Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Մայիս 07,1999 00:00
passport

Շեփորահարվող այն կարծիքը, թե սփյուռքահայերին հնարավոր է շնորհել հայաստանյան քաղաքացիություն, միակ խոչընդոտը ՀՀ սահմանադրական արգելքն է, մոլորություն է։ Որքան էլ ցավալի է, սփյուռքահայերը երբեք ձեռք չեն բերի հայաստանյան քաղաքացիություն։ Առաջինը, որովհետեւ, ի տարբերություն պաղեստինյան արաբների, սփյուռքահայերը a-patrit չեն, այլ որեւէ երկրի քաղաքացի։ Իսկ երկրագնդի վրա հատուկենտ պետություններ գոյություն ունեն, որոնք թույլ են տալիս սեփական քաղաքացիներին միաժամանակ մեկ այլ երկրի քաղաքացի լինել։ Երկրորդ՝ այդ հատուկենտ տեղեկություններն էլ՝ Ֆրանսիա, ՌԴ, Սիրիա, եթե Հայաստանի հետ երկքաղաքացիության պայմանագիր ստորագրեն, դրա գործողությունը տարածելու են իրենց բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ էթնիկ ծագումից։ Ոչ մի կառավարություն իր քաղաքացիներին էթնիկ խտրականության չի ենթարկի ժամանակավրեպ մտածողությամբ մի քանի հայաստանցիների գոհացնելու համար։

Իրավական կազուսները

ՀՀ օրենսդրությամբ սահմանված են օտարերկրացիների՝ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակավոր, սովորական, հատուկ եւ բացառիկ կարգավիճակներ։ Սովորական կամ բացառիկ կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացիների համեմատությամբ ՀՀ քաղաքացին երկու-երեք հավելյալ իրավունք եւ պարտավորություն ունի՝ ընտրական իրավունք, հողի սեփականության իրավունք, առանց նախնական դիմումի եւ թույլտվության ՀՀ մուտք գործելու իրավունք, ինչպես նաեւ ՀՀ-ին հարկեր վճարելու եւ նրա զինված ուժերում ծառայելու պարտավորություն: Երկքաղաքացիություն նշանակելու է նշված տարբերությունների վերացում։ Դա ի՞նչ հետեւանքներ կունենա։

Ընտրական իրավունք

Պետությունը չի դասվում այն կարգավորումների շարքին, որ կատարել է բարձրյալը արարչագործության յոթ օրերի ընթացքում։ Պետությունը լոկ մարդկային մտահղացում է՝ հասարակության կյանքը արդյունավետ կազմակերպել-ուղղորդելու համար։ Այն անպայմանորեն տարածքային կազմավորում է եւ ծառայում է այդ տարածքում բնակվողների մեծամասնության կամքը կենսագործելուն։ Հասարակության կամքը արտահայտվում է հեղափոխություններով կամ, ինչը նախընտրելի է, ընտրություններով եւ հանրաքվեներով։ Ընտրություններում երկրորդային է, թե ով է ընտրվում։ Առաջնայինը եւ էականը, թե ո՞վ է ընտրում, ո՞ւմ կամքն է արտահայտվում՝ հետագայում գործադրվելու համար։ Անկախ եւ ինքնիշխան պետությունում ընտրությունների ճանապարհով իշխանություն են ձեւավորում եւ հանրաքվեներով հարցեր են վճռում արյան կամ հողի իրավունքով քաղաքացի հանդիսացող անձինք։ Նրանց կամքի վրա որեւէ արտաքին ազդեցություն ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ։ Ո՜ւր մնաց այնպիսի բիրտ միջամտություն, ինչպես երկրի սահմաններից դուրս ծնվող, ապրող ու մահկանացուն կնքող անձանց մասնակցությունն այդ երկրում ընտրություններին։ Այլ հարց է, եթե որեւէ սփյուռքահայ հայրենադարձվի հայրենիք, ինչպես 1923-ին կամ 1946-ին դա արեցին հարյուր հազարավոր սփյուռքահայեր։ Հայրենադարձվող ամեն սփյուռքահայի անվերապահորեն պետք է ՀՀ քաղաքացիություն շնորհվի։ Մինչդեռ ի՞նչ է նշանակում ՀՀ մշտական բնակության չտեղափոխվող, նախկին քաղաքացիությունից չհրաժարվող եւ, դեռ ի հավելումն ամեն ինչի, Հայաստանից էլ միլիոնավոր մղոններ հեռավորության վրա ապրող անձինք ՀՀ ընտրությունների մասնակցեն։ Իրենք դրա հետեւանքները կրելո՞ւ են։

Հողի սեփականության իրավունքը

1853-ին լոնդոնցի մի վաճառական օսմանյան հպատակություն ունեցող իր տիկնոջ անունով գնեց առաջին հողակտորը՝ Երուսաղեմի պարիսպներից դուրս։ Վաճառականը, իհարկե, հրեա էր եւ նրա օրինակին հետեւեցին բազմաթիվ ուրիշ հրեաներ։ 30 տարի անց նույնիսկ այն երիտասարդ հրեաները, որ միջոցներ չունեին Երուսաղեմում հողեր գնելու, կարող էին իրենց մասնակցությունը բերել սիոնիզմի գործին՝ տեղափոխվել եւ բնակություն հաստատել հրեաների կողմից գնված հողատարածքներում։

Իսկ ինչի՞ են ձգտում երկքաղաքացիության ջատագովները Հայաստանում։ Արտերկրում բնակվող անձին տալ Հայաստանում հողի սեփականության իրավունք։ Եթե սփյուռքահայը մշտական բնակության չի տեղափոխվում Հայաստան, նրա գնած հողակտորին ի՞նչ ճակատագիր է վիճակվելու բացի անտերունչ ու բարձիթողի վիճակից։ «Չարյաց փոքրագույնը» կլինի այն, որ արտերկրում ապրող սփյուռքահայի՝ Հայաստանում գնած հողը կմնա անմշակ։ Մինչդեռ Հայաստանը սակավահող երկիր է, խորհրդային ժամանակներում այստեղ ամբողջ արշավ է ծավալվել ջերմոցային տնտեսությունների դեմ («մեխակների կամպանիան») որովհետեւ ցանքատարածությունների տրամադրումը ծաղկաբուծության եկամտաբեր ճյուղին սպառնալիք էր ստեղծել բանջարանոցային կուլտուրաների արտադրության համար։ Այնուհետեւ, եթե սփյուռքահայը ձեռք է բերում հողի սեփականության իրավունք եւ չի տեղափոխվում Հայաստան՝ մշտական բնակության, կամա թե ակամա սփյուռքահայերի գնած հողերից ձեւավորվելու է անմարդաբնակ անկլավ, իսկ գուցե գոտի, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա երկրի պաշտպանունակության վրա։ Վերջապես, առայժմ հայաստանյան իշխանությունները եւ հասարակությունը չեն մտահոգվում իրանյան քաղաքացի եւ հարավային Ադրբեջանի բնակիչ հանդիսացող անձանց գործունեությամբ Հայաստանում ընդհանրապես եւ Սյունիքում մասնավորապես։ Մինչդեռ, երկքաղաքացիության նորմ հաստատելուց հետո, որտե՞ղ եւ ի՞նչ երաշխիք կա, որ Զանգեզուրում պարսկահայերի անունով հողերը իբրեւ սեփականություն գնելու մի ալիք չի բարձրանա, տարերայնորեն՝ առեւտրային նպատակներով, իսկ ինչ-որ պահից գուցե ծրագրված՝ դեմոգրաֆիկ հետեւանքներով։

Սահմաններ՝ աներեւո՜ւյթ, թափանցի՜կ…

Որտեղից են սկսվում պետությունները՝ իհարկե օդային, ցամաքային եւ ջրային սահմաններից։ Այդ սահմանները որեւէ երկրի ինքնիշխանության եւ անվտանգության մարմնավորումն են, դրանց անձեռնմխելիությունը հարկ է լինում պաշտպանել ոչ միայն զինվորական համազգեստով, այլեւ Chanel օծանելիքներով կամ Gucci փողկապով անձանցից։ Ամենքն էլ կհիշեն լրագրային սկանդալը, երբ Իոսիֆ Կոբզոնին՝ ռուսական մաֆիայի հետ սերտաճած լինելու պատճառաբանությամբ թույլ չտրվեց համերգային շրջագայության համար մուտք գործել Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի նման գերտերությունը՝ իր հատուկ ծառայություններով, ամենակա ոստիկանությամբ, տեղեկացվածության ու տեխնիկական հագեցվածության մակարդակով, մեկ առ մեկ կշռադատում է՝ ո՞ւմ մուտքի իրավունք տալ եւ ում ոչ։ Ընդսմին ԱՄՆ-ը սահմանակից երկրների հետ անգամ տարաձայնություններ չունի։ Մինչդեռ Հայաստանը…

Երկքաղաքացիություն նշանակում է առանց վիզայի ՀՀ տարածք մուտքեւելքի իրավունք, ինքնաբերաբար նաեւ ԱՊՀ-ում ազատ տեղաշարժ։ ՀՀ-ի հետ երկքաղաքացիության պայմանագիր ստորագրած երկրի ցանկացած քաղաքացի, մանավանդ եթե հայկական ծագում ունի, կարող է առանց որեւէ նախնական դիմումի, նպատակ հայտարարագրելու կամ ՀՀ տարածքում վերահսկվելու մտքով անցած պահին ՀՀ անձնագրով մուտք գործել երկիր եւ ծավալել մտքով անցած գործունեություն՝ ընդհուպ աղանդավորների հավաքագրում, թմրանյութերի փոխադրում-տարածում, զինված խմբերի կազմավորում։ Մի կերպ գրագետ հայերեն խոսող մեր ոստիկանները այդ քանի՞ լեզվի են տիրապետելու, որ կարողանան տեսադաշտում պահել, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն խոսող հազարավոր օտարերկրացիների, թեկուզ՝ սփյուռքահայ։ Կամ ոստիկանության թվակազմն ու տեխնիկական հագեցվածությունը դա թույլ կտա՞։ Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ երկքաղաքացիություն թույլատրելուց հետո Հայաստանը չի կանգնի դրա «պտուղները ճաշակող» Տաջիկստանի կողքին՝ ժամանակի ընթացքում պրոգրեսիվորեն վերածվելով թմրանյութի փոխադրում-բաշխման նույնպիսի միջազգային կենտրոնի։

Զինծառայությունը

Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ երկքաղաքացիության մասին միջպետական պայմանագրերի կնքումը բավական կլինի, ՀՀ զինված ուժերը կազմալուծելու համար։

Երկքաղաքացիությունը չի կարող շնորհվել միակողմանի՝ միայն ՀՀ-ի կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին, փոխադարձաբար եւ անխուսափելիորեն ՀՀ քաղաքացիների համար էլ մատչելի է դառնալու ֆրանսիական քաղաքացիությունը։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած հայաստանցի կարող է ընտրություն կատարել՝ արդյոք ծառայել հայաստանյան զինված ուժերո՞ւմ, թե՞ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ եւ euro-ով վարձատրվող բանակում։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կնախընտրվի։ Ավելին՝ քանի՞ հայաստանցի կգտնվի, որ նվաղում է բանակում ծառայելու ցանկությունից կամ էլ զուրկ է հնարամտությունից։ Եթե երկքաղաքացիության մասին պայմանագրի կնքումով ՌԴ քաղաքացիությունը դառնա հայաստանցիների համար մատչելի, այդ ո՞ր պատանին է, որ չի կարող փաստաթղթերով ձեւակերպել, թե ինքը մշտապես բնակվում է ՌԴ-ում, հետեւաբար ծառայելու է ՌԴ բանակում։ Իրավական առումով դա նշանակում է անձեռնմխելիություն։ Ոչ զինկոմիսարիատը, ոչ զինվորական ոստիկանությունը չեն կարող զորակոչել կամ իբրեւ դասալիքի հետապնդել պատանու, ում ձեռքին ՌԴ-ում մշտական բնակության մասին փաստաթղթեր են, եթե նույնիսկ ամեն օր նրան հանդիպեն Երեւանում։ Օրինական խուսափումը ՀՀ զինված ուժերում ծառայելուց այնքան մասսայական բնույթ կկրի, որ ոչ մի իրավապահ մարմինների համագործակցություն ի զորու չի լինի համատարած դասալքությունը կանխել։

Հարկային պարտավորությունները

Բոլոր սոփեստությունները սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու նպատակահարմարության մասին վերջնահաշվում դրամական ներհոսքի ակնկալություն են՝ հարկերի տեսքով։ Փաստարկ է, բայց՝ ամբոխավարության դաշտում գտնվողների համար։

Նույնիսկ հայաստանյան խոշոր արդյունաբերողները հայերեն լեզվով գրվող ՀՀ հարկային օրենսդրությունից դժվարանում են կայուն մի դրվածք ընկալել, եւ ժամանակին արձագանքել փոփոխություններին։ ՀՀ հարկային տեսչությունը այդ ի՜նչ տեխնիկական միջոցներ ու կադրային ռեսուրսներ պիտի ներգրավի, որ կարողանա ՀՀ հարկային օրենսդրությունը իր հարափոփոխ լրացումներով մատուցել սփյուռքահայերին՝ վերջիններիս խոսակցական լեզուներով, եւ այնքան ճիշտ, որ թյուրըմբռնումներ չառաջանան, հետո էլ ներկայացված հարկային փաստաթղթերը բնագրերով կամ թարգմանությամբ ստուգի։ Հայաստանում բոլոր հարկային տեսուչնե՞րն են վերապատրաստվելու իբրեւ թարգմանիչներ, թե՞ հակառակը։

Այնուհետեւ՝ ՀՀ հարկային տեսչությունը իր 20-30 դոլար աշխատավարձերով այդ ի՞նչ գործակալների ցանց է ստեղծելու արտասահմանում, որ հետեւի, թե արդյոք հարկատուները եկամուտ չեն թաքցնում։ Հարկային տեսչությունը ցանկացած երկրում ոստիկանությանը աղերսվող կառույց է իրավապահ եւ վերահսկիչ իր գործառույթներով։ Դա դրամահավաք գործակալություն չէ։ ՀՀ հարկային տեսչությունը ինչպե՞ս է սփյուռքահայի տնտեսական գործունեությունը վերահսկելու, թաքցրած եկամուտներ հայտնաբերելու կամ ստիպելու նրան հարկային պարտավորություններ կատարել։ Երեւանից Մոնտեվիդեո, Լիսաբոն կամ Կանբերրա դա արվելու է հեռազգայությա՞մբ։

Եւ վերջապես ի՞նչ տրամաբանությամբ որեւէ երկրի կառավարություն կհանդուրժի, որ իր տարածքում տնտեսավարող սուբյեկտը մեկ այլ երկրի հարկային օրենսդրությամբ հարկվի եւ գտնվի իր մրցակիցներից տարբերվող արտոնյալ վիճակում՝ գոյացնելով հավելյալ չհարկվող եկամուտներ, (աշխարհում բոլոր գործարարների մտահոգությունն էլ ցածր հարկեր վճարելն է, սփյուռքահայն էլ ՀՀ-ին հարկեր կվճարի, միայն եթե այդ կերպ իր համար հատկապես բեռը թեթեւանա)։

* * *

Ամփոփելով՝ արտերկրում բնակվող հայազգի անհատներին ՀՀ քաղաքացիություն շնորհելը միայն հագուրդ կտա հայրենասիրական պատկերացումների, մինչդեռ հասարակական իրավահարաբերություններում կենսագործելի չէ, որովհետեւ անվերջ ծնվելու են խնդիրներ, թնջուկներ ու լաբիրինթոսներ։

Մինչդեռ Հայաստանի համար պետության արժեքային համակարգից մինչ-պետական գոյացությունների՝ (ազգային-ազատագրական պայքարի պլացդարմի, ազգային օջախի եւ այլն) հարթություն սահելը ուղղագծորեն տանելու է պետականության ատրիբուտների ամորֆացման, վերջնահաշվում՝ պետականության վտանգման։ Իսկ ամենից մտահոգիչն այն է, որ եթե մի քանի տարի առաջ հայկական անկախ եւ ինքնիշխան պետությունը կործանելու դրոշակակիրները աղասի արշակյաններն էին, այսօր գումարվել է հանրապետության պաշտոնավարող նախագահի աջակցությունը։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31