Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Մայիս 04,1999 00:00
Roland Sharoyan

Շվեյցարահայ գործարար Հարություն Սիմոնյանը, լինելով սասունցի, որոշել է Աշնակ Գյուղի մշակույթի ակումբը վերականգնել։ Եվ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակի տնօրեն Վիգեն սրբազանին խնդրել է հանձն առնել այդ աշխատանքը։ Ըստ սրբազանի, Հարություն Սիմոնյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ, Ոսկեվազում իր տված գումարներով դպրոց կառուցելուց հետո, վստահությունը կորցրել է. «200 հազար դոլար պիտի ծախսեր եւ 120000 $ ծախսած է ու շատ դժգոհ է։ Եկավ, մեր շինարարական գործերը տեսավ ու մեզ խնդրեց այս գործը ձեռնարկել»։

Աշնակի ակումբի շինարարական աշխատանքների համար առայժմ նախատեսված է 89000 $ եւ ընթացքում եւս 30-40 հազար դոլար կավելանա։ Աշնակցիները հյուրերին աղ ու հացով, սասունցիների պարով դիմավորեցին։ Ակումբի պատին ստենդ էր փակցված, որը լուսանկարների միջոցով պատմում էր պարուսույց Վահրամ Արիստակեսյանի եւ «Սասուն» համույթի մասին։ Շինարարական աշխատանքները կատարելու է Վանաձորի «Վերականգնում» ՍՊԸ-ն, եւ ապագայի մշակույթի պալատ-դպրոցի շենքի աշխատանքները ավարտվելու են սեպտեմբերի 1-ին։

Շինարարական աշխատանքների մեջ ընդգրկվելու են հենց աշնակցիները։ Վիգեն սրբազանի ասելով, շենքի վերականգնման հաստատված ժամկետն ուշացնելու դեպքում, պատիժ է սահմանված շինարարների համար. յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ 400 $ պատիժ։

Աշնակի մշակույթի ակումբի վերականգնման նախաձեռնությունն անմիջապես կապվեց մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հետ, քանի որ վերջինս աշնակցի է։ Եվ արարողությանը մասնակցում էին մշակույթի նախարարության աշխատակիցները, լրատվական ծառայությունը։ Նախարարը ներկա չէր, որովհետեւ այս օրերին նա Բելգիայում է գտնվում։ Վիգեն սրբազանը հերքեց այս նախաձեռնության՝ ՀՅԴ-ի եւ Ռոլանդ Շառոյանի նախընտրական քարոզարշավին մաս կազմելու, փաստը եւ խնդրեց երեւույթին քաղաքական երանգ չտալ՝ ասելով, թե սա զուտ ծնունդով սասունցի, շվեյցարահայ գործարար Սիմոնյանի մտահղացումն է։ Իսկ մշակույթի նախարարության աշխատակիցների՝ Աշնակի արարողությանը մասնակցելու (չէ՞ որ ոչ բոլոր միջոցառումներին է նախարարությունը մասնակցում) մասին խոսելիս սրբազանը հիշեց ՀՕՖ-ի գործունեության տասնամյակին նվիրված միջոցառումը, որին ոչ մի պետական պաշտոնյա, բացի սոցապ նախարարից, ներկա չէր. «Այդքան գործ ենք անում, բայց տասնամյակին նվիրված միջոցառմանը պետական պաշտոնյաներից ոչ ոք չկար. ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի կողմից ոչ մի ներկայացուցիչ չկար, բացի սոցապ նախարարից, որն ամեն օրվա մեր համագործակիցն է։ Կակնկալեի, որ պետությունը ուրիշ աչքով մոտենա ՀՕՖ-ին։ Սա երկրին ամենամեծ օգուտ բերող հիմնարկն է»։

Այնուամենայնիվ, ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի ներկա գտնվելու փաստը միանշանակ բացատրվում է նախարարի աշնակցի լինելով (Աշնակի մշակույթի ակումբը գյուղական համայնքինն է եւ ոչ թե՝ մշակույթի նախարարության ենթակայության տակ)։

«Ոչ թե Ռոլանդ Շառոյանի հայրն եմ, այլ Ռոլանդ Շառոյանն է իմ տղան»

Ասաց միջոցառման վայր փոքր ուշացումով եկած 66-ամյա Դանիել Շառոյանը։ Սուր հումորով ու երեսին դուզն ասող տիպիկ սասունցի։ Դանիել Շառոյանը (որի որդին է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը), պարզվեց, որ 44 տարի շարունակ որպես կինոմեխանիկ եւ տնօրեն աշխատել է Աշնակի ակումբում։ Դանիել Շառոյանի ասելով, այդ ակումբի գործունեությունը սկսվել է 1948 թվականից։ Երկրաշարժից հետո ակումբը վաճառվել է Գործարարների եւ արդյունաբերողների նախագահ Արամ Վարդանյանին. պետք է գործարան կառուցվեր, բայց 4-5 տարի գործարան չդառնալուց հետո, գյուղը կրկին հետ վերցրեց ակումբը։

Միջոցառումը շարունակվեց մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Ստեփան Դավթյանի հայրական տանը (Ս. Դավթյանը Ռ. Շառոյանի ազգականն է), ուր խորովածն էր սպասում հյուրերին։ Գյուղի տղամարդիկ երգեցին Սասունի երգերից, պարեցին սասունցիների պարերից։ Դանիել Շառոյանը՝ իր զավակների, աշնակցիների մասին հիշոցախառն զվարճալի պատմություններով զավթել էր բոլորի ուշադրությունը. միայն թե ակնհայտ էր, որ Դանիել Շառոյանն էլ գոհ չի իր որդու թե՛ նախարար դառնալուց եւ թե՛ աշխատանքից։ Իսկ ընդհանրապես, ասաց, որ հատկապես սիրում է Սասնա երգերը, որ կռվի իրական մոդելներ են, իր խոսքով ասած՝ «իմ դարդը խորն է»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31