Բայց մի գողանա
1995 թ. Երեւանի Մյասնիկյան շրջանի ներքին գործերի բաժինը ուսումնասիրություններ է կատարել Ազգային գրադարանում, հայտնաբերել գրադարանային ֆոնդի մեծ պակաս, պատրաստել համապատասխան նյութեր։ Դրանցով մերժման որոշում է կայացվել, այսինքն՝ քրեական գործ չի հարուցվել՝ համաներման ակտի հիման վրա։ Սակայն քանի որ խախտումների դեպքեր կային արձանագրված, այս նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը 1996 թվականին միջնորդագիր է ներկայացրել մշակույթի նախարարություն~՝ անցկացնել գույքագրում։ Ապարդյուն։ 1998-ի ամռանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերստուգիչ վարչությունն է ստուգումներ անցկացրել եւ պարզել, որ միջնորդագրի քննարկումը կրել է ձեւական բնույթ։ Այդ պատճառով, հիմք ընդունելով վերստուգիչ-վերահսկողական վարչության ստուգումների տվյալները՝ հանրապետական դատախազության կողմից 1998 թ. հուլիսին նոր միջնորդագիր է ուղարկվել։ Նկատի ունենալով այն, Ազգային գրադարանում տեղ գտած իրավախախտումները կարող են բնորոշ լինել նաեւ հանրապետության մյուս գրադարաններին, դատախազությունն անհրաժեշտ է գտել համանման հանձնարարություններ ուղարկել նաեւ տարածքային դատախազություններին՝ գլխավոր դատախազի 1998 թ. դեկտեմբերի 18-ի շրջաբերական նամակով։ Այս մասին «Առավոտին» պարզաբանումներ է տալիս ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը։
– Հանրապետության գրադարանային ֆոնդից բացակայում են մեծ քանակությամբ գրքեր։
-Ազգային գրադարանի կորուստը կազմում էր 800 միավոր. այլալեզու գրականության բաժնում՝ 2140 միավոր, լեզվաբանական եւ տեղեկատու գրականության ենթաբաժնում՝ 353, գրապահոցի հավաքածուների եւ նվիրատվությունների ենթաբաժնում՝ 214։ Դրանց թվում եւ հնատիպ գրքեր (հնատիպ են համարվում մինչեւ 1800 թվականը տպագրված գրքերը)։ Ընդհանուր առմամբ, սա մեզ համար մշակութային մեծ արժեք ներկայացնող երեւույթ է, որովհետեւ աշխարհում ընդամենը 50-ն են այն երկրները, որոնք ունեն հնատիպ գրքեր։
Կարդացեք նաև
– Ի՞նչ կասեք համայնքային գրադարանների մասին։
– Մարզերում ընդհանուր առմամբ 1 մլն 163 հազար 750 դրամ արժողությամբ գրքեր են պակասում։ Պետք է նկատել, որ դա այդ գրքերի ոչ թե շուկայական, այլ հաշվեկշռային արժեքն է, որը սահմանված է դեռեւս խորհրդային տարիներին։ Վերագնահատում դեռեւս կատարված չէ, եւ վերագնահատման դեպքում դրանց արժեքը կբարձրանա մոտավորապես երկու հարյուր անգամ։ Իսկ հնատիպ գրքերի գնահատում դեռեւս չի կատարվել։ Փաստորեն, գրադարանավարները գրքերը տվել են իրենց ծանոթ-ազգականներին եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք վերադարձնելն ապահովելու համար։
– Ո՞րն է նման անվերահսկելի վիճակի պատճառը։
– Վիճակն առավել խճողվել է այն պատճառով, որ գրադարանների մի մասը հանձնվել է համայնքներին։ Գրադարանների մի մասը պետական սեփականություն է, մյուսը՝ համայնքային։ Եվ առավել անմխիթար վիճակում համայնքային գրադարաններն են, ինչը պայմանավորված է նաեւ օրենսդրական անհրաժեշտ դաշտի բացակայությամբ։ Այդ օրենսդրական դաշտը բացառում է համայնքային գույքի օտարման, վարձակալման նկատմամբ որեւէ գործուն վերահսկողություն։ Պետական սեփականության դեպքում այս ոլորտը քիչ թե շատ կարգավորված է պետական նորմատիվ ակտերով, ինչը բացառում է չարաշահումները։
Իսկ համայնքային սեփականությունն օտարելու համայնքի ղեկավարությունը որեւէ նորմով կաշկանդված չէ. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12 հոդվածի 7-րդ կետն է միայն դրան առնչվում, որը համայնքի ավագանուն վերապահում է գույք օտարելու պարագայում համաձայնություն տալու եւ գույքի մեկնարկային արժեքը որոշելու իրավունք։ Սակայն ճշգրտված չէ, թե մեկնարկային արժեքը հաշվարկելիս ավագանին ինչ չափանիշներով պետք է առաջնորդվի համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու դեպքում, ինչպես պետք է հաշվարկի վարձավճարը, ընդհանրապես որ դեպքում կարելի է գույքը օտարել եւ ի՞նչ կարգով։ Հասկանալի է, որ համայնքային սեփականությունը չէր կարող նույն կերպ կարգավորվել, ինչ կերպ պետական սեփականությունն է կարգավորվում։ Սակայն այն երբեւէ պետական սեփականություն է եղել եւ հանձնվել է համայնքների տնօրինությանը եւ համարվում է ընդհանուր սեփականություն։ Այդ պատճառով պետական մարմինները պետք է քիչ թե շատ իրավասու լինեին կարգավորելու նաեւ համայնքային սեփականության օտարմանն առնչվող մի քանի իրավահարաբերություններ, որոնք կկանխեին չարաշահումները։
– Ի՞նչ է արվում այդ գրքերը վերադարձնելու ուղղությամբ եւ հետագայում ի՞նչ քայլեր կձեռնարկվեն՝ նման խախտումները կանխելու համար։
– Արդեն տարածքային դատախազությունների կողմից ձեռնարկված միջոցներով հետ է վերադարձվում գույքը՝ տարբեր միջոցներով։ Առանձին դեպքերում քրեական գործ չի հարուցվում նույնիսկ, քանի որ դրա իրավական հիմքերը չկան։ Այդ պատճառով մենք հաղորդագրություն ենք ներկայացնում ե՛ւ կառավարություն, ե՛ւ ՀՀ նախագահին։ Եվ եթե նախագահին ներկայացվողը նպատակ ունի իրազեկ պահելու նրան, ապա վարչապետին ուղղված հաղորդագրությունն առավել կոնկրետ բնույթ է կրում։ Նրան առաջարկվում են այն ուղիները՝ թե՛ օրենսդրական, թե՛ նյութական, թե՛ կազմակերպչական բնույթի, որոնք կարող են նպաստել գրադարանային ֆոնդը փրկելուն։
ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
* Դավթարն էլ: