Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻ»

Մայիս 07,1999 00:00
iravunq

«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը շարունակում է իր հանդիպումները ընտրողների հետ։ Այսօր Գետաշենի անկման 8-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն նրանք՝ Արզնիում։ Նախընտրական դաշինքի մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ռադիոհեռուստատեսային գովազդների համար իրենք կնքել են 3000 դոլարի պայմանագիր, որի կեսն արդեն օգտագործվել է։ Այս պահին դաշինքի տեխնիկական զինվածությունն այսպիսին է. ունեն 2 «Ժիգուլի» վարձակալած (մինչեւ 70 դոլար ամսեվճարով), եւ 2 բջջային հեռախոս։ «Առավոտի» այն հարցին, թե «ներարկումների սպասո՞ւմ եք» պրն Վ. Հակոբյանը պատասխանեց, որ ներարկումների իրենք միշտ էլ սպասում են՝ քաղաքացիներից, դաշինքի համակիրներից, ձեռներեցներից։ «Իրավունք եւ միաբանությունը» Կենտրոնական բանկում բացված իր հաշվի համարում ունեցել է 4,2 մլն դրամ գումար, այսօր՝ 360 հազար դրամ։ Նախընտրական գրքույկների տպագրման վրա ծախսվել է 960 հազար դրամ, իսկ գունավոր պաստառների համար՝ 720 հազար դրամ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՐՈՒ ՆԱՄԱԿԸ

hayoc ashxarh

 

«Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր պրն Գ. Մկրտչյանին

Կարդալով ձեր թերթի մայիսի 1-ի համարում արտատպված Ռոլանդ Շառոյանի հոդվածը («Նա ազգի խոնարհ նվիրյալն էր, որի համար ողջ կյանքն էր մարտադաշտ»), ինձ մի պահ թվաց, թե կյանքը ուղիղ մեկ տարով ետ է շրջվել։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի խնայել թերթի մի ամբողջ էջ, փոխարենը գրելով՝ տե՛ս «Հայոց աշխարհի» 98 թվի նույն օրվա համարը։ Ասելի՞ք չկար։ Հարցս պատասխան չի ակնկալում։ Ամեն ինչ ասվեց 5 տարի առաջ՝ ատրճանակների կրակոցներով։ Իսկ այսօր լռելը, կարծում եմ, ավելի բարոյական կլիներ հենց իրենց՝ Գագիկ Սահակյանի «ընկերների» համար։ Խոսքը իսպա՛ռ լռելու մասին է։

Հարգանքներով՝ «ազգի խոնարհ նվիրյալի»

այրի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտը» սովորություն չունի տպագրել մեր գործընկերներին ուղղված նամակները՝ նույնիսկ, եթե դրանք այդ խմբագրություններում մերժվում են։ Սակայն այս դեպքը բացառիկ է այն իմաստով, որ նամակը տպելու խնդրանքով է դիմել այրին։ Տիկին Գայանեի ամուսինը 94-ի մայիսի 2-ին դարձել է «Դրո» կառույցի զոհը։ Հիշեցնենք, որ դատարանին չհաջողվեց ապացուցել այդ կառույցի ենթակայությունը դաշնակցության ղեկավար մարմիններին։

«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Roza Carukyan

Բազմիցս Ձեր համարներում գրվում են իմ որդի՝ Գագիկ Ծառուկյանի մասին անպատշաճ հոդվածներ, ինչպես՝ ապրիլի 23-ի «Առավոտում»։ Ես՝ որպես նրա մայր, շատ վրդովված եմ. Գագիկ Ծառուկյանը «Մուլտի Գրուպի» նախագահն է, աշխարհի չեմպիոն, պարգեւատրվել է 2 ոսկե մեդալով «Արմռեսլինգ» մարզաձեւում, շատ ճանաչված արտադրության եւ գործարարության տեր է, բարեգործ ոչ թե բառերով, այլ իրականում։ Իր ուժերով Առինջ գյուղում կառուցել է Աստվածածին եկեղեցին, որը հիացմունք է պատճառել ոչ միայն Հայաստանի, այլեւ արտասահմանի հայությանը։ Խնդրում եմ հաշվի առնել նրա բազմաթիվ մարզական խմբակների հովանավորությունը եւ այլեւս նրա մասին Ձեր էջերում ոչ ճիշտ, իրականությանը չհամապատասխանող հոդվածներ չտպել։ Մեծ հարգանք ունեմ թերթի ղեկավար, հարգարժան, գործին լավատեղյակ, իմ կողմից գնահատված պարոն Աբրահամյանի նկատմամբ։

Հարգանքներով՝ Հայաստանի Հանրապետության առաջին կին ֆերմեր

ՌՈԶԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31