Ինչպես հայտնի է, Սերգեյ Փարաջանովի 75-ամյա հոբելյանական հանդիսությունների շրջանակներում այսօր ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը «Ոսկե նուռ» Փարաջանովի անվան հետմահու հուշամրցանակ է հանձնելու Սերգեյ Փարաջանովին։ Հայաստանի ֆիլմ արտադրողների (կինոպրոդյուսերների) ասոցիացիայից «Առավոտին» հայտնեցին, որ պրն Շառոյանի «Ոսկե նուռը» իրականում արծաթյա է։ Բացի այդ, իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարին եւ հատկապես կինոյի հարցերով փոխնախարարին այլոց նախաձեռնության յուրացման ավանդույթը պահպանելու համար։ Ըստ Հայաստանի ֆիլմարտադրողների ասոցիացիայի, «Ոսկե նուռը» ստեղծվել եւ սահմանվել է իրենց կողմից դեռեւս 1995-ի նոյեմբերի 25-ին։ 1996 թ. հունվարի 28-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում կայացել է հուշամրցանակի շնորհանդեսը։ Իսկ մեր կարծիքով, որքան շատ նուռ, այնքան լավ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, մեկնում է անհայտ ուղղությամբ՝ քեռուն տեսակցության։ Ս. Ասատրյանը նպատակահարմար էր համարել քարոզարշավը սկսել մայիսի 5-ից։
Կարդացեք նաև
Հավաստի աղբյուրից «Առավոտին» հայտնի դարձավ, որ ՀԵԿ-ի նախագահ Ս. Ասատրյանի հետ Մոսկվայում ինչ-որ բան է պատահել։ Քանի որ, մինչեւ օրս ՀԵԿ-ի քարոզարշավը չի սկսվել՝ այս լուրը շատ հավանական թվաց։ Այն ճշտելու համար դիմեցինք ՀԵԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սարգիս Զաքարյանին: Վերջինս հաստատեց, որ Սարգիս Ասատրյանը գտնվում է Մոսկվայում, «բայց թե իբր նրա հետ ինչ-որ բան է պատահել՝ ես այդ լուրը ձեզանից եմ լսում՝ ինչպես կարող եմ հաստատել կամ ճշտել»,- ասաց Ս. Զաքարյանը։