Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բայց դու էլի Քյոռօղլին ես»

Մայիս 06,1999 00:00
mom

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա իր ասուլիսում զարմացել էր, որ ՀՀՇ-ի նախագահ Վանո Սիրադեղյանին օդանավակայանում այնպես էին եկել դիմավորելու, կարծես Քրիստոսին են դիմավորում։

Նախագահը, կարելի է ասել, դիպուկ էր նկատել։ Երեկ, ուշ երեկոյան, մոտ 100 հոգի ՀՀՇ վարչության շենքից շարժվեցին դեպի ՆԳ եւ ԱԱ նախարարություն։ Երթը կարելի էր եւ ավելի վաղ սկսել, եթե մասնակիցների նպատակը գիշերվա մեջ հարյուրավոր մոմեր վառելը չլիներ։ «Վա՜-նո, Հա-յաս- տան», «Ա-զա-տու-թյուն» վանկարկելով՝ երթի մասնակիցները մեկ շարքով կանգնեցին կագեբեի ողջ երկայնքով։ Նրանցից կարելի էր ճանաչել միայն Արարատ Զուրաբյանին, Արամ Մանուկյանին, Անդրանիկ Հովակիմյանին։ Այլ բարձրաստիճան ՀՀՇ-ականներ այդպես էլ չերեւացին։ ՆԳ համակարգի մի քանի աշխատակիցներ երթի ավարտին միայն դանդաղ քայլերով եւ անտարբեր մոտեցան նախարարության մուտքի մոտ։ Արարատ Զուրաբյանը նրանց հավաստիացրեց, որ ամեն ինչ կանցնի հանդարտ, եւ նրանց միջամտության կարիքը չի զգացվի։ Երթի մասնակիցների մեջ էր նաեւ ՀՀՇ-ի Գեւորիկը, որը՝ աչքերը արցունքներով լցրած եւ արդեն խռպոտած ձայնով փորձում էր ամենաբարձրը վանկարկել Վանո Սիրադեղյանի անունը։

Անդրանիկ Մանուկյանին հարցրեցի, թե այս բացականչությունները Սիրադեղյանը կլսի՞, թե՞ ոչ։ Ասաց, որ անպայման կլսի, քանի որ նրա մեկուսարանը առաջին հարկում է։ (Ի դեպ, Վանո Սիրադեղյանին տեսակցելու ցանկություն նրա բարձրաստիճան ընկերներից եւ ոչ մեկը չի հայտնել)։

Մոռացա նշել, որ մինչեւ մոմերը վառելը, բարձրաձայն հնչեց «Հայր մերը»։ Մասնակիցներից մեկը կատակեց. «Իսկ խունկ չե՞ք բերել»։

Այս ամենը տեւեց մոտ 10-15 րոպե։ Հետո վառվող մոմերը դրեցին գետնին ու շարժվեցին ով դեպի ՀՀՇ, ով՝ իր տուն։ Մոմերը անցնող մեքենաների հոսքից արագ մարեցին։

Հիշո՞ւմ եք «Պեպո» ֆիլմի վերջը, երբ բանտարկված Պեպոյի ընկերները՝ Դարչոյի գլխավորությամբ, մրգերի սինիներով, զուռնա-դհոլով գնում են նրան տեսակցելու։ Երգում են «Քյոռօղլու երգը»։ Վերջում էլ փոխանցում են Զիմզիմովի «սերդեչնի պրիվետը»։ Երեկվա երթի ենթատեքստը մի տեսակ այս սցենարն էր հիշեցնում։

Բայց՝ ի տարբերություն ֆիլմի, այստեղ (կագեբեի պադվալներում) արտաքին աշխարհին նայող պատուհաններ չկան։

Այսօր ՀՀՇ վարչությունը որեւէ պիկետ կամ երթ հավանաբար չի անի։ Վարչության անդամները լավատես են եւ հույս ունեն, որ իրենց ղեկավարը վաղն անպայման ժամը 15։30-ի մատույցներում ազատ կարձակվի։

Իսկ համազգային խորովածի նպատակով նախատեսված 150 կգ միսը դեռեւս սառնարանում է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31