Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՒՌԱ՛, ԹԱԼԱՆ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ»

Մայիս 06,1999 00:00
Ruben Mirzaxanyan

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը, հավանաբար, իր նախընտրական պլատֆորմի հիմնադրույթները կազմել է մինչ «Միասնություն» դաշինքի ստեղծումը։ Բանն այն է, որ պլատֆորմի եղած 9 հիմնադրույթներից զատ ավելացվել է եւս մեկը՝ 10-րդը՝ «Ազգային միասնությունը»։ Երեկ ՀՌԱԿ-ի անդամներին, մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներին ու լրագրողներին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը (որը նաեւ մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի դեկանն է- Լ. Ա.) ներկայացրեց վերոնշյալ պլատֆորմը (որը, ի դեպ, բավական բարակ էր)։ Սույն պլատֆորմի հիմնադրույթները ՀՌԱԿ-ը կազմել է «Հայոց գոյամարտն իր կարողությունների առավելագույնը զոհաբերելուց հետո»։ Փաստորեն՝ իր կարողությունների նվազագույնով։

114-ամյա ՀՌԱԿ-ն իր տարիքից ամենեւին չի ամաչում եւ պատրաստ է երիտասարդական խանդավառությամբ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ լծվել «ազգաբնակչության բարեկեցության ապահովման ծրագրերին, որոնք, ավա՜ղ, կենսագործման առիթ չստացան, քանի որ կուսակցությանը՝ հակառակ ընտրություններում ձեռք բերած տպավորիչ (տեսնես, ո՞վ էր տպավորվել- Լ. Ա.) արդյունքներին, թույլ չտվեցին մաս կազմել օրենսդիր իշխանությանը»։ Ինչեւէ։ ՀՌԱԿ-ի պլատֆորմի առաջին գլուխը նվիրված է արտաքին քաղաքականությանը։ «Միջազգային հակադրության սահմանագծի վերածվելու» վտանգից խուսափելու հետեւյալ ճանապարհն է առաջարկում 114-ամյա կուսակցությունը։ ԼՂՀ հիմնահարցի արդար լուծում (ինչպե՞ս ուրիշները ժամանակին գլխի չեն ընկել- Լ. Ա.), արտաքին ներդրումների ներհոսք (սա մեծ թափով կլինի ՀՌԱԿ-ի՝ 5 % արգելանքը հաղթահարելուց անմիջապես անց- Լ. Ա.)։

Հիմա մի շա՜տ կարեւոր եւ անկյունաքարային միտք կներկայացնեմ պլատֆորմից. Ղարաբաղի հիմնահարցը արդար կլուծվի միայն այն դեպքում, եթե ՀՌԱԿ-ը ԱԺ-ի պատգամավորի կարգավիճակ ունենա։ Հակառակ դեպքում՝ հրաժարվեք այդ մտքից, ու վերջ։

Առաջ է քաշված նաեւ «ազնիվ եւ պարկեշտ պաշտոնյայի» գաղափարը։ Ժխտվում է «խնամիական, անձնական նվիրվածության» սկզբունքով պաշտոնյաներին հավաքագրելու մոտեցումը։ Տեսականորեն վատ չի հնչում։ Բայց ինչպես ՌԱԿ-ից, այս հիվանդությունից նույնպես Հայաստանում բուժում առայսօր չկա։ «Սոցիալական» վերնագրված գլխի հիմնական խոստումներն այսպես են սկսվում. «Խթանե՛լ, ապահովե՛լ, ավելացնե՛լ, բարելավե՛լ, տնտեսե՛լ, պահպանե՛լ»։ Բայց ամենահուզիչը պրն Միրզախանյանի՝ կրթական թեմաներով խոսքն էր։ Նա, այսինքն՝ ՀՌԱԿ-ը գտնում է, որ պետք է հրաժարվել պետպատվերի համակարգից։ Իսկ կաշառակերության վերացման մասին, կարծեմ, որեւէ կետ պրն Միրզախանյանը դեռեւս չէր մշակել։

Այս ամենից հետո՝ հատուկ դիմում կա պոտենցիալ ընտրողին. «Հիշի՛ր, որ եթե քեզ համար թանկ է քո ժողովրդի ազատ, անվտանգ, բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը, քո ձայնը տուր ՀՌԱԿ ընտրացուցակի օգտին»։ Եթե հանկարծ ու ՀՌԱԿ-ը չանցնի 5 %-ի ռուբիկոնը… (որը ՀՌԱԿ-ի պարագայում քիչ հավանական է։ Կուսակցության որդեգրած նախագահապաշտական, ավելի ստույգ՝ իշխանապաշտական քաղաքականությունը եւ նախընտրական կեղծիքների դեմ պայքարի ջերմեռանդ կոչերը արժանի գնահատական կստանան)։

… Եվ, այսպես, եթե ՀՌԱԿ-ը ԱԺ չմտնի, ուրեմն հավիտյանս հավիտենից մեզ համար կորած են «ազատ, անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ» արժեքները։

Ինչպես Պանիկովսկու համար՝ տոտիկը, վզիկը, թեւիկը…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31