Այս հայտարարությունն արել էր նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անցած տարվա մարտին, Լեւոն Տեր-Պետրոսյանին անպայման պատժելու վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ։ Այժմ, երբ ՀՅԴ-ն պատրաստվում է առաջին նախագահի վերաբերյալ քաղհայցով դիմել դատարան, փոխվե՞լ է արդյոք երկրորդ նախագահի դիրքորոշումը։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը համարում է, որ անհատները եւ օրենքով նախատեսված այլ սուբյեկտներն ունեն իրենց հետաքրքրող հարցերը դատական կարգով լուծելու իրավունք, սակայն նախագահն այդ խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել»։
ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ
Ժամանակին «Դրո» եւ «31»-ի գործերով փաստաբանները թեւավոր խոսք ունեին՝ «Երանի՜ այն օրվան, երբ Վանոյի դատապաշտպանը կդառնանք»։ Նրանցից երկուսի՝ Ռուբեն Ռշտունու եւ Տիգրան Ջանոյանի համար այդ երազանքն այլեւս իրականություն է։
Կարդացեք նաև
ՄՈՒՐԱԴԻԿԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ
Երեկ ԼՂՀ Ազգային ժողովը որոշում ընդունեց ազատել Մուրադ Պետրոսյանին ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից. «Ելնելով նրանից, որ աշխատանքային եւ քաղաքական գործունեությունն անհնարին է դարձնում իր պաշտոնական պարտականությունների կատարումը»։ Հիշեցնենք, որ այդ որոշումը հետեւեց «ՀՀ» պաշտոնաթերթի հրապարակմանը, որում ԼՂՀ փաստացի ղեկավար Սամվել Բաբայանը Մուրադիկին «խփնված» անվանեց։
ԳՈՎԱԶԴ
«Հատկապես ինձ գրավեց այն հանգամանքը, որ «Արժանապատիվ ապագայի» ընտրված ուղին անցնում է հրապարակայնության, տնտեսության ազատականության, ազգային արժեքների վերաիմաստավորման եւ անհատի դերի բարձրացման ճանապարհով»։ Իրավաբան Էդվարդ Մուրադյանի նախընտրական գովազդը՝ 10-րդ էջում։