը կանխեց այն հնարավոր մեղադրանքները, թե խոչընդոտում են Սիրադեղյանի ընտրարշավին։

Եվս մի խնդիր կա, որի մասին այս օրերին անընդհատ գրելու ցանկություն կար, բայց առիթը դարձան դատախազության երեկվա հայտարարության այս տողերը. «Վ. Սիրադեղյանին արգելանքից ազատելու որոշումը կայացնելուց հետո այդ որոշման դեմ բողոքով ՀՀ գլխավոր դատախազություն էին եկել նրան մեղսագրվող հանցագործությունների հետեւանքով սպանված Հ. Ղանդիլյանի, Ժ. Իսահակյանի, Վ. Աբրահամյանի, Հ. Սուքիասյանի, Կ. Ռաֆայելյանի եւ մյուսների հարազատները»։ Էլի կշտամբանքներ էինք լսել, թե Վանո Սիրադեղյանը շուրջ 9 սպանությունների եւ մահափորձերի կազմակերպման մեջ է մեղադրվում, իսկ լրագրողները խորովածի, ծաղիկների եւ նրան դիմավորողների ծափահարությունների մասին են գրում։

… «Դրո» խմբի իրականացրած սպանություններն էլ դատախազության կազմած մեղադրական եզրակացության համաձայն՝ դաշնակցության ղեկավարների հրահանգով էին արվել։ «31»-ի գործով դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության համաձայն՝ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ էր ծրագրվել եւ էլի դաշնակցական գործիչների միջամտությամբ։ Մնացածը չթվարկենք։ Արժե՞ նշել, որ այդ մեղադրանքները հերքվեցին դատաքննության ժամանակ։ Արժե՞ հիշեցնել, որ «31»-ի գործով այժմ միայն ոստիկանների սպանության համար դատապարտված Տիգրան Ավետիսյանն է բանտում։ Մնացածն, ազատ են, չնայած այդ 30-ից շուրջ երկու տասնյակին նախապես դատախազությունը հայրենիքի դավաճանության եւ այլեւայլ այնպիսի մեղադրանքներ էր առաջադրել, որ ամեն մեկին երեքական հոդվածներով մահապատիժ էր վիճակված։ Ուրեմն, այս անգամ էլ արժե սպասել եւ զանազան գնահատականներից զերծ մնալ մինչեւ Վանո Սիրադեղյանի գործի դատաքննությունը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31