Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՌԼԻՏՆԵՐԻ ԹԱԼԱՆԸ

Մայիս 05,1999 00:00
perlit

Պեռլիտները թթու կազմի հրաբխային ապարներ են, որոնք մեծ տարածում ունեն Հայաստանի պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխականության գոտիներում, մեծամասամբ՝ մերձերեւանյան շրջաններում։ Պաշարների տարածքային (հանրապետական) հանձնաժողովի կողմից հաշվառված են երեք հանքավայրեր, որոնց հաշվեկշռային պաշարները կազմում են 151 մլն խոր. մետր։ Պեռլիտների կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր։

Հետախուզված երեք հանքավայրերից շահագործվել եւ այժմ էլ շահագործվում են երկուսը՝ Արագածի եւ Ջրաբերի հանքավայրերը։

80-ական թվականներին Արագածի հանքավայրից տարեկան արդյունահանվում էր 500-600 հազ. խոր. մետր հումք, որից չնչին քանակներով արտադրվում էր փքեցված պեռլիտ (40-45 հազ. խոր. մետր) եւ զտափոշի (մոտ երկու հազար տոննա)։ Հայաստանի ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտում մշակվել է նոր զտափոշու («Արագած») ստացման տեխնոլոգիա, որի համար շնորհվել են հեղինակային վկայականներ։ Դեռեւս 1966 թ. ինստիտուտի փորձարարական գործարանում տարեկան արտադրվում էր 200-300 տ «Արագած» զտափոշի, որն օգտագործվում էր քիմիական, նավթաքիմիական, բժշկական եւ սննդի արդյունաբերություններում։ Գործարանային փորձարկումները ցույց են տվել, որ այս փոշիներն իրենց որակով չեն զիջում արտասահմանյան լավագույն նմանակներին՝ «Դիկոլիտ -4200», «Մետազիլ -Ա» եւ այլն։ «Արագած» զտափոշու մասին դրական գնահատականներ են ստացվել արտասահմանյան տարբեր ֆիրմաներից՝ «Ֆրիդրիխ Ուդե» (ԳՖՀ), «Կուրահե» (Ճապոնիա) եւ այլն։

Զտափոշիների նկատմամբ մեծ պահանջարկ է ներկայացնում արտասահմանյան երկրների գերակշռող մեծամասնությունը։

Ջերմային մշակման ենթարկելու ժամանակ հայկական պեռլիտները (Արագածի հանքավայր) փքվում են եւ դրանց ծավալները մեծանում են 6-8 անգամ։ Փքեցման ջերմաստիճանը չի գերազանցում 1000 աստիճան Ցելսիուսից։ Այս զարմանալի հատկության շնորհիվ հնարավորություն է ընձեռվում պեռլիտներից պատրաստել գերթեթեւ բետոններ, բարձր հատկություններով օժտված ջերմա եւ ձայնամեկուսիչ նյութեր եւ այլն։

Առանձահատուկ հետաքրքրություն է ներկայացնում պեռլիտներից ապակեպլաստիկ նյութերի արտադրությունը, որի տեխնոլոգիան մշակվել է Երեւանի քարերի եւ սիլիկատների ինստիտուտում։ Այս նյութն իր մեխանիկական հատկություններով ու տեսքով չի զիջում փայտանյութին եւ լայն ծավալներով կարող է կիրառվել շինարարության մեջ՝ դռների եւ պատուհանների պատրաստման գործում, ինչպես նաեւ այլ կարիքների համար։

Պեռլիտահումքի վրա Հայաստանում մշակվել է նաեւ «Սիտալի» ստացման տեխնոլոգիան։ «Սիտալը» կարող է կիրառվել շինարարության մեջ եւ հանդիսանում է ապակեբյուրեղային նյութ, որին արտադրության ժամանակ կարելի է տալ ցանկացած ձեւ եւ գույն։

Հաշվի առնելով Արագածի հանքավայրի պեռլիտների որակական բարձր հատկանիշները, զտափոշիների արտադրության իտալական «Դիկոլիտ» ֆիրման 25 տարուց ավելի գնում էր Հայաստանի պեռլիտահումքը, որից պատրաստված բարձրորակ զտափոշին առաքվում էր աշխարհի մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում նաեւ՝ Նախկին ԽՍՀՄ եւ ապա Հայաստան, որտեղ էլ այդ զտափոշին օգտագործվում էր գինիների, կոնյակի, ճարպերի ու յուղերի, նավթաքիմիական եւ այլ արդյունաբերություններում ու այլ ճյուղերում։

Պատահական չէ, որ ամերիկյան «Դիկոլիտ» ֆիրման, քաջատեղյակ լինելով Արագածի պեռլիտների որակին, 1,4 մլն դոլարով ձեռք է բերել «Արագածպեռլիտ» ձեռնարկության բաժնետոմսերի լրիվ փաթեթը եւ այժմ Արագածի հանքավայրի հոյակապ պեռլիտներից արտադրում է ոչ թե զտափոշիներ, որոնց մեկ տոննան միջազգային շուկայում վաճառվում է ավելի քան 1000 դոլարով, այլ փշրված ու մանրացված կիսաարտադրանք, որն էլ առաքում է Բելգիա։ Համոզված ենք, որ նշված ֆիրման աննշան գներով՝ տոննան 16 դոլարով (Հայաստանի Հանրապետությանը չնչին հարկեր վճարելու միտումով) Բելգիա, հետագայում նաեւ՝ Իտալիա, Իսպանիա եւ այլ երկրներ, այնտեղ, ուր նա ունի դուստր ձեռնարկություններ, կփոխադրի մեր բարձրորակ հումքը, որից էլ կպատրաստվեն բարձրորակ զտափոշիներ եւ կվաճառվեն հարյուրապատիկ թանկ գներով՝ գրպանելով ողջ շահույթը։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԱՄՆ-ը, 1987 թ. տվյալներով, իրենց արդյունահանած պեռլիտների (760 հազ. տոննա) մոտ 60 տոկոսը օգտագործում էր փքեցված վիճակով։ Ասենք նաեւ այն, որ միջազգային շուկայում պարոնայք ամերիկացիները, իրենց առավել ցածրորակ պեռլիտներից պատրաստված փքեցված պեռլիտները վաճառում էին տոննան 530-570 դոլարով (հավանաբար, այժմ էլ նույն գներով են վաճառում), իսկ զտափոշիները՝ 620 ֆունտ ստեռլինգով՝ մոտավորապես 1050 ԱՄՆ դոլարով (տվյալները վերցվել են Կիեւի շինանյութերի գիտահետազոտական ինստիտուտից, որը սերտ կապերի մեջ է ամերիկյան «Դիկոլիտ» եւ «Ջոնս Մենվիլ» ֆիրմաների հետ)։

Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ մեր բարձրորակ՝ Արագածի հանքավայրի պեռլիտներից պատրաստված, միջազգային չափանիշները բավարարող զտափոշիները կարելի է վաճառել 1000-1100 դոլարով, համենայնդեպս, ոչ պակաս, քան ամերիկյան զտափոշիները։

Հայտնի է, որ ամերիկյան «Դիկոլիտ» ֆիրման նպատակադրվել է մեր ընտիր պեռլիտներից դուրս տանել տարեկան 200 հազ. տոննա կամ մոտավորապես 220 հազ. խորանարդ մետր պեռլիտահումք։ Հավանաբար նա տարեցտարի կընդլայնի արդյունահանման քանակներն ու եվրոպական պետություններ կփոխադրի արդեն ոչ թե 220 հազ. խոր. մետր, այլ կրկնակի ու եռակի ավելի։ Ժողովրդական խոսք է. «Ախորժակը ուտելու ժամանակ է բացվում»։

Այսպիսով, Հայաստանի պաշտոնատար անձանց օգնությամբ արտասահմանյան երկրների կողմից սկսվել է մեր երկրի ընդերքի հարստությունների թալանի նողկալի գործը։ Ամերիկացիները տանում են մեր բարձրորակ պեռլիտահումքը, կանադացիները՝ ոսկին, պղինձն ու մոլիբդենը, հավանաբար, կտանեն չինացիները։

Իսկ երբ մեր ժողովուրդը խելքի կգա, աչքը կբացի, կտեսնի, որ էլ տակը ոչինչ չի մնացել։ Մեր գործարքը նման կլինի «արջի ու մարդու» ընկերությանը՝ «ինձ արմատը հողումը, քեզ՝ տերեւն ու ցողունը»։

Դեռեւս շատ վաղուց արտասահմանյան երկրների կողմից մեծ հետաքրքրություն կար մեր պեռլիտների նկատամբ։ Դա մենք գիտեինք սրանից դեռեւս 30-40 տարի առաջ։ Հետեւաբար, նման գործարքին մեր կառավարությունը չպետք է համաձայնվեր։ «Դիկոլիտ» ֆիրմայի հետ կնքվող համաձայնագիրը պետք է ընդգրկեր վերջնարտադրանքի (զտափոշիների) արդյունաբերության համատեղ ձեռնարկության ստեղծումը տեղում, որից Հայաստանի շահը կլիներ մի քանի տասնյակ անգամ ավելի։

Հ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31