Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ՝ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ՍԿԵՍՈՒՐԸ»

Մայիս 04,1999 00:00
amusnutyun

1996 թ. մարտի 16-ին եկեղեցական հարսանեկան արարողությամբ ամուսնություն է տեղի ունենում, եւ այդ օրվանից, նորահարսը՝ որպես ընտանիքի անդամ, բնակություն է հաստատում սեփականության իրավունքով ամուսնու մորը պատկանող երկու սենյականոց բնակարանում։

Ամուսնությունը զագսում գրանցվում է 1996 թ. հուլիսի 4-ին։ Երեք հոգիանոց այդ փոքրիկ ընտանիքում կարծես թե գեղեցիկ համերաշխություն է տիրում։ Արդեն հղի երիտասարդ կինը վիժման վտանգ է ունենում, որը կանխելու համար բուժման կուրս է անցնում հիվանդանոցում, որտեղ, ի դեպ, նրան պառկեցնում է շրջապատի նախանձը շարժելու աստիճան հոգատար ամուսինը։ Այսքանով սահմանափակվում են որպես ամուսին եւ ապագա հայր նրա գործողությունները։ Հոգատար եռուզեռում հարսի մտահոգված սկեսուրը բժիշկներին նախ խնդրում է ամեն կերպ փրկել հղիությունը, այդ ընթացքում նրանցից անվերջ բողոքներ ուղարկելով առողջապահության նախարարություն եւ զանազան թերթեր, մեկ էլ հանկարծ նույն բժիշկներին սպառնալիքներով մղում է հղիության ընդհատմանը, դարձյալ չմոռանալով նրանց տարբեր ատյաններ պատասխանատվության կանչելու դիմումներ մոգոնելը։ Հարսին նամակ է գրում, իբր այդ երեխային պահել իրենք ի վիճակի չեն եւ պետք է նրանից ազատվել։ Այս զարմանալի փոփոխություններին կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե այն մնար ընտանիքի առօրյայում, բայց քանի որ այն նախորդել է երկու տարի տեւած եւ այժմ էլ շարունակվող աննախադեպ դատական սերիալին, կարծում եմ, ժամանակն է վերջապես դիմել հոգեբույժի օգնությանը եւ վերջ տալ հաղթելու մոլուցքը շալակած սկեսուր կոչվող այդ կնոջ զրպարտանքի ու նվաստացումների մարաթոնին։

Փորձանքի մեջ հայտնված կինը ակամայից հայտնվում է նաեւ արտաքսված կարգավիճակում, փողոցում հայտնված աղջկան հայրական տուն են տանում ծնողները, նրանց հովանու տակ էլ 1997 թ. փետրվարի 27-ին ծնվում է այս ամենից անտեղյակ փոքրիկը։ Երեք ամիս անց, 1997 թ. մայիսի 26-ին, հարսը բնակտարածության իր իրավունքը ճանաչելու եւ բնակվելու պահանջով դիմում է դատարան։ Այսինքն՝ երկու տարի առաջ։

Այսքանը։ Խնդիրը շատ պարզ է, վիճաբանությունների մեղավոր կողմը որոնելու հարցը չի դրված, որպեսզի բարոյահոգեբանական վերլուծություններ անենք։ Պարզագույն դատական քննարկման եւ առնվազն մեկ շաբաթվա ընթացքում կարգավորելի այս գործը երկրորդ տարին դատական մի ատյանից մյուսն է գնում, բոլոր լսումների վերջում անընդհատ հաստատվելով, որ որպես ընտանիքի անդամ տուն ոտք դրած աղջիկը օգտվում է բնակտարածության իրավունքից, թեկուզեւ այդ տունը մեկ սենյականոց բնակարան լինի։ Մինչդեռ դատական ատյաններն անընդհատ ընկրկնում են մեղավոր կողմի հարձակումներից, երկու տարի ձգձգելով հարսին, այժմ նաեւ երեխային, իրեն հասանելիք բնակարանում բնակեցնել՝ ամեն անգամ հնարավորություն տալով սկեսուրին շարունակելու հարսին բանսարկելու եւ անվանարկելու ոգեշնչումին։ Մի՞թե մարդն այդքան անպաշտպան է մեր երկրում, որ նույնիսկ դատական մարմինները չեն ջանում վերջ տալ չարախոսության մոլուցքի մեջ անվերջ հաղթող այս անառողջ կնոջ հիրավի հաղթարշավին։ Գործը հատորներ է դարձել երեւի թե այն պատճառով, որ օրինական պահանջի տեր հարսի դեմ կանգնած անխոնջ մենամարտող սկեսուրը ամենուր, որպես իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու զինված արդարության մարտիկ, լրագրող է ներկայանում։

Չորրորդ իշխանության հանդեպ հարգանքը, զգուշավորությունը, թե՞ վտանգն իր վրայից հեռացնելու բոլորի ձգտումը երկու տարի անարդյունք պտտվող անփառունակ պատմություն է դարձել։ Սկեսուրի գրիչը շատ արագ զրպարտագրեր է սարքում հարսի իրավունքների ցանկացած պաշտպանի դեմ։ «60-ամյա, երկրորդ կարգի հաշմանդամ, թղթակից»,- այսպես է ներկայանում սկեսուրը իր բոլոր զրպարտագրերում, զարմացնելով ոչ 60-ամյային, ոչ էլ հաշմանդամին հատուկ ուժ ու եռանդով։ Այս անիմաստ ու հալումաշ անող պայքարում նա ինչպե՞ս է կարողանում նորանոր լիցքեր գտնել եւ բոլորին ծնկի բերել, առեղծված է։ Չհասկանալով՝ ծնկի են գալիս նաեւ լրատվության միջոցները, հավատալով եւ տպագրելով հեռուստասերիալների նման լալկան, իր եւ իբր թե նաեւ տղայի անունից շարադրված՝ հարսի ձեռքը տանջված ու իր արժանապատվությունը պաշտպանող խեղճ սկեսուրի սուտ պատմությունները։ Եվ մինչ հարսը թաքուն հույս է տածում, թե վերջապես ամուսինը ձայն կհանի եւ տեր կդառնա իր վիրավորված ընտանիքին, սկեսուրը ցուպը ձեռքին առաջ է ընթանում, անվերջ դատի է տալիս եւ անվերջ դատ են անում, միայն սկեսուրի պահանջով, համաձայնությամբ եւ ներկայությամբ երիտասարդ ամուսիններին ամուսնալուծում, երեխայի հայրությունը վիճարկում…

Կարծես թե բոլորն էլ վաղուց գիտեն ինչն ինչոց է, բայց շարունակում են զանց առնել անմեղ կողմին։ Արաբկիրի ժողդատարանի դատավոր Եղիազարյանը 1997 թ. մայիսի 2-ին մերժում է հարսի հայցը այնպիսի պատճառաբանություններով, որոնք Գերագույն դատարանը որակում է որպես «գործի հանգամանքներին չհամապատասխանող եզրակացություններ»։ Ուրեմն այդ ի՞նչ գործ էր լսել դատավորը, որը դատը բեկանող ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի որոշման մեջ շարադրված չուսումնասիրված, չմեկնաբանված եւ օրենքի ուժ չդարձած հանգամանքներին ծանոթանալով, զարմանում ես, թե ինչու նույն այդ Գերագույն դատարանը հարց չի հարուցել նման դատի հեղինակին պատասխանատվության ենթարկելու մասին։ Ավելի զարմանալի է, երբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ եւ արդարադատության պետական խորհրդական Հենրիկ Խաչատրյանն է նույն գործը կրկնակի քննության ուղարկել Գերագույն դատարան։ Որ ի՞նչ։ Խրթին պարզաբանումների կարիքն ունեցող քննություննե՞ր էին պետք, թե՞ դարձյալ թղթակից հորջորջվող բողոքողի շառ ու փորձանքն է խնդիրը։ Եվ այսպես, թվարկենք՝ Արաբկիրի, Շահումյանի, Մաշտոցի ժողդատարաններ, Գերագույն դատարան, Վճռաբեկ դատարան։ «…Նրա այդ իրավունքները պետք է ճանաչվեն այդ բնակարանի նկատմամբ… նրան երեխայի հետ բնակեցնել այդ բնակարանում»։ ՀՀ Գերագույն դատարան, 1997 թ. հուլիսի 11։ «Գործով կայացված դատական որոշումներն օրինական են եւ դրանք բողոքարկելու հիմքեր չկան»։ Դատախազություն, 1998 թ. մայիսի 1։

ՄԱՐԻԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ

Տարիները գլորվում են, մինչեւ վերջապես գալիս են հարկադիր բնակեցման մասին որոշումներն ու զգուշացումները, ու, երբ թվում է, թե օրենքն ու օրինապահներն արդեն ավարտին պիտի հասցնեն իրենց գործը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է գալիս Արաբկիրի ժողդատարանի դատավոր Գոռ Հակոբյանի ուղարկած՝ բնակեցումը կասեցնելու վերաբերյալ որոշումը։ Իսկ հետո՝ գործը պահանջում է… այս անգամ արդեն Կենտրոն համայնքի դատարանը։ Օրինակա՞ն է դատական այս շրջապտույտը։ Ո՞ր ատյանի խոսքն է ի վերջո վերջնականը։ Եվ, վերջապես, ինչո՞ւ ոչ ոքի չի մտահոգում այս հանգամանքը, որ դատական այս սերիալի միակ գործող անձը ՍԿԵՍՈՒՐՆ է, եւ այն էլ մի այնպիսի հարցով, որը բոլորովին իրեն չի վերաբերում։ Իսկ եթե նա իր ցուցաբերած անսպառ էներգիան նվիրեր թոռնիկին, փոքրիկը երեւի թե աշխարհի ամենաերջանիկ երեխան լիներ։ Մինչդեռ դատարան ներկայանալու հերթը հիմա էլ նրան է հասել։ Տատիկը երկու տարեկան փոքրիկին հարազատ հոր կողմից հայրության իրավունքից զրկելու հայցով է այժմ ոգեւորված։ Իսկ դատական ատյաննե՞րը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31