ՀԿԿ կենտկոմի անդամ, ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Խորեն Թռչունի Սարգսյանը իրեն հատուկ կոլորիտով դիմեց լրագրողներին։ Թռչունիչի խոսքը փորձել ենք ներկայացնել գրական տեսքի բերած.
«Հարգելի լրագրողներ, միակ խնդրանքս այն է, որ ամեն ինչը գրվի անկեղծ, չասվի մի բան, լրագրողների կողմից ներկայացվի մեկ ուրիշ բան։ Մի քանի մասնավոր հեռուստակայաններ, օրինակ՝ «Արը», «Արմենիան», «Այգը», չգիտես ում կողմից թելադրված ավելորդ մեկնաբանություններ են անում, որը հասկանալի է, բայց եւ վտանգավոր։ Վերջերս քանի՞ կուսակցություն ստեղծվեց։ Օրինակ՝ «Օրինաց երկիր», ինչի՞ չի ասվում Սերժի կուսակցություն, ո՞վ չգիտի ձեզանից, որ դա Սերժի կուսակցությունն է։ Դրանից հետո գալիս է «Հզոր հայրենիք»։
Հզոր բառը Թռչունիչը համառորեն չէր հիշում եւ կուսակցությունը կոչում էր՝ «Ամուր հայրենիք»։ Սխալի թեման շարունակելով ասաց, թե սա վարչապետի կուսակցությունն է։ Լրագրողներն էլ, որոնք, ինչպես միշտ, ամեն ինչ ավելի լավ գիտեն, քան կուսակցական գործիչները, խմբակային ուղղում էին՝ վարչապետինը չի, վարչապետինը «Արժանապատիվ ապագան» է։ Այնուհետեւ շարունակելով, Թռչունիչն ասաց. «Ինչ-որ դաշինք կա, որն էլ Սամվել Բաբայանինն է, բարի լինեն իրենց տերերի անուններով կոչեն կուսակցությունները, ոնց որ Դեմիրճյանի կուսակցությունն է անվանական կուսակցություն, դրանք էլ անվանական կոչվեն։ Ընտրողը պետք է հաստատ իմանա, թե ընտրությունների գնալով ո՞ւմ է ընտրելու՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին իբրեւ վիրուսակի՞ր, որ ազատվի վիրուսի՞ց, թե ընտրում է պառլամենտի անդամ, որը գալիս է պաշտպանելու ժողովրդի շահերը։
… Սա ընտրապայքար է մարդկանց, որոշ խելքը գլխին մարդիկ, որոնք գումար չունեն՝ պայքարում են։ Ընթանում է ընտրակաշառքի տարածում, բայց մեր հանրապետության նախագահը մինչեւ օրս չի հասկանում, ո՞րն է կոչվում ընտրակաշառք։ Այ մարդ, հարյուր տարի է այդ կաշառքի հետ շփվում ես, անունը չգիտե՞ս։ (…) Վերջերս վատ հիվանդություն է տարածվել, որը գալիս է էլցանցի կողմից։ Բարձրահարկ շենքերի վերելակները ավտոմատ ձեւով անջատում են, հարուստն է գալիս եւ վերելակը միացնել տալիս, ու այդպես է ուզում հասնել պառլամենտ։ Դարձել է դեկտեմբերի 31-ի շուկայի թանկացում։ Այ, սա է հանրապետության վիճակը։ Ես խնդրում եմ, թող սա ծաղրանքով չգնա»։
Կարդացեք նաև
Ամենայն լրջությամբ ներկայացնում ենք Թռչունիչի ուղերձը եւ հետգրության պես հատուկ նշում ենք, որ մեր շենքի վերելակը նույնպես անջատված է, բայց ոչ մի հարուստ մարդ դեռ չի միացրել։