Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴՊՐՈՑԻԿՈՒՄ» МОЯ, Я ТВОЯ «ԲՈՒՀԻԿՈՒՄ»

Մայիս 04,1999 00:00
qnnutyun

Կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ այս տարվա բուհական ընդունելության ոչ մրցութային քննություններում առաջնորդվելու ենք դպրոցական պետական քննությունների կամ ավարտական վկայականի գնահատականներով։

Ազգային ժողովի ձեւավորումից հաշված օրեր անց, հասարակությունը հայտնվելու է դպրոց-բուհ չհայտարարված պատերազմի պայմաններում, որից խուսափելու համար առաջարկում ենք հակամարտությունը տեղափոխել ազատ մրցակցության դաշտ՝ ապահովելով առերեսման քիչ թե շատ նպաստավոր եղանակային պայմաններ։ Մրցամարտի արդարացի ընթացքին կօժանդակի արտասահմանում վաղուց կիրառվող դեղամիջոցը, որի հայկական տարբերակը՝ «Բուհիկումը» նախատեսում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում բոլոր հումանիտար եւ բնագիտական առարկաներից իրականացնել՝ շրջանավարտների կենտրոնացված թեստավորում, նկատի ունենալով, որ աշակերտների գիտելիքների գնահատման ու որակի վերահսկման նշված մեթոդը 80-ական թվականների սկզբից հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Արեւմտյան Եվրոպայում, 90 -ականների սկզբից գործածվում է Լեհաստանում, Չեխիայում, Մերձբալթյան երկրներում, իսկ 1996 թ. փորձարկվում է Ռուսաստանում։

2. Կրթության եւ գիտության նախարարության համակարգում ստեղծե՛լ «Պետական կենտրոնացված թեստավորման խորհուրդ» (ՊԿԹԽ)՝ ԿԳ նախարարի կամ փոխնախարարներից որեւէ մեկի նախագահությամբ եւ մշտապես գործող առարկայական հանձնաժողովների անդամությամբ, որոնց կազմերը կձեւավորվեն համամասնական ընտրությամբ՝ դպրոց, բուհ, գիտահետազոտական ինստիտուտ։

3. Նախապատրաստե՛լ ԿԳՆ կոլեգիայի որոշում, համաձայն որի՝ առարկայական թեստավորման արդյունքները կդիտարկվեն որպես ավարտական վկայականի եւ բուհական ընդունելության ոչ մրցութային քննության գնահատականներ՝ բացառությամբ հայոց լեզվից՝ գրավոր, հայ գրականությունից՝ բանավոր եւ մաթեմատիկայից՝ գրավոր քննությունների։

4. Առարկայական թեստավորումից դրական (8 եւ ավելի բալ) գնահատական ստացած շրջանավարտներին տա՛լ վկայագիր (սերտիֆիկատ), որն առանց բացառության ընդունելի կհամարվի ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցների, պետական եւ մասնավոր բուհերի համար։

5. Թեստավորման սերտիֆիկատում նշե՛լ շրջանավարտի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող մեկ այլ փաստաթղթի տվյալները, թեստավորման գումարային գնահատականը (20 բալանոց համակարգով), թեստային առաջադրանքի տարբերակը, ենթահարցերի ստացած ճիշտ («պլյուս» նշանով) եւ սխալ («մինուս» նշանով) պատասխանների համարանիշերը, թեստավորման անցկացման օրը, ամիսը, տարեթիվը, թեստավորման առարկայական հանձնաժողովի պատասխանատու անձի ստորագրությունը եւ այն հաստատող կլոր կնիքը։

6. Եթե առարկայական թեստավորումից ստացված գնահատականները (բալերը) չեն բավարարի շրջանավարտներին, այդ դեպքերում իրավունք վերապահել բոլոր ցանկացողներին՝ ընդհանուր հիմունքներով մասնակցելու դպրոցական պետական ավարտական եւ բուհական ընդունելության քննություններին։

7. Առարկայական թեստավորումն ամրագրե՛լ եւ կանոնակարգե՛լ որպես դպրոցական պետական ավարտական եւ բուհական ընդունելության ոչ մրցութային քննությունների այլընտրանք, որի պարագայում կբացառվի հոգեբանական լարվածության պահը, իսկ շրջանավարտներին կընձեռվի լրացուցիչ հնարավորություն սեփական գիտելիքների գնահատման ու արժեքավորման հարցում։

8. Առարկայական թեստավորումներն անցկացնե՛լ մայիս ամսվա առաջին կեսում, ոչ ուշ, քան մինչեւ մայիսի 20-ը՝ դպրոցական պետական ավարտական քննությունների նախաշեմին։

9. Առարկայական թեստավորումներում առաջնորդվե՛լ ՊԿԹԽ-ի կողմից հաստատված թեստային առաջադրանքներով, որոնց նմուշներից կազմված ժողովածուն հրատարակել ոչ ուշ, քան մինչեւ հունվարի 20-ը։

10. Թեստային առաջադրանքներում խստագույնս պահպանե՛լ դպրոցական պետական ծրագրային նյութի պահանջները, կառուցվածքային եւ բովանդակային առանձնահատկությունները, իսկ առաջադրանքների ընտրությունը կատարել թեստավորման օրը, գաղտնագրված ծրարների վիճակահանությամբ, ՊԿԹԽ-ի լիազոր-ներկայացուցչի ներկայությամբ։

11. ՊԿԹԽ-ի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով կազմակերպե՛լ մարզային, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ քաղաքային ենթակառուցվածքային միավորներ, որոնք կգործեն կրթության վարչություններին կամ բաժիններին կից։

12. Մարզային եւ քաղաքային առարկայական թեստավորման հանձնաժողովներում ապահովե՛լ տվյալ առարկայի գծով ՊԿԹԽ-ի անդամ-մասնագետի «լիազոր- ներկայացուցչի» կարգավիճակով մասնակցությունը՝ ըստ փակ գաղտնի վիճակահանության արդյունքների, թեստավորման օրվանից ոչ շուտ, քան 24 ժամ առաջ։

13. Առարկայական թեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող շրջանավարտը ներկայացնում է դիմում՝ դպրոցի տնօրենի անունով, ոչ ուշ, քան մինչեւ ապրիլի 15-ը, իսկ դպրոցներում հավաքված դիմումները խմբավորվում են ըստ առարկաների եւ մինչեւ ապրիլի 20-ը ներկայացվում են մարզային կամ քաղաքային առարկայական թեստավորման հանձնաժողովներին։ Սահմանված ժամկետներից դուրս մնացած դիմումներին ընթացք չի տրվում։

14. Շրջանավարտը յուրաքանչյուր ընտրած առարկայական թեստավորման համար ներկայացնում է առանձին դիմում՝ վճարելով 500 դրամ, որն անկախ թեստավորման արդյունքից, շրջանավարտին հետ չի վերադարձվում։

15. Թեստավորման սերտիֆիկատն իր ուժը պահպանում է երեք տարի ժամկետով, որից հետո համարվում է անվավեր։

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի» գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31