Հանրապետության երբեմնի թիվ երրորդ քաղաքն այսօր անմխիթար վիճակում է։ Արդյունաբերական հսկաներով հպարտացող Վանաձորում երկրաշարժից հետո հսկայական կորուստներ գրանցվեցին, դրանցից կարեւորագույնը աշխատատեղերի կորուստն էր։ 17 հազարից ավելի ընտանիքներ նպաստներ են ստանում։
Գործազրկության պաշտոնական թիվը մոտ 14 հազար է, սակայն սա իրականությունը չի արտացոլում այնպես, ինչպես որ կա։ Վանաձորում աշխատող ձեռնարկությունները կարելի է մատների վրա հաշվել, այն էլ՝ ոչ լրիվ ծավալով։ Աշխատում են նախկին կարի միավորումը, հիմա՝ «Բազումք» ֆիրման, այստեղ մոտ 2 հազար մարդ է աշխատում։ Մոտ 250 մարդ է աշխատում «Լոռի» կարի ֆաբրիկայում։ Փոքր զբաղվածությամբ աշխատում է «Ավտոմատիկա» գործարանը, «Ավտոգենմաշը» մինչեւ վերջերս աշխատում էր, սակայն ռուսաստանյան վերջին ճգնաժամի հետեւանքով, ձեռնարկությունը կանգնած է։ «Հաստոցաշինական» գործարանը նույնպես աշխատում է կիսատ-պռատ։ Վանաձորցին հիմնականում նույն խնդիրներն ունի, ինչպես հանրապետության մյուս բնակավայրերի բնակիչները։ Սակայն վերջին շրջանում բազմաթիվ հոգսերին գումարվել է մեկ խնդիր եւս. ժամանակ առ ժամանակ քաղաքում բռնկվում է տիֆի համաճարակը։ Սկզբում վարկվածների թիվը 6-ն էր, վարակի աղբյուրը ջուրն է։
Քաղաքի բախտը ջրի հարցում եւս չի բերել։ Տարիներ շարունակ խողովակաշարերը չեն փոխվել եւ շարքից դուրս են գալիս։ Նույն հինն ու մաշվածն է նույնիսկ այն թաղամասի ջրամատակարարումը, որտեղ բնակվում է Վանաձորի քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը. «Ես ինքս որպես բնակիչ, «Տարոն-4» թաղամասում եմ բնակվում, եթե այսօր էլ ջուրը չտային, արդեն վեցերորդ օրը կլինի, ինչ ջուր չունենք։ Մյուս թաղամասերը եւս խայտառակ վիճակի մեջ են։ Աստված չանի, եթե վաղը մի բան սկսվեց, դեմն առնել չենք կարող»։ Քաղաքապետի մտահոգությունը կիսում ենք, բայց եւ ստիպված էինք հարցնել, թե ինքը որպես քաղաքապետ, ի՞նչ է անում հարցի կարգավորման համար։ Քաղաքապետն ասաց, որ հարցը դեռ անցյալ տարվանից է բարձրացված, կառավարությունում բոլորը տեղեկացված են, նույնիսկ հարցը հասել է այնտեղ, որ վարչապետի կողմից հանձնարարություն տրվեց երեք նախարարի՝ քաղաքաշինության (Փիրումյան), ֆինանսների (Սանդոյան), տարածքային կառավարման (Զադոյան), որ վերջիններս լինեն տեղում եւ հարցին ընթացք տան։ Անցյալ տարի պետք է նախարարները գային, բայց չեկան։ Փաստորեն երեք նախարարներ չկատարեցին վարչապետի հանձնարարությունը։ Հարցը մոռացվեց, նախարարները վարչապետի հանձնարարությունը չկատարելու համար չպատժվեցին, իսկ վանաձորցին մնաց անսարք խողովակներով եւ անջուր։
Տիֆի դեմն առայժմ առնված է, բայց րոպե առ րոպե հնարավոր են նոր բռնկումներ։ Եթե հայտարարում ենք աշխարհով մեկ, թե գտե՜լ ենք ՍՊԻԴ-ի բուժման, ապա առնվազն ծիծաղելի է, ավելի ճիշտ տարօրինակ եւ վտանգավոր, որ տիֆի պես մոռացված մի հիվանդություն գլուխ է բարձրացնում 20-րդ դարի վերջին տարում, հրաշք բնություն ունեցող քաղաքում։ Խեղճ բնությունն ի՞նչ իմանա, որ հանձնարարություն տալը մի բան է, կատարելը՝ բոլորովին այլ։ Կամ ի՞նչ իմանա միամիտ լոռեցին՝ նախագահի նախընտրական խոստումների մեջ Վանաձորի ջրամատակարարման համակարգը բարեփոխելու մասին խոսք կար, թե՝ չկար։ Այ, եթե իմանար, կգնար նախագահին կասեր՝ խոստացել ես, կատարի՛ր: Իսկ վարչապետին արժե հարցնել՝ էդ ո՞նց է լինում, որ նազիր-վեզիրները (քաղաքաշիության, ֆինանսների, տարածքային կառավարման նախարարները) նրա (վարչապետի) հանձնարարությունը չեն կատարում։
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ