Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՄԻՆԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՆԿԵՂԾ» ԿԱՏԵԳՈՐԻԱ

Մայիս 07,1999 00:00
liberal

Լիբերալ արժեքների ջատագովները երեկ դարձյալ սեմինար էին հրավիրել։ Թեման՝ «Լիբերալ արժեքները հասարակական գիտակցությունում»։

Զեկուցողը Էմիլ Երիցյանն էր (նրա ով լինելը մոռացա ճշտել- Լ. Ա.)։ Վերջինս մանրակրկիտ ներկայացրեց իր ռեֆերատը այս թեմայով՝ օրինակներն ու ցիտատները բերելով հիմնականում բանավեճին ներկա քաղաքական գործիչներից։

Հասցնելով լրջագույնս եւ ողջ խորությամբ ուսումնասիրել հայ ժողովրդի հասարակական գիտակցությունը, մինչ այդ կարդալով տարբեր գրքեր, պրն Երիցյանը խորաթափանցությամբ եզրակացրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավի «առաջընթաց» բառն իր հրաշագործ ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ, ուր իր «Ուրույն» տեղն ունի նաեւ «արդարություն» բառը։ Պրն Երիցյանի զեկույցն այնքանով էր հետաքրքիր, որ հետո ենթադրում էր այլ ելույթներ։

Ուշագրավ էր ԼԴԿ-ի նախագահ Վիգեն Խաչատրյանի ելույթը։ «Ըստ էության, Հայաստանում լիբերալ ուժերին չհաջողվեց ստանձնել իշխանություն։ 1,5 տարում Հայաստանում տեղի է ունենում նոմենկլատուրայի եւ ցեխավիկների ռեւանշ՝ նոր որակով»։ Ընդ որում՝ նորօրյա ցեխավիկների համար սրբություն են միլիցիան, 6-րդ վարչությունը, նախագահը։ Ապա թե՝ հասարակության գիտակցության մեջ արմատավորված է ստրկամտությունը, սեփական անձը դիտվում է որպես գործիք, ՉՌվՑՌՍ։ Հետո անակնկալ անցում կատարվեց. «ԵՊՀ-ում Վահան Հովհաննիսյան կոչվող քաղաքական գործիչն ասում է՝ մենք ազատության կողմ ենք, բայց մարդը չի կարող ազգից ավելի ազատ լինել։ Անհեթեթություն։ Սրա տակ դեսպոտիզմի հիմքն է։ Վայրի, մարտնչող տգիտություն»։

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ «հայ իրականության մեջ ամենասարսափելին քաղքենիությունն է։ Պետք է կուսակցություն ստեղծել՝ ստեղծվում է, պետք է պատգամավոր դառնալ՝ դառնում են, պետք է «Մերսեդես-600» ունենալ, ունենում են, պետք է ժամանակին Թբիլիսիից բերած «վադալազկա» հագնել, հագնում են։ Սա մտել է նաեւ քաղաքականության մեջ»։ (Համաձայնեք, սակայն, որ թվարկվածները այնքան էլ վատ ձգտումներ չեն։ Իրենք՝ սեմինարի կազմակերպիչները նույնպես ունեն կուսակցություններ, պատգամավոր են, մերսեդես, թող որ ոչ «600», «վադալազկայի» փոխարեն էլ գունավոր վերնաշապիկներ-Լ. Ա.)։

Իր ծանրումեծ խոսքն ասաց նաեւ Բաբկեն Արարքցյանը։ Նա խոսեց «իրենց օրոք» ստեղծված ամենամեծ լիբերալ արժեք ներկայացնող փաստաթղթի՝ Սահմանադրության մասին։ «98-ի հեղաշրջումից հետո» առաջնային խնդիրը, սակայն, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը եղավ։ Արարքցյանի կարծիքով նոր ԱԺ-ում «որոշում կընդունվի սահմանադրական փոփոխությունները ոչ թե հանրաքվեի, այլ ԱԺ-ի ձայների 2/3-րդի միջոցով անել»։

Այսօր յուրաքանչյուրն իր պարտքն է համարում խոսել պատգամավորության անձեռնմխելիության վերացման, պատգամավորին հետ կանչելու մասին օրենքներ ստեղծելու մասին (սա Վիգեն Խաչատրյանի միտքն է- Լ. Ա.)։ «Հետկանչի օրենքը գործել է Խորհրդային Միությունում։ Ինչո՞ւ. որ կոմկուսը երբ պետք լինի, հետ կանչի մի պատգամավորին, նորին ընտրի։ Ցանկացած մարդ, ով ասում է՝ հետկանչ, չի հասկանում, մեղք է։ Պիտի բացատրես, կրթես»։

Դավիթ Շահնազարյանի ելույթը թարմ մտքերով առանձնապես աչքի չընկավ։ Նորը թերեւս այն էր, որ «առաջնորդելով բացարձակապես լոզունգային տրամադրվածությամբ, բանավեճային տեխնոլոգիաներին չտիրապետելով, հիմար կարգախոսներ գործածելով՝ այլ գաղափարախոսություն ունեցող ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին։ Բանավեճերում իրենք մերկ են, ասելիք չունեն»։ Իսկ Դաշնակցությո՞ւնը։ Դե՛, այն ապօրինի գործող կուսակցություն է, որը ժողովրդի մեջ ահաբեկչության, անօրինականության, զազրախոսության հիշողություն է։ «Բայց այսօր դա իշխող կուսակցություն է»։ Իսկ առաջիկա ընտրությունների նպատակն, ըստ Շահնազարյանի, նոր հեղաշրջում նախապատրաստելն է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ժողովրդին լիբերալ, սոցիալիստական կամ այլ գաղափարների ու արժեքների տեսական գիտելիքները չեն հետաքրքրում։ Դեռ նախորդ սեմինարին էր ասվել, որ արժեքային համակարգը ձեւավորում է տվյալ հասարակության էլիտան։ Ժողովուրդը հիմա ապրում է այդ էլիտայի ձեւավորած արժեքային համակարգով՝ աղքատ, ստորացված ու առանց ակնկալիքների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31