Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 07,1999 00:00
privet

Այս նախընտրական ծրագրում բումերանգի պես մի հայտարարություն կա. «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը հասարակության համար վտանգավոր է համարում երեսպաշտ ամբոխավարական խոստումները կենսամակարդակի աճի վերաբերյալ, երբ չի բացատրվում, թե ինչ կերպ է դա արվելու»։

Այս դաշինքը բնավ միակը չէ, որ ընդհանրական, որոշակիությունից զուրկ խոստումներ է ամրագրել։ Կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկենտ են այնպիսի խոստումները, որոնց համար ընտրողները հետո կարող էին հաշիվ պահանջել։ Գրեթե չկան ծրագրեր, որտեղ իրոք բացատրվի, թե ինչպես են աճեցնելու կենսամակարդակը։

Բայց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի պարագան փոքր-ինչ այլ է, քանզի նրանք իրենց համանման ծրագիրը հռչակել են «ընդգրկուն պրոֆեսիոնալ մի Ծրագիր (մեծատառն «ԻՄ» դաշինքինն է- Ա. Ի.), որի հետեւողական կենսագործման շնորհիվ իրականություն կդառնան հետեւյալ նպատակները»։ Եվ դրան անմիջապես հաջորդում է հետեւյալ նպատակը, որն ուղղակի ապշեցնում է իր ընդգրկունությամբ եւ արհեստավարժությամբ. «Մեզանում չպիտի լինեն աղքատներ»։ Բայց ամենաբարեկեցիկ եւ գերքաղաքակիրթ երկրներում անգամ աղքատներ կան, ուստի ենթադրելի է, որ «Իրավունք եւ միաբանությունը» երեւի պատրաստվում է խորհրդարանում տեղեր գրավելուց հետո ուղղակի ֆիզիկապես վերացնել աղքատներին։

Եթե այստեղ ինչ-որ կասկածելի որոշակիություն կա էլ՝ ապա ծրագրի մնացյալ դրույթների առյուծի բաժինը նման ստորոգյալներով կազմված նախադասություններն են՝ «կիրականացվեն», «կստանձնի», «կխրախուսվի», «կլինեն (մշտական հոգածության առարկա)», «կբարելավվի (արմատապես)» եւ այլն։ Կարելի է նաեւ երկու օրինակ բերել նման ստորոգյալներով կազմված նախադասություն-խոստումներից. «Կվերականգնվի հայ ընտանիքի հեղինակությունը», «Կվերականգնվի Հայաստանի միջազգային վարկը»։ Վերջինն արդեն բոլորովին հասկանալի չէ՝ եթե Հայաստանի ներսում դաշինքը գուցե հաջողի էլ ինչ-ինչ բաներ փոխել, ապա ի՞նչ լծակներ ունի միջազգային հանրության դիրքորոշումը փոփոխելու համար։ Ինչեւէ, «վերականգնում՝ առանց սահմանների» այս դաշինքը նաեւ վերականգնելու է ուսուցչի բարձր հեղինակությունը, իսկ «Հայաստանը լքած հայը կվերադառնա իր հայրենի օջախը»։

Սոցիալական նպատակների բաժնում իրենց խնդիրներն են ազդարարվում. «Նախ եւ առաջ, կերակրել եւ հագցնել մարդկանց, ավագներին ապահովել աշխատանքով, նախադպրոցական հասակի երեխաներին՝ լիարժեք սնունդով եւ անվճար բուժսպասարկմամբ, աշակերտներին տալ դասագրքեր ու դպրոցական նախաճաշիկներ, կենսաթոշակառուներին՝ դեղորայք եւ արտոնություններ»։ Եվ ոչ մի տեղ չեք գտնի այն հարցի պատասխանը, թե ինչպես է պատրաստվում «Իրավունք եւ միաբանությունն» իրականացնել իր այս խոստումները, ի՞նչ մեխանիզմներով։ Ենթադրելի է, որ ուրեմն այս բոլոր բարիքները մեզ հասնելու են որպես երկնային մանանա՞, թափվելու առատության եղջյուրի՞ց։

Ասենք, նշել են. «Գյուղացուն մատչելի կդառնա այն ամենը, ինչ հարկավոր է սննդամթերք եւ հումք արտադրելու համար, այդ թվում՝ ոռոգման ջուր (որոշ վայրերում՝ անգամ ձրի)»։ Ո՞վ է վճարելու այդ ջրի համար, պետությո՞ւնը։ Ռոբերտ Քոչարյանն էլ խոստացավ եւ իրականացրեց ոռոգման ջրի սակագինն իջեցնելը։ Հետեւանքն այն եղավ, որ այդ ոռոգման ջուրն ուղղակի տեւականորեն անհետացավ (Արտաշատում նման իրողության մասին «Առավոտը» ժամանակին գրել էր)։ Եվ կամ, «Իրավունք եւ միաբանությունը» խոստացել է. «Պետությունը կճանաչի կոնկրետ իր պարտավորությունները խաբված ավանդատուների հանդեպ, հոգալով նրանց վնասի աստիճանական հատուցումը»։

Այսինքն, պետությունը պիտի վճարի մասնավոր բանկերին տոկոսով տրված գումարների համա՞ր։ Եվ սա այն պայմաններում, երբ պետական՝ խնայբանկերի ավանդներն անգամ չեն կարողանում վերադարձնե՞լ։ Դրանց մասին էլ կա նախընտրական ծրագրում, չէ որ ավանդների թեման շատ հարմար է ընտրողներ գրավելու համար։ «ԻՄ» դաշինքը խոստանում է. «Խնայբանկերի ավանդները կձեւակերպվեն որպես պետական պարտք եւ կսկսվի դրանց աստիճանական վերադարձը՝ հատուկ մշակված կարգով»։ Որոշակի համարվելու համար այս խոստմանը միայն մի բան է պակասում՝ «ե՞րբ» հարցի պատասխանը։ Ի դեպ, ամբողջ ծրագրում որեւէ ժամկետ կամ թվական նշված չէ։

Դրանց փոխարեն հարգի են այսօրինակ հայտնագործությունները՝ «Մենք գյուղը դիտում ենք ոչ միայն որպես սննդամթերք ու հումք մատակարարողի, այլ նաեւ նախ եւ առաջ որպես հայի բնակության վայրի» եւ հայտարարությունները՝ «Արդարադատությունն օրենքից զատ այլընտրանք չունի, օրենքը հավասար է բոլորի համար»։ Ո՞վ կվիճարկի այս հանրահայտ ճշմարտությունը։ Բայց ինչպե՞ս է պատրաստվում դաշինքը շտկել այն վիճակը, երբ օրենքը ոմանց համար ավելի հավասար է, քան մյուսների՝ նախընտրական ծրագրում այս հարցի պատասխանը եւս չկա։

Փոխարենն այս ընդհանրական դատողություններին գումարվել են «բարեփոխումների» կործանարար ուղեգծի» վերաբերյալ դատողությունները՝ «Ինչ ունենք մենք» խորագրի տակ։ Բնական է երեւի, որ պիտի հայտարարեին, թե ոչ մի լավ բան չունենք։ «Սոված մանուկներ, անտեր Հայաստան» հանգերգով «ԻՄ» դաշինքն ամրագրում է մեր ունեցվածքն այս տեսանկյունով. «Տագնապալի փաստ են դարձել ազգային ավանդույթների կործանումը, հասարակության հոգեւոր աղքատացումը, կաշառակերության եւ ծախվածության մոլեգնումը, պետական եւ անձնական անվտանգության կորուստը (…)։ Պառակտվել է հավատը, երկփեղկվել են հոգիները, դարձել անօգնական եւ անպաշտպան օտար ներխուժումների հանդեպ»։

Չի՞ հիշեցնում այս ամենը «Մկների ժողով» մուլտֆիլմի այն մկանը, որ սիգարետի մոխիրը գլխին տալով ողբասացում էր. «Վա՜յ, մեր ազգի վերջը եկել ա»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» մտադիր է առաջիկայում անդրադառնալ այլ դաշինքների եւ կուսակցությունների նախընտրական ծրագրերին եւս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31