Սպանվել է ԳԽ պատգամավոր, նախկինում Բյուրեղավանի բյուրեղապակու գործարանի տնօրեն Սաշա Եղիազարյանը։ Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում եւ խոսք կա, որ արդյունք է ներհայկական միջավայրում ծայր առած «ռազբորկաների»։
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՐԵԼ
«Միասնություն» դաշինքի ընտրացուցակներից վտարվելուց հետո Հանրապետական կուսակցության անդամ չդարձած երկրապահ Արամազդ Զաքարյանը վերցրել է «Երկրապահ» պատգամավորական խմբին հատկացված եւ վերջինիս սպասարկող ավտոմեքենան եւ մեկնել քաղաքից դուրս։ Ականատեսները պատմում են, որ սույն ավտոմեքենան, պետհամարանիշը՝ 029-01, տեսել են Տավուշի մարզի՝ Արամազդ Զաքարյանի ընտրատարածքում։ Չիմացողներին ասենք, որ խոսքը «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի մասին է։
Կարդացեք նաև
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
Վանո Սիրադեղյանի վերադարձը Քրիստոսի գալստյան հետ Ռոբերտ Քոչարյանի համեմատությունը թերեւս շատ է դուր եկել ՀՀՇ-ականներին։ «Եթե դու Քրիստոսն ես, ուրեմն առաքյալները խմում են քո կենացը»,- ասում էին Սիրադեղյանին ՀՀՇ գործիչները, երբ վերջապես հավաքվեցին խորովածի սեղանի շուրջ։ «Դուք ո՞ր մի առաքյալն եք»,- «Առավոտի» հարցին Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Առաջինը չեմ, երկրորդն եմ՝ Վանոյից հետո»։ Պարզաբանենք, որ Իգիթյանն իսկապես երկրորդն է ՀՀՇ-ի ցուցակում, Սիրադեղյանից հետո։
ՍԵՐՎԻՍԻ ԱՆԴՈՅԻՆ՝ ՎԱՆՈՅԻՑ
Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե ինչպես են Հայաստան ներկրվել «Հունդայները» եւ ավելի բարձր գներով վաճառվել պետությանը։ Այդ գործարքն իրականացրել է Սերվիսի Անդոն՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը, որը կատարածի համար այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից պարգեւատրվել էր անվանական մարտական զենքով։ Հիշեցնենք, որ սույն պատգամավորը կողմ էր քվեարկել Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցելուն։