Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉԸ

Մայիս 04,1999 00:00
time

Ասում են՝ գալիս է ժամանակը, երբ աշխարհի ժողովուրդները հին աստվածներին են հիշում։ Տեխնոգեն ու խելագար 20-րդ դարի վերջում աստվածների բացակայության պարագայում հիշում են նաեւ հին ղեկավարներին։ Ի՞նչ իմանաս, ինչն է դրա պատճառը՝ «Կոլայից» հագեցած նոր սերունդը ռետրո՞ն է ընտրում, թե՞ գործում է այն բնազդը, որը ստիպում է սեփական ինքնավստահության եւ չարության պատճառով անելանելի վիճակի մեջ հայտնված մանուկին՝ մայրիկին կանչել։

Ինչեւէ, երբ գրեթե միաժամանակ, օրերի տարբերությամբ, Ռուսաստանում որերորդ անգամ բեմադրվում է Չեռնոմիրդինի վերադարձը, Մեծ Բրիտանիայում կրկին զգացվում է «Երկաթե լեդիի»՝ Մարգրեթ Թետչերի փորձի կարիքը, իսկ Ճապոնիայի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերը Մոսկվայում քննարկում է դեռեւս անցյալ տարի անվստահության քվե ստացած «Ելցինի ընկեր Ռյուն»՝ Ռյուտառո Խասիմոտոն, դա արդեն նման է տենդենցի։

Քաղաքական «ծանրաքարշերի» վերադարձը ինքնին կարելի է տրամաբանական համարել։ Ումի՞ց, եթե ոչ Մարգրեթ Թետչերից կարող է խորհուրդ հարցնել ներկայիս բրիտանական վարչապետ Թոնի Բլեյըրը Հարավսլավիայի վերաբերյալ քաղաքականություն մշակելիս։ Չէ՞ որ տիկինը երբեմնի փառապանծ ռազմատենչ տիրության վերջին եւ միակ մնացած գլխավոր հրամանատարն է, որը պատերազմ է վարել ու հաղթանակ տեսել։ Այս տեսակետից բնական է, որ Դաունինգ սթրիթ 10-ի ներկա բնակիչը ոչ միայն պարբերաբար իր նախորդի կարծիքն է հարցնում պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերի շուրջ, այլեւ անցյալ շաբաթ օրինականացրել է այդ հարաբերությունները՝ լեդի Թետչերին նշանակելով խորհրդատուի պաշտոնում։

Ի դեպ, մերձեցման նշանները դիտորդները վաղուց էին նկատել՝ արձանագրելով Կոսովոյի հարցում Բրիտանական ներկա կաբինետի կոշտ ու անշրջելի դիրքորոշման եւ 1982 թ. Արգենտինայի հետ Ֆոլքլենդյան կղզիների համար պատերազմի ձեռագրի նմանությունը։ Այսպիսի համագործակցությունը բնական կլիներ, եթե խոսքը գնար համախոհների մասին, սակայն Բլեյըրի եւ Թետչերի դեպքում համերաշխություն են ցուցաբերում գաղափարական դարավոր թշնամիները՝ լեյբորիստներն ու կոնսերվատորները։ Առավել ես ձախ լեյբորիստները պատրաստակամորեն թակում են այն կուսակցության դուռը, որից նրանց հաջողվեց խլել իշխանությունը միայն 17 տարի շարունակ պայքարելուց հետո։ Մեծ Բրիտանիայի համար այսպիսի ալյանսը գրեթե նույնքան անսպասելի էր, որքան Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի նախընտրական դաշինքը։ Այնինչ, պարզվում է, զարմանալի ոչինչ չկա։

Ընդհանրապես, վերջերս ամբողջ աշխարհում արձանագրվում է աջ եւ ձախ ուղղվածության քաղաքական ուժերի գաղափարական սերտաճում։ Այս միտումը, ինչպես պարզվում է, նույնիսկ քննարկման է արժանացել ՆԱՏՕ-ի վերջերս անցկացրած գագաթնաժողովում, ստանալով «Երրորդ ուղու հայեցակարգ» անվանումը։ Ձախերն ամբողջ աշխարհում ավելի հաճախ հանդես են գալիս ընդդեմ պետական վերահսկողության գաղափարի եւ որպես տնտեսության ղեկավարման կոշտ մոնետարիստական ձեւերի կողմնակիցներ։ Միեւնույն ժամանակ աջերը սկսել են քարոզել այսպես կոչված «կարեկցողական կոնսերվատիզմի» հայեցակարգը, որը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներին։ «Երրորդ ուղու» գաղափարը, որը նախատեսում է հին դոգմաների եւ համոզմունքների հաղթահարումը, համակրողների բավական լայն շրջանակ ունի ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ զարգացած այլ երկրների քաղաքական շրջանակներում։ Սակայն, իհարկե, կան եւ թերահավատներ։ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը, օրինակ, Բլեյըրի հետ զրուցելիս այդ հարցի շուրջ նշել է. «Ես դեռ առաջին երկու ուղիները չեմ գտել։ Խնդրում եմ, ասեք՝ որտե՞ղ է անցնում երրորդը»։

Ինչեւէ, այդ միտումները որոշակի պարզություն են առաջացնում նաեւ Հայաստանի նախընտրական զարգացումների վերաբերյալ։ Գուցեեւ հենց այդ «երրորդ ուղին» են փնտրում «Միասնություն» դաշինքի մասնակիցները։ Հարց է միայն. գիտակցաբա՞ր, թե՞ բնազդով։

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31