Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունը հո Աստված չէ՞…

Մայիս 06,1999 00:00
shavarsh qocharyan

Ընտրությունը հո Աստված չէ՞…

Հայ FM 105 ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «Տակառում», ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն էր լրագրողների ու ռադիոլսողների հյուրը։ Դիջեյը լրագրող Աղասի Ենոքյանն էր։ Հանդիպումը կարելի է դասել նաեւ ընտրարշավային միջոցառումների շարքին։ Հարց ու պատասխանի նյութը նույնն էր՝ որքանո՞վ ազատ ու արդար կլինեն այս ընտրությունները, ազատ ու արդար լինելու համար ի՞նչ են անում իշխանությունները, Վանո Սիրադեղյանի ձերբակալումն արդյո՞ք հարցականի տակ չի դնում այս ընտրությունների ազատ ու արդար լինելը… Մի խոսքով նոր բան չկար. ո՛չ նոր կարծիք, ո՛չ նոր տեղեկատվություն, ո՛չ նոր մոտեցում։ Դե՛, Շավարշ Քոչարյանն էլ այդ նույն հարցերի մասին մամուլով ու հեռուստատեսությամբ շատ է խոսել։ Ճիշտ է, դրանից նա ավելի վարժ ու կենտրոնացած էր խոսում (բայց՝ երկար), սակայն Շ. Քոչարյանի տեսակն այնպիսին է, որ եթե անգամ նոր բան է ասում՝ միշտ նույն ձեւն ու նույն միտքն է ստացվում։ Նա դարձյալ ասաց, որ ազատ ու արդար ընտրությունը աշխատանք է, որ պետք է վարի իշխանությունը, իսկ իշխանությունը դա չի անում։ Ըստ նրա՝ ԱԺՄ-ն ընդդիմադիր կուսակցություն է միշտ եղել ու կա, բայց ընդդիմադիր է ոչ թե անձանց, այլ ռեժիմին։ Հիշեց 1992-93-94 թթ. մութ ձմեռները՝ «զանգվածային հանցագործություններ ժողովրդի դեմ»։

«Միասնություն» դաշինքը, Շավարշ Քոչարյանի կարծիքով, բերեց նրան, որ Դեմիրճյանը ձայների կորուստ ունեցավ։ ԱԺՄ վարչության անդամն արդեն գիտի, որ ժողովուրդն իրեն շատ լավ ճանաչում է իր նախկին խոստումներից. «Այսօր չէ, որ պիտի խոստումներ տամ, ժողովուրդն ինձ շատ լավ ճանաչում է»։ Հայաստանում կուսակցություններն ու կազմակերպությունները ժամանակի ընթացքում (մեկն ավելի շուտ, մյուսը՝ ուշ) վերածվում են սեկտաների։ Ճիշտ նման՝ աղանդավորական սեկտաներին։ Եվ սեկտանտները միմյանցից, հատկապես՝ իրենց սեկտայի լիդերից, յուրացնում են ամեն ինչ. սկսում են խոսել նույն ժեստերով, նույն ռիթմով, նույն բառերով ու մտքերով, համոզվածության նույն չափերով, նույնիսկ՝ նույն ձայնով։ Դառնում են «մեկ մարմին»։ Ու այնքան «սարքված» ներսից սոսնձված է նրանց համոզվածությունը, մի պահ անգամ երկմտանքով ու կասկածանքով չեն խոսում։ Ասում են՝ այս է ու վերջ։ Նույն երեւույթն է տիրում մեր բոլոր կուսակցություններում. ՀՅԴ-ն, թերեւս, շա՜տ քիչ զիջում է մյուսներին, այն պատճառով, որ դաշնակցականները սփռված են աշխարհով մեկ՝ մի տեղում միայն կենտրոնացված չեն ու շահում են այդ աշխարհագրական տարածության շնորհիվ։

Փոքր-ինչ շեղվեցի ասուլիսից, բայց Շավարշ Քոչարյանի ելույթը աղանդավորականի խոսք էր հիշեցնում, մանավանդ, երբ ասաց, թե «ազատ ու արդար ընտրությունը Աստված չէ, որ հավատաս կամ չհավատաս, պետք է աշխատես դրա համար»։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31