Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏԱՐԻՆ ՈՐՊԵՍ ՏԱՐԵԴԱՐՁ ՈՒ ԳՐՔՈՒՅԿ

Մայիս 06,1999 00:00
Robert Qocharyan

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց լրագրողների հետ։ Նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը թույլատրություն խնդրելով հիշեցրեց. «Ասուլիսը, ինչպես եւ խոստացված էր, նվիրված է նրա (ՀՀ նախագահի- Ա. Գ.) պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներին»։

Նախաբան-ներածականում նախագահ Ռ. Քոչարյանը նշեց, որ ասուլիսի ընթացքում բաժանված գրքույկում ներկայացված է իր պաշտոնավարման շրջանի բնութագիրը։ «Այդ գրքույկը կազմված է իմ նախընտրական խոստումներից ելնելով»,- նշեց Ռ. Քոչարյանը։ Անցած տնտեսական տարին նա բնութագրեց որպես «բավական դժվարին»։ Ռուսական ճգնաժամը, փաստորեն, խառնել էր մեր իշխանությունների պլանները. «Եվ սեպտեմբեր ամսից կառավարության եւ նախագահի աշխատանքի ռեժիմը հակաճգնաժամային աշխատանքի ռեժիմ էր։ Համար մեկ խնդիրը եղել է պահպանել ֆինանսական համակարգը, պահպանել մակրոտնտեսական կայունությունը»։ Փաստը չմեկնաբանելով նշենք, որ «մակրոտնտեսական կայունությունը պահպանելու» վեհ գաղափարին 94-ից դավանել են Հայաստանի բոլոր կառավարությունները՝ Հրանտ Բագրատյանից սկսած։ Ինչ խոսք, հաճելի է, նաեւ ճիշտ, որ ՀՀ նախագահի մակարդակով է վերլուծվում հանրապետության տնտեսական կյանքը։ «Կարող եմ միանշանակ ասել, որ այդ խնդիրը մենք լուծել ենք»,- նշեց նախագահը։ (Նույն բանը՝ մակրոտնտեսական կայունությունը ապահովելով հպարտանալը բավական կայուն թեմա է մեր տնտեսական բոլոր ղեկավարների համար։ Ու որպես ապացույց միշտ բերվում են միջազգային տնտեսական հիմնարկությունների կարծիքները):

Հանրապետության նախագահի կարծիքով. «Նաեւ դուք եք զգում, որ Հայաստանում այսօր չկա վախի մթնոլորտ», եւ սա՝ «մեկ տարվա ամենամեծ նվաճումն է, հնարավոր չէ համեմատել մեկ կամ երկու տարի առաջվա իրավիճակի հետ»։

Պառլամենտական ընտրությունների մասին խոսելիս, Ռոբերտ Քոչարյանն այն համարեց լուրջ քննություն, պետական կյանքի որակական նոր աստիճան։

Ասուլիսի ժամանակ տնտեսական նվաճումների մասին գրքույկը առանձին լուրջ վերլուծությունների թեմա է։ «Առավոտը» պարբերաբար կանդրադառնա այս հարցերին։ Հիմա, պարզապես ներկայացնենք առավել հետաքրքիր պահերը։

Կոալիցիոն կառավարության մասին

-Չեմ բացառում, որ ԱԺ-ում իրենց տեղն ու կշիռն ունեցող առողջ քաղաքական ուժերը մասնակից դառնան գործադիր իշխանության ձեւավորմանը։

Որ կուսակցությունները կանցնեն ԱԺ

-Ում հետ խոսում ես, 15 հոգուց պակաս ոչ ոք իրեն չի պատկերացնում խորհրդարանում՝ բոլոր 21 բլոկները։

Նախագահի պաշտոնը

-Այսօր դա լավ պաշտոն չէ, համոզված եմ, 5-7 տարի հետո դա կլինի բավական լավ պաշտոն։

Ուժային նախարարներն ու խորհրդարանի ձեւավորումը

-Չե՞ք կարծում, որ վատ վերաբերվեի (ուժային նախարարների ակտիվ մասնակցությանը խորհրդարանի ձեւավորման գործում- Ա. Գ) հնարավորություն կունենայի ասել, որ պետք չէ մասնակցել։

Արմեն Դարբինյանը՝ տնտեսվար եւ քաղաքական գործիչ

-Որպես տնտեսվար, այո, համարում եմ, որ լա՛վն է։ Որպես քաղաքական գործիչ՝ Հայաստանի կեսն իրեն համարում է քաղաքական գործիչ։

Բա Արմեն Դարբինյա՞նը

-Ես համարում եմ, որ նա իսկապես նվիրված աշխատող է։

Ում օգտին կքվեարկի նախագահի ընտանիքը

-Ընտանիքում, ընդհանրապես քաղաքականությունից չենք խոսում, ընտանիքում քննարկելու համար կան շատ ավելի հաճելի թեմաներ։

Աշխատանքային կարգապահություն

-Աշխատանքի եմ գալիս ժամը 9-ին։ Կարող է 10-15 րոպե ուշանամ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Ասուլիսին հրավիրված տղամարդ լրագրողներին նախօրոք խնդրել էին սափրվել եւ փողկապ կապել։ Չնայած սափրված լինելն էլ տղամարդկության չափանիշը չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31