Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 06,1999 00:00
Toto

Ապրիլի 26-ից սկսվեց պաշտոնական քարոզարշավի փուլը: Նախընտրական պայքարի այս փուլում, ի տարբերություն 1998թ. նախագահական ընտրությունների, դեռեւս չի նկատվում անհրաժեշտ աշխուժություն. նախընտրական քարոզչությունը, կարծես, անուշադրության է մատնված:

Մինչդեռ, սա ընտրապայքարի այն շրջանն է, երբ կուսակցություններն ու թեկնածուները պետք է նախընտրական հանդիպումներում, հրապարակային քննարկումներում, բանավեճերում, հանրահավաքներում, տպագիր նյութերում եւ այլ միջոցներով ընտրողներին ներկայացնեն իրենց գաղափարաքաղաքական դիրքորոշումները երկրի ներկայիս իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ վերջինս բարելավվելուն ուղղված ռազմավարական ծրագրերն ու մարտավարական քայլերը:

Քարոզչության այս հիմնական սկզբունքներով առաջնորդվող կուսակցությունները մեկ-երկուսն են: Կուսակցությունների ու թեկնածուների զգալի մասը, կարծեք, չեն կարեւորում քարոզարշավը եւ դա, թերեւս, ունի իր պատճառները: Այս փուլի անկարեւորությունը, ըստ ամենայնի, կանխորոշեցին կուսակցությունների ու դաշինքների կողմից արդար ընտրությունների կայացման մասին արված սին խոստումներն ու հայտարարությունները: Վերջիններս արդեն իսկ կորցրել են իրենց նշանակությունը՝ ընտրական հանձնաժողովներում նախագահի, տեղակալի, քարտուղարի պաշտոններում կուսակցությունների եւ դաշինքների միջեւ դերերի միանշանակ բաշխման հետեւանքով:

Ըստ էության տեղի ունեցավ ընտրապայքարի ելած ուժերի նախընտրական վերադասավորում. նրանց մի մասն իբրեւ իրենց հաղթանակի ապահովման գրավական, հրաժարվեց ընտրապայքարի ընդունված սկզբունքներից եւ հաղթանակ ապահովելու ակնկալիքով կառավարության ու միմյանց հետ գործարքի մեջ մտան:

Ի տարբերություն ՀՅ Դաշնակցության, ԱԺՄ, ԱԻՄ կուսակցությունների, որոնք ունեն կայուն ընտրազանգված եւ ընտրապայքարում հավատարիմ են ընդունված խաղի կանոններին, մյուսներն առանձնապես չեն էլ կարեւորում քարոզարշավը՝ ընտրելով հասարակական գիտակցության վրա ազդելու «ավանդական» եւ 1995թ. փորձարկված մեթոդները: Թե ինչ տրամաբանությամբ ու սկզբունքներով են մտել ընտրապայքար՝ ասենք, «Շամիրամ», ՀՀՇ, «Հզոր հայրենիք», «Օրինաց երկիր» կուսակցություններն ու «Միասնություն» դաշինքը՝ ակնառու է: Վերջիններս հավակնում են իրենց ակնկալիքներն իրականացնել իշխանության այս կամ այն թեւի հովանու ներքո:

Թույլ եւ կառավարելի կուսակցությունների ու պատգամավորների առկայությամբ՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ելքը, բնականաբար, կանխորոշում են գործադիր իշխանությունները, որոնք քաղաքական ուժերին արված չնչին զիջումներով իրենց ազդեցության ոլորտում են պահում հասարակական գիտակցությունը՝ վերահսկելով համապատասխան լծակները: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա գաղափարական պատգամավորներով խորհրդարան ձեւավորելու հնարավորության հարցում իշխում են հոռետեսական տրամադրություններ: Շատերն անիմաստ են համարում ընտրությունները՝ պատճառաբանելով, որ միեւնույն է, անկախ իրենց քվեարկությունից՝ ընտրվում են նույնատիպ պատեհապաշտ գործիչները եւ «տանիք» փնտրող «ձեռներեցները»:

Մի մասը՝ չտեսնելով ընտրության արդարության ապահովման երաշխիքները, անհույս է տեսնելու իր ընտրյալին խորհրդարանում: Վերջապես, կա հացի խնդիր ունեցող մի մեծ խավ, որը զուրկ է որեւէ ընտրություն կատարելու հնարավորությունից: Հավանաբար, ստեղծված իրավիճակն է թելադրում կուսակցությունների մեծ մասին եւ առանձին թեկնածուներին՝ չկարեւորելու նախընտրական քարոզարշավը: Վերջին հաշվով, պարզ է դառնում, որ ընտրությունների արդյունքների որոշիչ դերը վերապահված է իշխանություններին:

ՆԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆ

«Երեւան» լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31