Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՕՐ ԱՅՍ ՏԵՂՈՒՄ

Մայիս 06,1999 00:00
vano

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին անցկացված ամեն ընտրություն իրեն խորհրդանշող մի խախտում ուներ՝ 1991-ին՝ Պառավաքարը, 1995-ին՝ ՀՅԴ չմասնակցելը եւ Երկրապահների կազմակերպած ծեծուջարդը, 1996-ին՝ սեպտեմբերի 25-ը եւ 26-ը, 1998-ին՝ Արարատի դեպքերը։ Այս ընտրությունների համար խորհրդանիշ դառնալու հավակնություն առայժմ կարող է ունենալ միայն ՀՀՇ վարչության նախագահի հետ կատարվածը, որ արդեն 3-4 օր է լրատվամիջոցների գլխավոր թեման է։

Ով փնտրում է, միշտ կգտնի՞

Վանո Սիրադեղյանի ձերբակալության ականատես ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանն ականատես էր դարձել նաեւ մայիսի 4-ին, ժամը 13-ից մինչեւ 20.00-ն նրա տան խուզարկությանը։ Այս 7-ժամյա խուզարկության մանրամասներն այսպես ներկայացրեց. «ՀՀՇ վարչությունում Վանոյի կինն ինձ տեսավ ու ասաց, որ խուզարկության են եկել, տանը մարդ չի եղել։ Ռուզան Տոնոյանի հետ գնացինք ու ծանոթացանք այն փաստաթղթին, որով իրավունք ունեին խուզարկություն իրականացնելու։ Հարցրինք, թե ինչ են փնտրում։ Պատասխանեցին, թե սա պարտադիր իրականացվելիք գործողություն է։ Ժամանակի մեծ մասն առավել բանակցությունների վրա վատնեցինք։ 10 հոգով էին եկել՝ պայմանավորվեցինք, որ միանգամից այդքանով տունը տակնուվրա չանեն, այլ երկուական ընթերականերով, դատախազության աշխատակիցներով եւ մեր ներկայացուցիչներով սենյակից սենյակ անցնեն։ Այսպես արեցինք, քանի որ կասկածում էինք, թե խուճապի մեջ իրենց փնտրածն իրենք էլ մի տեղ կգցեին։ Շատ խաղաղ ընթացավ ամեն ինչ։ Իմ տպավորությամբ, ավելի շատ փաստաթղթեր էին փնտրում, քան զենք ու զինամթերք՝ խուզարկության ձեւից երեւաց։ Առգրավվեցին մի զեկուցագիր, որ Սիրադեղյանին առնչություն չուներ»։

Պե՞տք է արդյոք «գազազեցնել սագերին»

Եթե Վահագն Հայոցյանը բավական զգույշ էր արտահայտություններում՝ Հովհաննես Իգիթյանի խոսքը մարտահրավերի էր նման. «Ես պատրաստ եմ աջակցել դատախազությանը։ Եթե նրանք հայտարարեն, թե ինչ են ընդհանրապես փնտրում խուզարկությունների ժամանակ՝ ես իրենց կասեմ, թե որ իշխանավորի տանը կա իրենց փնտրածից»։ Պետք է նշել, որ ՀՀՇ-ում այսօրինակ հայտարարություններն այնքան էլ չեն խրախուսվում։ Կուսակցությունում մոտեցումների առումով որոշակի տարբերակվածություն կա։ Պայմանական անունով, «բազեները» անուններ տալու, կտրուկ հայտարարությունների կողմնակից են, իսկ «աղավնիները» չեն ցանկանում իշխանությունների հետ բացարձակ առճակատման գնալ, քանի որ նժարին Վանո Սիրադեղյանի ճակատագիրն է։ Ձերբակալության այս 4 օրերի ընթացքում նրանք նախընտրում են առավել չսաստկացնել անձնական վիրավորանքների հեղեղը։ Իսկ այդ գործոնի դերն այս պատմության մեջ բնավ էլ փոքր չէ, եթե մտաբերենք «պատերազմի հանցագործներ», հիրավի, դատապարտելի արտահայտության առնչությամբ որոշ բարձրաստիճանների արձագանքները։

Այնուամենայնիվ, հրադադարի հույսեր կան, որոնք մեծ մասամբ առնչվում են պաշտպանության նախարարի դիրքորոշմանը։ Այստեղ էլ լուրերը բազմաթիվ են, թե արդյոք նախապես տեղյակ եղել է Վազգեն Սարգսյանը Վանո Սիրադեղյանի վերադարձին, բայց վկայողներ կան, որ ձերբակալումից 5 րոպե անց է միայն նա այդ մասին իմացել։ Արդյոք այժմ կմիջամտի՞ եւ կպնդի՞ իր տեսակետը, թե առանց Վանո Սիրադեղյանի կալանավորման պիտի ընթանա դատաքննությունը։ Պատասխանն ակնհայտ կլինի վաղը, իսկ մինչ այդ ՀՀՇ-ն ակտիվորեն սպասում է։

Նոր սերունդը շրջահայաց չէ

Այնուամենայնիվ, երեկ ՀՀՇ Երիտասարդական միության հանրապետական խորհուրդը մի հայտարարություն հրապարակեց, որում բազմաթիվ էին կտրուկ գնահատականները։ Ահա դրանցից մեկը. «Ներկա վարչակարգը չի ընդունում գրված եւ չգրված օրենքները։ Ոչինչ չխնայելով, իրենց իսկ ցանկությունները հասարակությանը ներկայացնում են որպես իրականություն, առաջնորդվելով բռնատիրական ցինիկ սկզբունքներով»։

Այս հայտարարությունը ներկայացնելու առնչությամբ հրավիրված ասուլիսում ՀՀՇ վարչության անդամ, Երիտասարդական միության նախագահ Հրաչ Հակոբյանը նաեւ նշեց, թե ուժային նախարարությունների համապատասխան պաշտոնյաների հետ բանակցությունների ելքով են պայմանավորված իրենց հետագա գործողությունները։ Չբացառեց հացադուլները, նստացույցները եւ այլն։

Լավ է մեկ անգամ տեսնել

Օրվա ամենակարեւոր նորությունը թերեւս այն էր, որ Վանո Սիրադեղյանի 3 վստահված անձինք ժամը 17-19-ը քննչական մեկուսարանում հանդիպել էին նրան։ Վերադարձի առաջին օրը ՀՀՇ գործիչները վստահեցնում էին, թե Սիրադեղյանի առողջական վիճակը բարվոք է, հաջորդ օրը սկսեցին հակառակը պնդել եւ վերջապես երեկ Արթուր Բաղյանը, որ Սմբատ Սիրադեղյանի եւ Արման Հակոբյանի հետ մեկուսարանի հանդիպումների եւ հարցաքննությունների սենյակում զրուցել էր ՀՀՇ ղեկավարի հետ, վկայեց. «Հյուծված տեսք չունի, բայց երեւում է, որ վատառողջ է։ Սիրտը վատ է աշխատում, աչքերի տակ սեւացած է, ճնշումն էլ բարձր է»։ Խոսել էին ընտրարշավի մասին, փոխանցել վերջին օրերի տեղեկատվությունը։ «Ինքն ասաց, թե ընտրարշավի մասին ավելի ստույգ կխոսի, երբ դուրս գա»։

Հովհաննես Իգիթյանն էլ «Առավոտին» հայտնել էր, թե փաստաբան Ռուբեն Ռշտունին էլ է հանդիպում Վանո Սիրադեղյանի հետ։ Ի դեպ, թերեւս եւս մի փաստաբանի էլ ներգրավեն այս աշխատանքներում՝ Տիգրան Ջանոյանին, որը նույնպես հանրահայտ է դարձել Դաշնակցությանն առնչվող քրեական գործերի շնորհիվ։

Թերեւս ամենահետաքրքրական հարցը

Ի դեպ, դատախազությունն այդպես էլ պաշտոնապես չի հայտնել, որ պատգամավորական միջնորդությունը Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մերժված է։

Այսուհանդերձ, ձերբակալության 4 օրից 3-ն արդեն անցել է եւ թերեւս ակնհայտ է, որ մնացած մեկ օրում գլխավոր դատախազն այլեւս միջնորդությամբ չի դիմի ԱԺ-ին, ԿԸՀ-ին կամ Տավուշի ՄԸՀ-ին՝ կալանավորելու համաձայնություն ստանալու համար։ Հակառակ պարագայում այսօր պիտի ԱԺ արտահերթ նիստ հրավիրեր հանրապետության նախագահը։

Արժե նաեւ նշել, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» 111 հոդվածի 6-րդ կետի, կալանավորման համաձայնություն տալու վերաբերյալ կենտրոնական եւ մարզային ընտրական հանձնաժողովները պիտի որոշում ընդունեն ձայների առնվազն երկու երրորդով։ Այսինքն 13 հոգանոց հանձնաժողովների անդամներից առնվազն 9-ը պիտի «կողմ» քվեարկեր։ Սակայն մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ ԿԸՀ-ի անդամներից Արմենուհի Զոհրաբյանը, Ռուբեն Հովհաննիսյանը, Սերգեյ Պողոսյանը, Ռուբեն Մանուկյանը վստահաբար այս որոշման կողմնակիցները չէին լինելու։ Եվ բավական կլիներ, որ «Միասնություն» կամ «Հայրենիք» դաշինքների ներկայացուցիչներից որեւէ մեկն անգամ ոչ այնպես քվեարկեր։

Այնուամենայնիվ վստահ ենք, որ ուժերի հարաբերակցության գնահատականը չէ պատճառը, որ Վանո Սիրադեղյանն այսօր-վաղն ազատ կարձակվի եւ նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի բնակավայրից չբացակայելը։ Վստահ ենք, որ իշխանություններն ուղղակի կնախընտրեն ձեռնպահ մնալ նախընտրական այս փուլում ավելորդ լարվածությունից եւ գուցե, իրոք, ընտրությունների վերաբերյալ գնահատականը վտանգելուց։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31