Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԹԱՆ ՉԻ ԼՍՈՒՄ, ՆՈՒՆԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ

Մայիս 07,1999 00:00
nune esayan

Ամբողջ աշխարհում ընդունված են նախընտրական քարոզարշավի ընթացքում այս կամ այն արտիստի (կամ արտիստների) համերգները՝ պատգամավորության որեւէ թեկնածուի օգտին։ Մեզ մոտ՝ Հայաստանում, այս պրակտիկան հատկապես մուտք գործեց 1996-ի նախագահական ընտրությունների ընթացքում։ Արվեստի հայտնի դեմքերն ու շոու-բիզնեսի աստղերը ջերմեռանդորեն 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ելույթներ ունենալուց հետո՝ 1998-ին նույն ջերմեռանդությամբ ելույթ ունեցան Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Խորհրդարանական այս ընտրություններում դեռեւս ակտիվ են միայն արվեստի (մտավորականության) հայտնի դեմքերը։ Իսկ շոու-բիզնեսի աստղերը (վերջին շրջանում միայն աստղեր են, ոչ մի երգիչ չի հանդիպում) համերգային մեծ ծրագրով հանդես են եկել միայն ՀՅԴ-ի օգտին։ Դեռեւս հայտնի չէ՝ պատգամավորության թեկնածուներն ու կուսակցություննե՞րը չեն ցանկանում, թե՞ աստղիկները ելույթների դիմաց մեծ փողեր են պահանջում։

Նախորդ օրը «Արմենիա» հյուրանոցի մոտ հայկական շոու-բիզնեսի աստղաբույլից մի քանի աստղիկի հանդիպեցի։ Աչքերիս չհավատացի, մի՞թե մարդիկ չեն նկատում, որ երկնքից «իսկական աստղեր» են իջել։ Ինչո՞ւ ոչ ոք չի մոտենում ինքնագիր խնդրելու աստղերից կամ գոնե ձեռք տալու։ Սիրտս կտոր-կտոր էր լինում հայրենական արտադրության աստղերի համար, ասացի՝ գոնե ես մոտենամ, չմոտեցողների «թասիբը» պահեմ։ Աստղերին իմ մոտենալուն պես, նրանցից մեկը (երեւի ամենահամակրելին)՝ «Շարմից» Ռուբեն Ջաղինյանը, հեռացավ։ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում որեւէ պատգամավորի օգտին համերգներ տալո՞ւ եք»,- հարցս ուղղեցի Նունե Եսայանին ու Թաթային։ Չգիտես ինչու, նրանց փոխարեն չափազանց ակտիվացավ «Շարմից» ինչ-որ սեւ տղա։ Երբ աստղերին հայտնեցի, թե ՀՀ սահմանադրությամբ սեւ տղայից բացի իրենք էլ ձայնի իրավունք ունեն՝ մի քանի րոպե անց անզուգական աստղ Նունե Եսայանը բացասական պատասխանի նշաններ ցույց տվեց։ Ի տարբերություն Նունե Եսայանի, Թաթան չափազանց շատախոս դուրս եկավ. «Ես լավ չեմ լսում, նորից կրկնեք»։ Իհարկե, ես չկրկնեցի։ Պարզապես մի հիշեցում Նունե Եսայանին։ Օրեր առաջ մեր անզուգականը մտահոգված էր այն խնդրով, որ հայկական մամուլը քիչ է անդրադառնում հայկական շոու-բիզնեսի աստղերի հաջողություններին։ Ու պարզապես խնդրում էր լրագրողներին, որ քաղաքականությունից բացի իրենց էլ նկատեն, իսկ այսօր՝ լռում է։

Ամբողջ աշխարհում իսկապես ընդունված են արտիստների ելույթները քարոզարշավների ընթացքում։ Եվ ամբողջ աշխարհում արտիստներն այդ հանգամանքը չեն թաքցնում, ավելին, նրանք (արտիստները) նախօրոք ներկայացնում են մեկ ելույթի արժեքը (եթե իհարկե այդ արժեքով, կոպիտ ասած, գնում են)։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31