15 տարի։ Շա՞տ է, թե՞ քիչ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆենոմենը բացատրելու, վերլուծելու ու գնահատելու փորձ առայսօր, կարծես թե, չի արվել (թեեւ 2-րդ ծնունդ չկա)։ Գուցե խանգարել է տնօրենի ա՞նձը։ Աշոտ Բլեյան քաղաքական գործչի իմիջը իր իսկ ստեղծած դպրոցի համար ե՛ւ դրական, ե՛ւ բացասական դեր է խաղացել։
Դրական այն առումով, որ 15 տարի շարունակ այս հսկա համալիրը մի տեսակ արտոնյալ կարգավիճակ է ունեցել՝ դպրոց-լաբորատորիայի կարգավիճակ, որին պետությունը իր կիսատ-պռատ կրթական քաղաքականությամբ երբեւէ չի միջամտել։ Ե՛վ կոմունիստները, ե՛ւ հհշականները մի տեսակ վստահել են տնօրենին ու նրա մանկավարժական բանիմացությանը, էքսպերիմենտի, մանկավարժական նորարարության արտոնագիր տվել։ Եթե չեն աջակցել, գոնե չեն էլ խանգարել։ Բացասական ազդեցությունն էլ պայմանավորված է եղել Բլեյանի քաղաքական հայացքներով։ Դրանք մերժող հասարակությունը չէր կարող զատել մանկավարժական գործունեությունը քաղաքականից, չէր կարող իր բացասական վերաբերմունքը չտեղափոխել մանկավարժական ոլորտ։ Այսօր, երբ բավականին փոխվել է քաղաքական մթնոլորտը, երբ Բաքու այցելելը դադարել է դավաճանություն դիտվելուց եւ Բլեյանի քաղաքական համախոհները ոչ միայն ավելացել են, այլեւ չեն վախենում խոստովանել այդ մասին, ժամանակն է վերլուծել «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի 15-ամյա գործունեությունը, մանավանդ, եթե դա արվում է կողքից՝ կրթահամալիրը վաղուց ուսումնասիրող, բայց դրա հետ անմիջական կապ չունեցող մարդու աչքերով։
Դրականը
1. Կոլեկտիվի ֆենոմենը Հայաստանյան ոչ մի հիմնարկ-ձեռնարկությունում նման համերաշխություն ու իրենց օջախին նման նվիրվածություն դուք չեք գտնի։ Աշոտ Բլեյան անձի շուրջը հավաքված այս 400 հոգին ոչ միայն նրանով հիացած ու նրան սիրահարված են, այլեւ նվիրված իրենց դպրոցին ու գործին։ Ժամանակի ընթացքում Բլեյանին չհամակրողները, նրա ստվերում հայտնվելուց դժգոհները, հեռացել են այստեղից։ Մնացածը միասնական է, միակամ ու անհողդողդ։ Տնօրենի աթոռին նրանք ոչ մեկին, բացի Բլեյանից, չեն պատկերացնում։ Տարաձայնություններ եւ ժամանակավոր օտարումներ 15 տարում շատ են եղել (օրինակ, 98-ին նախագահական ընտրությունների ժամանակ), բայց դրանք հաղթահարվել են, մանավանդ, երբ դրսից վտանգ է զգացվել։
Կարդացեք նաև
2. Ազատության շատ բարձր աստիճանը։ Էլի տնօրենի անձով, նրա կողմից ցանկացած նախաձեռնություն խրախուսելու հանգամանքով պայմանավորված՝ այս կոլեկտիվում ազատ ու ստեղծագործ մթնոլորտ է տիրում։ Տարիներ շարունակ Բլեյանի հոգատար պարտադրանքի տակ մի խումբ ուսուցիչներ աշխատել են դասագրքերի իրենց տարբերակների վրա։ Հատկապես կրտսեր դպրոցի եւ միջին դպրոցի լեզվի ու գրականության դասագրքերի շարք է ծնվել, որոնք մասնագետների կարծիքով մնայուն արժեք են։ Այստեղ երեխաների համար փակ դռներ, արգելված գոտիներ կամ թեմաներ չկան։ 2-րդ դասարանցին կարող է դասի ժամանակ հանգիստ քաշել ուսուցչուհու փեշից եւ մի անհեթեթ հարց տալ։ Իսկ բարձր դասարանցիներն ընդհանրապես ինքնուրույն, ձեւավորված մարդիկ են, շատ կոմպլեքսներից ազատ եւ ամենակարեւորը՝ համարձակ։ Ընդունելության քննություններին մասնակցած դասախոսները նշում են, որ 100-ի միջից Բլեյանի դպրոցն ավարտած երեխան ջոկվում է իր շահերը պաշտպանելու ունակությամբ։
3. Միջավայրը։ Հավանաբար հանրապետության ամենաշեն ու բարեկարգ դպրոցները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում են։ Ամեն տարի ոչ միայն թարմացվում եւ խնամվում են շենքերը, այլեւ տարին 2 անգամ ծառատունկ արվում, ցանկապատվում, անընդհատ ջրվում, կարգի բերվում տարածքը։ Ոչ մի ճչացող գույն, անճաշակ կտավ։ Ամենուրեք խաղալիքներ են, հարմար գույք ու ճաշակով ձեւավորված սրահներ։ Մարզասրահը, լեզվի կենտրոնը, երաժշտական ու գեղարվեստի դպրոցները, թատերական ու հեռուստաստուդիան, ձայնագրման ու համակարգչային կենտրոնները, սրճարանը, ատամնաբուժարանը, ներքին բակերը, լողավազանը, պարարվեստի դպրոցը եւ մնացյալը ծառայում են երեխաներին։ Խնամվում ու ստեղծվում են նրանց ուժերով ու նրանց համար։ Շատ արշավներ, էքսկուրսիաներ ու միջոցառումներ են կազմակերպվում, որտեղ կենտրոնում երեխան է, որը ոչ թե արձանի նման ինչ-որ անհասկանալի տեքստ է արտասանում, այլ երգում է, պարում, բեմադրում եւ ուրախանում։ Այստեղ համընդհանուր սիրո միջավայր է, բոլոր տարիքի երեխաները գրկում ու համբուրում են տնօրենին եւ ուսուցիչներին։ Ուսուցիչները եւ տնօրենը շոյում ու փայփայում են աշակերտներին։ Մյուս դպրոցներում դա անպատկերացնելի է։
Բացասականը
1. Ցանկացած որակյալ ապրանք ու ծառայություն ունի իր գինը։ Պետական ֆինանսավորմամբ վերը նշված ծառայությունները մատուցել անհնարին է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս տարվանից ընդհանրապես, դադարեցվել է կրթհամալիրի մարզադպրոցի, երաժշտության եւ գեղարվեստի դպրոցների, լեզվի կենտրոնի եւ մյուս արտադպրոցական հիմնարկների ֆինանսավորումը։ Ուստի այս բոլորը որոշակի գումար արժե եւ ոչ բոլորն են ի վիճակի դրանց դիմաց վճարել, հատկապես, եթե հաշվի առնենք բանգլադեշյան բնակչության սոցիալական վիճակը։ Իհարկե, ծնողական աջակցության գումարներ այսօր հավաքվում են բոլոր դպրոցներում։ Եվ եթե մյուս տեղերում պարզ չէ ինչի վրա են ծախսվում դրանք, այստեղ ծախսերի ուղղվածությունը չեն թաքցնում։ Դա է պատճառը, որ ոչ մի ծնող չի բողոքում վճարելու անհրաժեշտությունից։ Սովորաբար բողոքում են այն դեպքում, երբ այդ գումարների ծախսման արդյունքը չեն տեսնում։ Սակայն, իհարկե, հանրակրթական դպրոցում վճարելու հանգամանքը չի կարելի դրական գնահատել։
2. Կարգուկանոնի նկատմամբ թույլ հսկողությունը։ Ազատության եւ կարգուկանոնի օպտիմալ հարաբերակցությունը գտնել շատ բարդ է։ Անշուշտ, անընդունելի են մյուս դպրոցների երկաթյա ճաղերն ու փայտով պահակը, որը դասից փախչող երեխաների ահուսարսափն է, բայց չափից դուրս մեղմությունն էլ կազմակերպվածություն, կարգուկանոն, օրենքին ու ղեկավարությանը ենթարկվելու ավանդույթ չի դաստիարակում։ Այս առումով ոմանք վիճելի են համարում ուսուցիչ-աշակերտ անջրպետի բացակայությունը կրթահամալիրում, գտնում են, որ աշակերտը պիտի հարգի, ակնածի, քաշվի ուսուցչից։ Այս կրթահամալիրի շրջանավարտներին, հավանաբար, հետո դժվար կլինի մեծահասակների միջավայրում։
3. Այս կրթահամալիրը շեշտը դնում է քաղաքացի եւ մարդ պատրաստելու վրա, ուստի դպրոցի գիտելիքներ փոխանցող դերը նվազում է։ Դժվար է ասել՝ դրակա՞ն է սա, թե՞ բացասական։ Խորհրդային խոր գիտելիքներ տվող դպրոցի նկատմամբ մեր ակնածանքը հուշում է, որ բացասական է։ Բայց ողջ աշխարհն այսօր դպրոցը դիտում է որպես դաստիարակող, հմտություններ ու կարողություններ փոխանցող օջախ։ «Մխիթար Սեբաստացին» (չհաշված գիմնազիան) բուհին չի ուղղված, դիմորդ չի պատրաստում։ Իսկ արհեստագործական դպրոցն ընդհանրապես իր առաջ նպատակ է դնում դժվար դաստիարակվող երեխաներին կտրել փողոցից եւ 2 տարի մեծերի հսկողության տակ պահել։ Ուսանելու գործում պարտադրանք չկա, երկտարեցիներ չկան։ Թեեւ գիտելիքների գնահատման կենտրոնը հատուկ թեստերով պարբերաբար ստուգում է երեխաների գիտելիքները, բայց չի կարելի ասել, թե դրանք ավելի հարուստ են, քան երեւանյան մյուս դպրոցներում երեխաների ստացած գիտելիքները։
4. Նոր մարդիկ կրթահամալիրում չեն հարմարվում։ 15 տարում ձեւավորված կոլեկտիվն այնքան համերաշխ ու ամուր թելերով է կապված դպրոցին, որ նոր մարդիկ այստեղ շատ կարճ են դիմանում։ Այստեղ թափուր աշխատատեղեր որպես կանոն չեն լինում։ Աշխատողները կրթահամալիրը դիտում են որպես իրենց տունը եւ օտարների նկատմամբ խանդոտ ու անհանդուրժող են։ Ոչ միայն նոր տնօրեններ, այլեւ նոր ուսուցիչներ էլ չեն հայտնվում։ Իհարկե, կադրերի հոսունություն էլ չկա։ Ազգային-ապազգայինի մասին խոսակցություններն անլուրջ են, քանի որ դասավանդում են նույն պետական ծրագրերով ու դասագրքերով, տեղաբնիկ հայ ուսուցիչների ուժերով։ Մեծ ուշադրություն է դարձվում հայոց պատմության եւ հայ գրականության դասավանդմանը։
ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ