Հրանտ Ոսկանյանը 1985-ից մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Դա ճիշտ եւ ճիշտ այն ժամանակաշրջանն էր, երբ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Հրանտ Ոսկանյանն ակտիվ քաղաքականությունից հեռացել էր, հիմա վերադառնում է։ Կոմկուսի համամասնական ընտրացուցակում նա չորրորդն է։
Ներկայացնում ենք հարցազրույց Հրանտ Ոսկանյանի հետ։
– Փաստորեն, դուք քաղաքականություն եք վերադառնում, սակայն ոչ թե Դեմիրճյանի կողքին, այլ՝ հակառակ ճակատում։ Ժամանակին դուք նրա հետ եթե ոչ առաջին, գոնե երկրորդ դեմք էիք, այսօր ինչո՞ւ իրար կողքի չեք։
– Նախ, հարցադրումը ճիշտ չի, ոչ թե ես եմ հեռացել, այլ Դեմիրճյանն է հեռացել կոմկուսից, հետեւաբար եւ ինձնից։ Այնպես որ, այդ հարցն ուղղեք նրան, թե ինչպես կարող էր նա 14 տարի լինել կենտկոմի առաջին քարտուղար, դրանից առաջ՝ քարտուղար, քաղկոմի քարտուղար, մի խոսքով, ամբողջ կյանքում լինել կուսակցական պատասխանատու աշխատող եւ հանկարծ հրաժարվել իր սեփական կենսագրությունից։
Կարդացեք նաև
– Բայց դուք երկար տարիներ աշխատանքային ընկերներ եք եղել եւ հետաքրքիր է ձեր գնահատականը։
– Գիտեք ինչ, աշխատելու ժամանակ մենք նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեինք, հետո, երբ չէինք աշխատում, դարձյալ նորմալ հարաբերություններ էին, զանգահարում էինք, հարցնում եւ այլն, բայց դա, անջատում ասեմ, թե ինչ, սկսվեց ընտրությունների ժամանակ, երբ կոմկուսի կենտկոմի հանձնարարությամբ մեր ընկերներն ասացին, որ ինքն (Դեմիրճյանը) իր համաձայնությունը տա առաջադրվելու նախագահի թեկնածու։ Պատասխանեց, որ ինքն այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում, որ իրեն հանգիստ թողնեն։ Կենտկոմի բյուրոն Դեմիրճյանին հանգիստ թողեց։ Հետո, կրկին առաջարկ եղավ նախագահական արտահերթ ընտրությունների համար, դարձյալ չուզեց։ (…) Դրանից հետո մի որոշ ժամանակ անցավ եւ ինքը ստեղծեց մի կուսակցություն, որը կոչվեց Ժողովրդական։
– Դեմիրճյանը Ձեզ չի՞ առաջարկել դառնալ այդ կուսակցության անդամ։
– Այդ կուսակցության՝ չի առաջարկել, դրանից առաջ առաջարկություն կար, որ դարձյալ իրար հետ աշխատենք, ես ասացի, որ եթե ուզում է աշխատել, կարող է աշխատել միայն Հայաստանի կոմկուսի կազմում, ես ուրիշ տեղ աշխատելու մտադրություն չունեմ։
– Արդյո՞ք Հրանտ Ոսկանյանի ֆենոմենն ի հակադրություն Դեմիրճյանի, փորձում է օգտագործել կոմկուսը։
– Չէ, գիտեք ինչ, զուգորդումը ճիշտ չի, ես նորից եմ ասում, որ ես քաղաքական ասպարեզից չեմ գնացել։ Ուրիշ բան, որ պայքարի ձեւերը փոխվել են։ (…) Ես նորից շարունակում եմ աշխատել իմ ժողովրդի համար։ Ես գտնում եմ, որ մարդկությունն իր ամբողջ պատմության ընթացքում կոմունիզմից ավելի խելոք, լուսավոր ուսմունք չի ստեղծել։ (…) 70 տարիների ընթացքում ստեղծել ենք այնքան հարստություն, որը 9-10 տարիների ընթացքում գողանում են, գողանում են, էլի ինչ-որ մի բան մնում է գողանալու։ Հիմա ես նորից պայքարում եմ, որ սոցիալիստական իրավակարգը վերականգնենք։
– Որպես Դեմիրճյանին շատ լավ ճանաչող անձնավորություն…
– Բանից դուրս է գալիս, որ այնքան էլ լավ չեմ ճանաչել…
– Այնուամենայնիվ, ի՞նչ գնահատական եք տալիս Դեմիրճյանի միացմանը երկրապահ-հանրապետականներին։
– Դա ինձ համար ե՛ւ անսպասելի էր, ե՛ւ անբացատրելի։ Գուցե իմ ասածները հնաոճ են հնչում, բայց ես մտածում եմ այսպես. եթե մի մարդ ինչ-որ բանի հավատում է, ինչ-որ համոզմունքներ ունի ու եթե այդ համոզմունքներն արագ-արագ փոխում է, նշանակում է ինքը ոչ մի բան չունի, բացի իր անձնական շահերից։
– Ճանաչելով Կարեն Դեմիրճյանին, դուք վստա՞հ եք, որ նա այն մարդն է, որը կարող է Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։
– Ոչ, նախ Դեմիրճյանն աշխատել է սոցիալիզմի պայմաններում, իսկ այն ժամանակ աշխատանքի պայմանները բոլորովին ուրիշ էին։ (…) Կապրենք, կտեսնենք։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Հարցազրույցում օգտագործված են նաեւ այլ լրատվամիջոցների երկու հարցերը։