ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ պրն Վուլչանովը, որը ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից, շուրջ մեկ ամիս է Հայաստանում է իբրեւ դիտորդական առաքելության ղեկավար։ Մայիսի 6-ին նա հանդիպել է ԿԸՀ նախագահ Սահրադյանին, իսկ մայիսի 7-ին էլ հանդիպելու է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Ենթադրվում է, որ քննարկումների թեման Վանո Սիրադեղյանն է։
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ
«Առավոտի» ընթերցողներից մեկը երեկ ահազանգեց Կիեւյան կամրջից դեպի Ֆիզիկայի ինստիտուտ ընկած տարածքի մեջտեղում, «Աջափնյակ» մետրոյի կառուցվող կայարանի դիմաց իրականացվող ինչ-որ շինարարության մասին։ «Ծառերն են կտրում, Հրազդանի ձորի բնությունը փչացնում։ Ո՞վ է թույլատրել սա»,- հարցնում էր ընթերցողը։
Կարդացեք նաև
ՆՈՐ ՆՍՏԱՎԱՅՐ
Մինչեւ վերջերս հավատացած էինք, թե Հայաստան դրախտավայրում մեկ նստավայր կա ընդամենը՝ ՀՀ նախագահի նստավայրը։ Երեկ հայտնվելով Արմավիրի մարզում, պատերից մեկի վրա նկատեցինք հետեւյալ ցուցանակը. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան. Էջմիածնի նստավայր»։
ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անցյալում ՀՀՇ-ական է եղել այժմ «Հզոր հայրենիք» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ստեփան Մարգարյանը։ Կուսակցությունից կուսակցություն անցնելիս նա հասցրել է փոխել նաեւ ազգանունը։ ՀՀՇ-ի ժամանակներում Ստեփան անվան կողքին գրվել է Ղարագեբակյան։
ԲՆՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ
Ըստ որոշ տեղեկությունների, փոխվելու է ԱԺ ցուցատախտակի բովանդակությունը։ Նորընտիր Ազգային ժողովում պատգամավորներն այլեւս չեն քվեարկելու «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ» սկզբունքով։ Նոր ցուցատախտակով քվեարկելու են «ճշտով», «սխալ», «բ… ըլնեմ»։