Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԷՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՄԻ ԹԻՒՐԻՄԱՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Մայիս 06,1999 00:00
PUSHKIN

Ալ. Պուշկինի ծննդեան 200-ամեակի առիթով վերջին ժամանակներս շատ է հոլովւում այս հսկայ բանաստեղծի անուանը յանիրաւի կապուած մի հին ու տարածուած թիւրիմացութիւն: Իբր թէ Ալ. Պուշկինը եղել է հայատեաց եւ նոյնիսկ իր գրական երկերում անարգական խօսքեր է գրել Հայերի մասին: Ի «հիմնաւորումն» այս ասուածի, վկայակոչւում են Պուշկինի յայտնի խօսքերը. «Ты трус, ты раб, ты армянин» («Վախկոտ ես, ստրուկ ես, հայ ես դու»):

Մի կողմ թողնելով Պուշկինի վերաբերմունքը Հայերին, որ կարող էր իմանալ միայն բանաստեղծն ինքը, այստեղ կը փորձեմ մի փոքր պարզաբանում մտցնել վերոբերեալ տողի եւ դրա բուն իմաստի մասին:

Իրօք, Պուշկինը այսպիսի խօսքեր գրել է: Թիւրիմացութիւնը ոչ թէ այդ խօսքերի հեղինակային պատկանելութեան մէջ է, այլ դրանց իմաստի, դրանց տեղի եւ դրանց իրական բովանդակութեան: Գաղտնիք չէ, որ ամեն բառ, արտայայտութիւն, եւ նոյնիսկ դարձուածք իմաստաւորւում է այն խօսքի մէջ, որի մասը դա կազմում է: Շատ կան դէպքեր, երբ հատուածը, կտրուելով ամբողջից, ոչ միայն իմաստազրկւում է, կորցնում է իր բուն իմաստը, այլ նաեւ ստանում է բոլորովին տարբեր (երբեմն՝ նոյնիսկ հակառակ) իմաստ: Չծաւալուեմ օրինակներ բերելով. կարծում եմ ասուածն ինքնին հասկանալի է եւ ընդունելի:

Ահա այս ասուածը յատկապէս վերաբերում է Ալ. Պուշկինի վերոբերեալ տողին, որ պոկուելով իր տեղից, կտրուելով իր մայր շարադրանքից, ոչ միայն կորցրել է իր բուն իմաստը, այլեւ ստացել է ճիշդ հակառակ իմաստ: Որպէսզի ասուածը չհնչի իբր մերկապարանոց յայտարարութիւն, նայենք Պուշկինի այն երկը, որից այդ տողը քաղուած է:

Այս տողը քաղուած է Պուշկինի «Տազիտ» անաւարտ պօէմից, որ գրուած է 1829-30 թուականներին: (Այս տեղեկութիւնը տարիներ առաջ ինձ տուել էր ճարտարապետ Բորիս Յարութիւնեանը, որին եւ շնորհակալ եմ դրա համար): Թէպէտ պօէմը անաւարտ է, այդուհանդերձ, դա չի խանգարում խնդրոյ առարկայ տողի իմաստը հասկանալուն: Որպէսզի հնարաւոր լինի ճիշդ հասկանալ յիշեալ տողի իմաստը, նախ համառօտ նայենք, թէ ինչի մասին է այս պօէմը, ինչ անցուդարձ է նկարագրուած այդ պօէմում:

Նկարագրւում են չեչենական մի գիւղում կատարուող դէպքեր: Սպանուած է մի երիտասարդ, եւ նրա թաղման աւարտին հանգուցեալի հօրն է մօտենում օտար աուլից եկած մի ալեհեր ծերունի մի երիտասարդի հետ: Երիտասարդը սպանուածի եղբայրն է. նրան 13 տարի առաջ հայրը յանձնել է իմաստուն ծերունուն, որ սա կրթի, դաստիարակի նրան: Եւ ահա՝ աւագ որդու մահուանից յետոյ ծերունին հօրն է վերադարձնում կրտսեր որդուն՝ իր դաստիարակածին: Նրա անունը Տազիտ է: Հայրը երեք օր հիւրընկալում, պատւում, մեծարում է երախտաւոր ծերունուն: Նկատենք, որ այս պօէմի պահպանուած հեղինակային սեւագիր նշումներում կայ պօէմի նախագծի մի տարբերակ, որում հէնց այս հատուածում նշուած է. Три дня․ Черкес христонин – Երեք օր: Քրիստոնեայ չերքէզ: (տե՛ս А․С․ Пушкин, Полное собрание сочинений, т․ 2, изд․ & Правда։, М․ 1954, ст․ 535): Սա կարող է նշանակել, որ ըստ Պուշկինի մտայղացման, Տազիտին դաստիարակած ծերունի չերքէզը քրիստոնեայ է եղել: Ինչպէս կը տեսնենք հետագայ վերլուծութիւնից, այս ենթադրութիւնը աւելի քան հիմնաւոր է:

Հայրը շատ մեծ յոյսեր է կապում հեռւում կրթուած իր նորեկ որդու հետ: Սակայն Տազիտը չի արդարացնում հօր ակնկալիքը: Մի օր նա ձիով հեռանում է գիւղից եւ վերադառնում երկու օր բացակայելուց յետոյ: Հայրը, ասես, հարցաքննում է որդուն, պարզում, թէ ուր է նա եղել եւ ինչ է տեսել.

Իսկ չտեսա՞ր դու վրացոց,

Կամ ռուսների:

Որդին

Մի հայ տեսայ թիֆլիզեցի,

Անց էր կենում իր բեռներով:

Հայրը

Պահակներո՞վ:

Որդին

Ոչ, միայնակ:

Հայրը

Ինչո՞ւ զարկով անակնկալ

Դու չուզեցար խոցել նրան,

Ու քարափից չցատկեցիր նրա վրայ:

(Այստեղ եւ հետագայում բերուող թարգմանութիւնները իմն են – Գ.Բ.):

Հայրը զարմանում է, թէ ինչու իր որդին վրայ չի հասել, չի թալանել անպաշտպան ճամփորդող հային (որ կը համապատասխանէր ըստ իր պատկերացրածի՝ իսկական չեչեն տղամարդու վարքին):

Այստեղ թիւրիմացութեան առիթ չտալու եւ ոեւէ ազգի հասցէին վիրաւորանք արտայայտած չլինելու համար նկատենք, որ խօսքը վերաբերում է մեզնից 170 տարի առաջ չեչեն լեռնականների մասին Պուշկինի ունեցած պատկերացումներին:

Անցնենք առաջ:

Տազիտը էլի երկու օր բացակայում է, եւ հայրը էլի հարցնում է վերադարձած որդուն.

Ո՞ւմ տեսար դու:

Որդին

Բլրի վրայ՝

Մեզնից փախած մի ըստրուկի:

Հայրը

Օ~, բարեգութ ճակատագիր,

Ո՞ւր է:

Մի՞թէ օղաթոկով՝

Դու փախածին ետ չբերիր:

Տազիտը նորից դրական պատասխան չունի. նա միայն գլուխն է խոնարհում: Երրորդ բացակայութիւնից յետոյ հօր եւ որդու խօսակցութիւնը աւարտւում է պայթիւնով. Հայրը Ո՞ւմ տեսար դու: Որդին Մեր ոսոխին:

Հայրը

Ո՞ւմ, ո՞ւմ:

Որդին

Եղբորս ըսպանողին:

Հայրը

Ըսպանողին իմ զաւակի…

Մօ՛տ եկ,… ո՞րտեղ է կառափը նրա:

Տազի՛տ, ինձ գանգըն է այդ հարկաւոր,

Տուր ըմբոշխնեմ:

Որդին

Ոսոխն անզէն էր

Ու միայնակ ու վիրաւոր…

Վրէժխնդրութեան մոլուցքով արբած հայրը հեշտանք է ապրում, պատկերացնելով, թէ ինչպէս պիտի Տազիտը խողխողած լինի անզէն ու անկարող թշնամուն, ինչպէս պիտի նա արբեցած լինի մեռնող թշնամու տնքոցով եւ, ի ցուցադրումն այդ ամենի, պահանջում է իրեն տալ ատելի գլուխը: Սակայն Տազիտը լռում է: Պարզ է. նա այդ ամենը չի արել:

Այստեղ հատնում է որդեկորոյս լեռնականի համբերութիւնը: Իր որդու վարքը ոչ մի կերպ չի տեղաւորւում կեանքի եւ լեռնցի տղամարդու մասին իր պատկերացումների սահմանում: Նրա զայրոյթը, յուսախաբութիւնը եւ վիշտը դուրս են պոռթկում, եւ նա վտարում է որդուն՝ երեսին նետելով նրա աններելի թերացումները.

Գնա՛ անդին, որդիս չես էլ,

Պառա՛ւ ես դու, չեչեն չե՛ս դու,

Վախկո՛տ ես, ստրո՛ւկ ես, հա՛յ ես դու:

Անէծքս քեզ – թող երկչոտի

Մասին էլ ոչ ոք չըլսի,…

Ահա հէնց այս հատուածում է բազմիցս հոլովուած՝ վերոյիշեալ տողը: Ի՞նչ է ստացւում, երբ նայում ենք այս տողը ոչ թէ առանձին, այլ ամբողջ պօէմի մէջ:

Տազիտը երեք սխալ, կամ աւելի ճիշդ՝ երեք մեղք է գործել: Նախ նա չի յարձակուել անզէն երթեւեկող հայի վրայ եւ չի սպանել-թալանել նրան: Եւ իր այս արարքը նա ոչ մի կերպ չի բացատրել – արդարացրել: Այստեղից հայրը եզրակացրել է, որ որդին պարզապէս վախկոտ է: Երկրորդ աններելի սխալը իրենցից փախած ստրուկին պատահելուց յետոյ նրան ազատ թողնելն է: Այս դէպքում էլ Տազիտը «արդարացում» չունի: Եւ հայրը նրան վերագրում է ոչ աւել- ոչ պակաս՝ ստրկամտութիւն, ստրկահոգիութիւն: Երրորդը արդէն ոչ թէ սխալ է, այլ «ծանր մեղք»: Տազիտը հանդիպել է հարազատ եղբորը սպանողին: Եւ չի խոշտանգել ու սպանել նրան, այլ բաց է թողել: Արեան վրէժին իր յագուրդ չտալը Տազիտը արդարացնում – պատճառաբանում է նրանով, որ թշնամին «մէնակ էր, անզէն ու վիրաւոր»: Այս բացատրութիւնը Տազիտի հօր համար անհասկանալի է: Եւ նա միայն մի կերպ կարող է բացատրել իր որդու վարքը: Նա Տազիտին համարում է հայ: Նա հրաժարւում է որդուն չեչեն համարելուց, քանի որ նրա վարքը չի ներդաշնակում չեչենի մասին իր ունեցած պատկերացումներին: Իսկ նրա վերջին՝ ամենաոչչեչենական արարքը կարող է լինել միայն հայի վարք: Ուրեմն, երբ իրար դիմաց ենք շարում այս երեք արարքները եւ աւազակաբարոյ լեռնականի կողմից դրանց տրուած գնահատականները, ստանում ենք հետեւեալ պատկերը:

Անպաշտպան հային չսպանել-չթալանելը վախկոտութիւն է:

Փախած ստրուկին բաց թողնելը նշանակում է, որ ինքդ եւս ստրուկ ես:

Արեան վրէժին յագուրդ չտալը այն պատճառաբանութեամբ, թէ թշնամին «մէնակ էր, անզէն ու վիրաւոր», նշանակում է լինել հայ:

Չմոռանանք, որ Պուշկինի պօէմում այս գնահատականները տուողը աւազակաբարոյ լեռնցին է: Նրա ըմբռնումների համաձայն հարկ էր անզէնին սպանել-թալանել, փախած ստրուկին բռնել-բերել, եւ անվարան խոշտանգել-սպանել եղբորն սպանողին՝ անկախ ամեն ինչից (առաւել եւս, եթէ վերջինս «մէնակ էր, անզէն ու վիրաւոր»): Ազնւութիւն, արդարացիութիւն, խղճմտանք եւ այս կարգի այլ բարոյական հասկացութիւններ խորթ են այս լեռնականին: Բայց նա գիտէ, որ այդ կարգի յատկութիւնների կրողը հայն է: Եւ դրա համար էլ որդուն հայ է անուանում: Նա ապրում եւ մտածում է իբր աւազակ, իսկ որդին՝ Տազիտը դաստիարակուել է այլ տեղ եւ այլ բարոյականութեամբ: Նրան դաստիարակած իմաստուն ծերունին նոյնիսկ գովում է իր սանին: Այսինքն, ոչաւազակային բարոյականութեան մէջ Տազիտը լաւն է, կատարեալ է: Այստեղից էլ բղխում է հօր եւ որդու աններդաշնակութիւնը, հակասութիւնը: Նրանք տրամագծօրէն հակառակ բարոյականութեան կրողներ են: Եւ, եթէ նրանցից մէկի բարոյականութիւնը աւազակութիւնն է, ապա միւսը սրա աչքում պարզապէս հայ է:

Այս առթիւ տեղին է յիշել եւ Պուշկինի սեւագրերում մնացած նշումը քրիստոնեայ չերքէզի մասին: Եւ, եթէ համարենք, որ Տազիտին դաստիարակած ծերունի չերքէզը իրօք քրիստոնեայ է եղել, ապա կը նշանակի, որ Տազիտը ինքը եւս պիտի դաստիարակուած լինի քրիստոնէական բարոյականութեամբ: Այս տեսանկիւնից նրան հայ յորջորջելը դառնում է աւելի քան բնական:

Այսպիսով, երբ նայում ենք Պուշկինի վերոյիշեալ տողը իբր մաս ամբողջ պօէմի, տեսնում ենք, որ Պուշկինը հայ անունը գործածել է ոչ իբր անարգական յորջորջում, ոչ իբրեւ մի ստոր ազգի անուն, այլ ճիշդ հակառակ իմաստով՝ իբր քրիստոնէական բարձրագոյն բարոյական յատկանիշների կրողի, իբր բարձրագոյն բարոյական չափանիշներով առաջնորդուողի անուն: Ըստ այսմ, աւելի քան անհիմն է Պուշկինի այս բազմաչարչար տողի վրայ հիմնուելով, նրան հակահայութիւն վերագրելը: Այս տողը բնաւ չի նշանակում, թէ Պուշկինը կարող է եղած լինել հակահայ, կամ հայատեաց: Եւ ընդհակառակը. այս տողից կարելի է եզրակացնել, որ Պուշկինը հային իմացել է իբր որոշակիօրէն բարձր բարոյական յատկանիշների կրող:

ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31