Երբ «Ազգ» թերթի ս. թ. ապրիլի 14-ի համարում հերքում էի Արաքս Սաֆարյանի հեղինակությամբ նույն թերթի ապրիլի 9-ի համարում տպագրված «Կիպրոսի չվերթը ախորժալի պատա՞ռ» թղթակցության մեջ մեր ավիաընկերության հասցեին արված հերյուրանքները, ինձ թվում էր, թե դրանով այդ տհաճ պատմությանը վերջ է դրվում (գոնե ես այդպես էի տրամադրված), մանավանդ որ չանսացի թղթակցին դատի տալու բազմաթիվ խորհուրդները։ Բայց, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Արաքս Սաֆարյանը փոթորիկ է փնտրում։
Պարզվում է, որ իմ «չարանենգ պատասխանը» դրդել է Արաքս Սաֆարյանին անցկացնելու «լրագրողական փոքրիկ հետաքննություն՝ առավել մոտիկից ծանոթանալու «Արարատ Ավիայի» գործունեությանը»։ Բայց փոխանակ ծանոթանալու մեր ձեռնարկության գործունեությանը, լրագրողը «մատերիալ» է հավաքել իր ընդդիմախոսի դեմ։ Եթե նա իրոք ուզում էր ծանոթանալ «Արարատ Ավիայի» գործունեությանը, ապա պիտի առաջին հերթին այցելեր մեր ընկերություն, զրուցեր ինձ հետ, մարդկանց հետ, որպեսզի լիարժեք պատկերացում կազմեր մեր ընկերության մասին։ Բայց նրան դա չէր հետաքրքրում, նրան նյութեր էին պետք ինձ վարկաբեկելու համար։ Իսկ այդպիսի նյութ նա կարող է հայթայթել իր պատվիրատուի մոտից։ Ըստ երեւույթին, ես այդ մարդկանց պոչը տրորել եմ կամ թանին թթու եմ ասել։ Ինչեւէ։ Մեղքը նրա խղճին։
Թղթակիցը, հիշատակելով ՀՀ կառավարության 1994 թվականի թիվ 507 որոշումը, որի համաձայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությանը պատկանող «Էրեբունի» քաղաքացիական օդանավակայանը տրվեց պաշտպանության նախարարության տնօրինությանը, նշում է, որ ռազմական օդանավակայանում քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների բազավորումն արգելվում է, ավելին, իբր պաշտպանության նախարարության քողի տակ մենք «օգտագործում ենք սեփական խաղաքարտերը»։ Ճիշտն ասած, չհասկացա, թե ի՞նչ խաղաքարտերի մասին է խոսքը։ Եթե լրագրողը կարդացել է թիվ 507 որոշումը, այլ նրան չեն հուշել որոշման գոյության մասին, ապա նա պիտի որ հանդիպած լիներ վերոհիշյալ որոշման 3-րդ կետին, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «ՀՀ պաշտպանության նախարարության «Էրեբունի» օդանավակայանը համարել համատեղ օգտագործման ռազմական օդանավակայան»։
Սակայն «համատեղ օգտագործման» օդանավակայանից մեր ապօրինի օգտվելը չէ լրագրողի հոգածության առարկան։ Նրան հետաքրքրում են տնօրեն Ս. Վանցյանին վարկաբեկող «փաստերը»։ Եվ նա գտնում է, որ ես կոպտորեն խախտել եմ ՀՀ աշխատանքային օրենսդրության 20-րդ հոդվածը, որով արգելվում է ազգականների մի հիմնարկում համատեղ աշխատանքը։ Բայց այս անգամ էլ Արաքս Սաֆարյանը այդ հոդվածը կարդացել է այնպես, ինչպես հարմար է իր հեղինակած պասկվիլի ոգուն։ Նա այդ հոդվածը մինչեւ վերջ չի կարդացել, հակառակ դեպքում նրա ուշադրությունից չէր վրիպի հոդվածի վերջին մասը, որտեղ գրված է, որ ազգականների համատեղ աշխատանքն արգելվում է, «եթե նրանցից մեկը ծառայության բերումով անմիջականորեն ենթարկվում կամ հաշվետու է մյուսին»։
Կարդացեք նաև
Բայց այս «փաստարկը» նույնպես հեղինակի դեմ է։ Նրան թվում է, թե իր սպանիչ փաստարկներով կարողացել է ինձ մերկացնել։ Բայց ստացվել է հակառակը, հեղինակը ինքն է դիմակազերծել, ակամա մատնելով իր պատվիրատուին։ Վերը նշված կոմերցիոն տնօրենը Բարսեղ Բարսեղյանն է, որի հետ ես ոչ խնամի եմ, ոչ էլ՝ բարեկամ։ Պարույր Վանցյան անուն-ազգանունով գլխավոր հաշվապահ մեր ձեռնարկությունում չկա եւ երբեք չի եղել։ Միակ ճիշտ փաստն այն է, որ հերթափոխի պետ Հարություն Վանցյանն իրոք իմ եղբայրն է։ Ես նրանից հրաժարվելու ոչ մի բարոյական իրավունք չունեմ։ Բայց այդ մասին՝ հետո։
Թղթակիցը ինձ մեղադրանք է ներկայացնում՝ ասելով, թե «պետական կարգավիճակի քողի տակ հմուտ ավիատորը չվերթերը կատարում է մասնավոր «Մասիսավիայով»։ Այդ առնչությամբ ուզում եմ հիշեցնել, որ մեր ավիաընկերության կանոնադրության 2.2 հոդվածի Բ կետի համաձայն, մեր ավիաընկերությունն իրավունք ունի «ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից ձեռք բերելու, վարձակալելու կամ վարձով տալու (այդ թվում լիզինգի հիմունքներով) օդանավեր, արտադրական եւ ծառայողական շենքեր, սարքավորումներ, տեխնիկա, նյութեր եւ այլ գույք»։
«Առավոտում» մեր հասցեին արված հերյուրանքները տպագրվելու նույն օրը մենք դիմեցինք ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի՝ կենսաթոշակային ապահովագրության Շահումյանի տարածքային կենտրոն, ուր մենք փոխանցումներ ենք անում, պարզելու, թե այդ ի՞նչ 106 միլիոն պարտք է։ Նույն օրը վարչության պետ Կ. Դումանյանի եւ գլխավոր հաշվապահ Վ. Գասպարյանի ստորագրությամբ եւ համապատասխան կնիքով կնքված տեղեկանք ստացանք առ այն, որ «Արարատ Ավիա» ՊՓԲԸ-ն առ 01.04.99 թ. դրությամբ ունի գերավճար 535,0 հազար դրամ (համաձայն իր կողմից ներկայացված հաշվետվության)։
Վերջում ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Արաքս Սաֆարյանին, որ ինձ հիշեցրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի մասին։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու իմ իրավունքից, ես կարող եմ նրա դեմ դատական գործ հարուցել։ Բայց այս անգամ էլ մեծահոգաբար այդ բանը չեմ անում, ելնելով «Առավոտ» եւ «Ազգ» թերթերի նկատմամբ տածած իմ խոր հարգանքից։
ՍԵՐԳԵՅ ՎԱՆՑՅԱՆ
«Արարատ Ավիա» ՊՓԲԸ գործադիր տնօրեն
Ծանոթանանք
Ցավոք, ձեր տխրահռչակ պատասխանն ամենեւին չի արդարացնում ձեր քայլերը։ Հակառակը, եւս մեկ անգամ հավաստում են, որ իրավացի եմ։ Ժողովրդական իմաստնությունն ասում է. «Եթե սոխ չես կերել, ինչո՞ւ ես մրմռում»։ Հասկանալի է, որ ճշմարտությունը դառն է լինում, ուստի դառնորեն եք վերաբերվում իմ փաստարկներին։ Ցավալի է, որ առաջադրված փաստերն ընկալում եք այնպես, ինչպես ձեզ է ձեռնտու։ Հուսանք, որ գոնե այսուհետ պետական կարգավիճակի քողի ներքո մասնավոր գործունեությամբ չեք զբաղվի։ Ի դեպ, «մեծահոգաբար» կարող եք դիմել դատարան։ Հատկապես, որ դատը տանուլ տալու մեծ փորձ ունեք։
Ա. ՍԱՖԱՐՅԱՆ