Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթոնի հաղթանակը, կայունությունը եւ առաջընթացը

Մայիս 06,1999 00:00
bil qlinton

Երբ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը առաջին անգամ խոսեց Հարավսլավիայի ռմբակոծումների ընդհատման հնարավորության մասին, նա ուրվագծեց Կոսովոյի շուրջ տեղի ունեցող ռազմական ակցիայի ավարտը: Քլինթոնի այդ խոսքերը, որքան անսպասելի էին, այնքան էլ՝ խորհրդանշական:

Չեռնոմիրդինի ինքնաթիռն արդեն Վաշինգթոնի ճանապարհին էր այն ժամանակ, երբ Քլինթոնը եւս մեկ անգամ հայտարարեց ՆԱՏՕ-ի դիրքորոշման անփոփոխության մասին եւ վստահեցրեց, որ մոտ է ռազմական գործողության հաղթանակած ավարտը: Մի քանի ժամ անց ԱՄՆ նույն նախագահը պատրաստակամություն հայտնեց ժամանակավոր զինադադար հայտարարել: Չնայած նա կրկին պնդում է, որ Միլոշեւիչը պետք է կատարի ՆԱՏՕ-ի պահանջները, սակայն այս անգամ շեշտն անկասկած «ընդհատել» բառի վրա է դրվում: ՆԱՏՕ-ի գործողությունների քաղաքական կնքահայրը, որը վերջին վեց շաբաթների ընթացքում համառորեն մերժել է զիջումների գնալու բոլոր կոչերը, ով էլ դրանք չարձակեր՝ Ռուսաստանի ղեկավարը, թե Հռոմի պապը, սկսում է լրջորեն քննարկել պատերազմը դադարեցնելու հարցը Միլոշեւիչի աննշան զիջումների դեպքում։ Դրանք են՝ պակասեցնել Կոսովոյում սերբական զորքի քանակությունն ու համաձայնվել միջազգային, բայց ոչ ՆԱՏՕ-ի, խաղաղապահ ուժերի ներկայությանը:

Այսօր Բոննում տեղի է ունենալու «Մեծ ութնյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը, դիտորդների կարծիքով, կարող է առաջին քայլը դառնալ բալկանյան խաղաղության հաստատման գործում: Նախարարները քննարկելու են Կոսովոյի ճգնաժամի կարգավորման վերջնագրի նախագիծը, համաձայն որի Հարավսլավիայում տեղակայվող խաղաղարար առաքելությունը գործելու է ՄԱԿ-ի, եւ ոչ թե ՆԱՏՕ-ի դրոշի ներքո: Դա փաստորեն նշանակելու է, որ ՆԱՏՕ-ն զիջում է նախաձեռնությունը ՄԱԿ-ին, ընդունելով սեփական անզորությունը: Վերջին երկու օրվա ընթացքում նորությունների թողարկումներում կրկին հայտնվեց Քոֆի Անանի դեմքը: Գլխավոր քարտուղարի տրամադրությունն ակնհայտորեն բարձր է՝ վեց շաբաթ նա համբերատար սպասեց եւ ահա, միացյալ ազգերը կրկին զգացին նրա կարիքը:

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հարավսլավիայի շուրջ, որոշ ժամանակ անց հաղթանակ կկոչվի: Հավանական է, որ կոնֆլիկտի յուրաքանչյուր կողմը այդ հաղթանակն իրեն վերագրի: Իրոք, այժմ արդեն պարզ է, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծումները չհասան իրենց նպատակին՝ չկասեցրեցին ալբանացիների տեղահանումը Կոսովոյից, չբերեցին Հարավսլավիայում իշխանափոխության, չստիպեցին Միլոշեւիչին՝ ծնկի իջնել Արեւմտյան ամբողջ ռազմական ներուժի առջեւ: Միեւնույն ժամանակ, Հարավսլավիայի բոլոր շրջանների տնտեսությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է, փախստականների բեռը օրեցօր ավելի է ծանրանում՝ տեղահանված մարդկանց թիվն արդեն մոտենում է կես միլիոնի: Արդեն պարզ է, որ ռմբակոծումների շարունակությունն անիմաստ է՝ օդային գործողությունները, առանց ցամաքային պատերազմի պատմության մեջ երբեւէ հաղթանակի չեն բերել: Դա խոստովանում են նաեւ ՆԱՏՕ-ում, ու թեեւ թոշակի գնալուց առաջ տված իր ասուլիսում կազմակերպության ղեկավարներից մեկը, գեներալ Կլաուս Նաումանը պնդել է, որ «Մենք ռեալ շանս ենք տեսնում հաջողության հասնելու», նա ստիպված է խոստովանել, որ գործողությունների ամբողջ ռազմավարությունը հիմնված է եղել քաղաքական, եւ ոչ թե ռազմական տրամաբանության վրա:

Դեռեւս մարտին ԱՄՆ ամենահեղինակավոր քաղաքական գործիչները Քլինթոնին մեղադրում էին, որ նա պատերազմ է սկսել հստակ նպատակ չունենալով, պնդում էին, որ անհրաժեշտ է ծրագրել գործողությունները: Ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ այդ ցամաքային գործողությունների դեպքում զոհերն անխուսափելի կլինեն, ԱՄՆ նախագահը, համարձակություն չունեցավ այդպիսի ռիսկի դիմել: Չեռնոմիրդինի առաջարկած տարբերակը, Քլինթոնին հնարավորություն տվեց փաստորեն երեսը փրկել եւ խաղից դուրս գալ հենց այն պահին, երբ դեռ հնարավորություն կար եղածը հաղթանակ անվանել: Այդ քայլով նա նաեւ ազատվում է պատերազմատենչ ուժերի ճնշումից: Դեռեւս երկուշաբթի «բազեները» ԱՄՆ Սենատում եւս մեկ փորձ արեցին ստիպելու Քլինթոնին ցամաքային գործողությունների գնալ: Սենատոր Ջոն Մըքքեյնը առաջարկում էր բանաձեւ ընդունել, որը Քլինթոնին թույլ կտար բոլոր միջոցները կիրառել Կոսովոյում: Սենատորի նպատակն էր ոգեւորել նախագահին ավելի արդյունավետ պատերազմ վարել, այսպես ասած, «թասիբի գցել»: Սենատը բանաձեւը չընդունեց: Սակայն դա եւս մի նշան էր Քլինթոնին, որ պետք է շտապել ավարտել պատերազմը: Երեկ Ալբանիայում զոհված «Ապաչ» ուղղաթիռի երկու օդաչուները եւս մի նշան դարձան: Մինչ ռազմական գործողությունների ավարտը կարող է օրեր եւ շաբաթներ անցնեն, սակայն վերջն արդեն երեւում է:

Ե. Կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31