Երեկ երեկոյան ՀՀՇ վարչություն էր այցելել հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀՇ ղեկավարության հետ մոտ 1 ժամ տեւած առանձնազրույցից հետո հավաքված լրագրողները միջանցքում հնարավորություն ունեցան մի քանի հարց տալ Տեր-Պետրոսյանին.
– Մտադիր ե՞ք պաշտպանել Վանո Սիրադեղյանին։
– Նրան ես միշտ պաշտպանել եմ։
– Ի՞նչ ձեւով է դրսեւորվելու ձեր պաշտպանությունը։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ՝ Վանո Սիրադեղյանն առանձնապես պաշտպանության կարիք չունի։
– Ձեր կարծիքով Սիրադեղյանի հարցը քաղաքակա՞ն է, թե՞ քրեական։
– Չեմ կարող պատասխանել. չեմ ուզում մեկնաբանել։ («Պատմական է»,- կողքից արձագանքեց լրագրող Ալվարդ Բարխուդարյանը)։
– Ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական դաշտ կձեւավորվի Հայաստանում։
– Մեկ ամիս համբերեք, կտեսնենք։
– Ինչո՞ւ դուք չարձագանքեցիք Սիրադեղյանի ձերբակալությանը։
– Ես կարծում եմ, սա արձագանք է։ Իմ ներկայությունը ՀՀՇ-ի շենքում, կարծում եմ, ամենապերճախոս արձագանքն է։
– Մտադի՞ր եք իշխանություններին դիմել որեւէ կոչով։
– Ես արդեն դիմեցի։
– Իսկ ժողովրդին որեւէ կոչով կամ հայտարարությամբ դիմելո՞ւ եք։
– Կդիմեմ մեկ կոչով՝ այս դժվար վիճակում չկորցնեն իրենց համբերությունը, չկորցնեն իրենց լավատեսությունը։ Ես չեմ կասկածում, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու։
– Այսինքն, դուք լավատես չեք, բայց ժողովրդին դիմում եք, որ լավատե՞ս լինի։
– Ես լավատես եմ, իմ լավատեսությունը փոխանցում եմ ժողովրդին։
– Ասում են՝ Սիրադեղյանի հետ կապված դժվարությունները կարող են առիթ դառնալ, որ ՀՀՇ-ի ներսում հակասությունները հարթվեն։
– Աստված տա, ես միայն ուրախ կլինեմ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ