Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂԻ ՈՒԺԵՂ ՏԱԿՏԻԿԱ

Մայիս 06,1999 00:00
Karen demirchyan

Երբ մինչեւ այցելությունը «Միասնություն» դաշինքի մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանին հարցրի, թե արդյո՞ք դաշինքի նախընտրական արշավի կազմակերպմանը դրսից եկած իմիջմեյքերներ չեն մասնակցել, վերջինս ասաց, որ դա անիմաստ է եւ ամեն ինչ արվել է միայն տեղական ուժերով։

Դաշինքի առաջնորդների առաջին հանդիպումն ընտրողների հետ Մասիս քաղաքում էր եւ սկզբից եւեթ պարզ դարձավ, որ արտասահմանյան լավագույն իմիջմեյքերներն անգամ չէին կարող այդքան փայլուն նախընտրական մեկնարկ ապահովել։ Մասիսի հրապարակում հավաքված հոծ բազմությունը եկել էր ոչ միայն Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին տեսնելու, այլեւ իրենց համար պարզելու այս բացառիկ տանդեմի պատճառն ու էությունը։ Թե Դեմիրճյանի, թե Սարգսյանի ելույթների եւ հարցուպատասխանի արդյունքում ժողովրդի մոտ ավելի էր սրվում հետաքրքրությունն ու ոգեւորությունը։ Աստիճանաբար ուրվագծվում էր շատ հաջող ծրագրավորված նախընտրական ակցիա։ Ի դեպ, որքան էլ անսպասելի էր, հաջողությունը կապված չէր միայն Դեմիրճյանի ժամանակների կուշտ կյանքի հետ։ Կարեն Սերոբիչը միայն իրեն հատուկ համակրելիությամբ «հիշո՞ւմ եք» արտահայտությունը համադրում էր «այսպես պիտի անենք»-ի հետ։

Նրանից հետ չէր մնում նաեւ Վազգեն Սարգսյանը, որն անընդհատ շեշտում էր, որ այս պահին ինքը չի ներկայանում որպես պաշտպանության նախարար։ Ի դեպ, պաշտպանության նախարարը շեշտում էր մի արտահայտություն, որին նույնպես դժվար թե որեւէ իմիջմեյքեր կարողանար հասու լինել. «Մենք մեղք չունենք, որ ճակատից հաղթանակած եկանք ու տեսանք, որ երկրի տնտեսությունը քայքայված է ու կանգնած կործանման եզրին»։

Թե Դեմիրճյանի, թե Սարգսյանի նախընտրական ելույթների «շաբլոնները» ուժեղ էին այնքան, որ փակում էին ժողովրդի սպասելիքների գրեթե ողջ դաշտը։ Այս առումով հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց Արտաշատի հրապարակում։ Մինչեւ լիդերների ելույթի սկսելը, կես ժամ շարունակ հրապարակում հնչում էր շատ անորակ զուռնան, որը տոնական տրամադրություն ստեղծելու փոխարեն ավելի շատ բժժացրել էր ժողովրդին։ Հավաքվածների աջ թեւում մի խումբ բարձրաձայն հայտարարում է, որ միեւնույն է իրենց ձայնը տալու են Գեղամյանին եւ հիմա «էն հարցը» տալու են Դեմիրճյանին։ Թե Կարեն Սերոբիչի, թե ՊՆ նախարարի ելույթները այս հրապարակում այնքան ուժեղ էին եւ այնպես ծեփեցին քաղաքական ու սոցիալական դաշտը, որ «էն հարցը» հնչեց հետեւյալ խեղճուկրակ ձեւակերպումով. «Դուք ինչո՞ւ կոմունիստների հետ չեք»։ Ի պատասխան Դեմիրճյանը ժպտաց, թե «մենք կոմունիստների հետ ենք, կոմունիստների ղեկավարները մեզ հետ չեն»։ Մի խոսքով, պատրաստված «խռովությունը» բարեհաջող ձախողվեց։

Բնական է, ընտրարշավի առաջին օրը առանց մատաղացու գառների չեղավ։ Առաջին զույգը մորթվեց Արտաշատի Շահումյան գյուղում, որտեղ, մինչեւ հյուրերի մոտենալը, տեղի դպրոցի տնօրենը համագյուղացիներին խնդրեց «ղեկավար անձերին ողջունել առատաբուխ ծափերով»։ Հաջորդ երկու գառները մորթվեցին Տափերական գյուղում, եւս 2-ը՝ Վանաշենում եւ մինչեւ օրվա վերջ էլի մորթվեցին եւ կմորթվեն։ Ի դեպ, այս հարցում հյուրերը տեղացիների հետ խիստ անհամաձայն էին եւ, երբ մորթվող գառների մոտ չրխկում էին մեր ֆոտոապարատները, Վազգեն Սարգսյանը դժգոհեց, թե վաղվա բոլոր թերթերի առաջին էջում այս նկարն է լինելու։ Բայց, դե ժողովուրդն իր հասանելիք մատաղն է մորթում հավատացած, որ այն, ինչ իրենց խոստանում են, գոնե մի 30%-ով կատարվելու է։

Ինչ վերաբերում է դաշինքի նախընտրական արշավի ուշ սկսվելուն, Վահրամ Բրուտյանն այսպես պարզաբանեց. «Միասնությունը» ճանաչողական փուլի գովազդարշավի կարիք պարզապես չուներ։ Դաշինքի խնդիրն իր պլանները ժողովրդին բացատրելն է։ Բոլորն էլ շատ լավ ճանաչում են թե ՀԺԿ-ի, թե ՀՀԿ-ի լիդերներին»։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31