Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ձեզ են խաբել, դուք էլ՝ իրենց խաբեք»

Մայիս 07,1999 00:00
Vanadzor

Վանաձորի «Արցախ» պուրակում կոմունիստական հանրահավաքի ցուցապաստառներն այս անգամ պատերի վրա «զմռսված» չէին, այլ՝ ժամանակավոր հարմարեցված, որի պատճառով կարգախոսները հստակ չէին երեւում, քանի որ մայիսյան քամին ծածանում էր։

Ըստ երեւույթին, քաղաքային իշխանությունները հանձնարարել էին հանրահավաքից հետո ոչինչ չթողնել «հիշատակ», քանի որ հանրահավաքներից հետո երբեմն ամիսներով պատերին փակցված էին մնում կարգախոսները։ Սկզբում մասնակիցների թիվը մեծ էր, սակայն գնալով բազմությունը նոսրացավ։ Հավաքվածների գերակշիռ մասը սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում գտնվողներն էին եւ հիմնականում՝ ավագագույն սերնդի ներկայացուցիչներ։ Տարեց մի կին մեծ նվիրվածությամբ կրում էր ահռելի մի դրոշ եւ հոգնածության որեւէ նշան ցույց չէր տալիս, սակայն շատ սպառնալից կեցվածք էր ընդունել։ 10-12 տարեկան մի տղա խնդրում էր այդտեղ գտնվող տատիկին՝ գնալ տուն, բայց վերջինս անդրդվելի էր։

Ելույթ ունեցավ Լոռու մարզի 49 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուն՝ ՀԿԿ անդամ, որը քննադատեց Վանաձորի քաղաքապետին ու Լոռու մարզպետին։ «Ի գիտություն» լրագրողների (ինչը հատուկ շեշտվեց) ելույթ ունեցողը նաեւ տեղեկացրեց, որ Վանաձորի արյան փոխներարկման կայանի աշխատողները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ ղեկավարությունը թույլ չի տալիս աշխատողներին դժգոհել, սպառնալով, թե աշխատանքից կզրկի։ «Էդ ի՞նչ ֆաշիստական պարագլուխ է էդ ղեկավարը, որ թույլ չի տալիս բողոքել»,- դատապարտեց ելույթ ունեցողը։ Ընտրությունների կապակցությամբ էլ նշվեց, որ ընտրողների ցուցակներում կան նաեւ… 4 տարեկան երեխաների, ինչպես նաեւ՝ մահացածների անուններ։

Տարբեր ելույթներում քննադատվեցին հանրապետության իշխանավորներն ու առանձին պատգամավորության թեկնածուներ։ Նշվեց, որ «նորմալ, սուպերմարկետ ունեցող» երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս, եթե դա պահանջում են։ Քննադատության ենթարկվեց նաեւ ժողովուրդը, որը «պասիվ» է։ Մասնավորապես, ելույթ ունեցող մի կին ամոթանք տվեց ժողովրդին, ասելով. «Ինչի՞ց եք վախենում», իսկ մեկ ուրիշը կոչ արեց ընտրությունների կապակցությամբ հնարավոր ընտրակաշառքներից չհրաժարվել. «Վերցրեք ինչ տալիս են, չամաչեք, բայց ճիշտ քվեարկեք։ Միշտ իրենք են ձեզ խաբել, այս անգամ էլ դուք խաբեք»։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31