Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԴԵՍԱՆՏ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Մայիս 04,1999 00:00
Edvard Sandoyan

Մամուլն արդեն տեղեկացրել է վարչապետի այն որոշման մասին՝ համաձայն որի նախարարներն աշխատանքային այցեր պետք է կազմակերպեն՝ հանրապետության մարզեր։ «Առավոտը» արդեն հասցրել է որոշ նախարարների ուղեկցել նմանատիպ այցերի ընթացքում։ Այս անգամ «Առավոտը» հատուկ հրավեր ստացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանից։ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը ֆինանսների նախարարը գնում էր հանդիպելու Լոռու մարզի աշխատավորության հետ։

Շեֆը հայտնվում է վերջին պահին

Վաղ առավոտյան պայմանավորված վայրում մեկը-մյուսի հետեւից հավաքվեցին հանրապետության ֆինանսական աշխարհի դեմքերը։ Հավանաբար, Էդվարդ Սանդոյանը շատ էր կարեւորել այցելությունները մարզեր (մինչ այդ այս պատվիրակությունը եղել էր Արմավիրի եւ Արարատի մարզերում), որ հավաքել էր նման ընտրանի։ Բոլորը կազմ-պատրաստ սպասում էին, երբ վերջին պահին հայտնվեց շեֆը։ Մոտ 15 մեքենա ընդգրկող ավտոշարասյունը շարժվեց Լոռու մարզ։ Երբ հասանք մարզի դարպասներին, պարզվեց, որ այս այցը պակաս չեն կարեւորել նաեւ մարզպետարանի պաշտոնյաները։ Գրեթե հանրապետության նախագահին վայել դիմավորման (նաեւ ուղեկցման) արժանացած ֆինանսների նախարարն ու պատվիրակությունն այցելեցին Վանաձորի երաժշտական դպրոց, ուր կայացավ հանդիպում քաղաքապետարանների, համայնքների ներկայացուցիչների ու խոշոր ձեռնարկությունների տնօրենների հետ։

Հեշտ փող չկա, կամ վարկ՝ լավ ծրագրի դեպքում

Իր ելույթում նախարար Էդ. Սանդոյանը նշեց, որ այցի նպատակն է՝ ծանոթանալ մարզի ֆինանսական խնդիրներին եւ փորձել լուծումներ գտնել։ Նա տեղեկացրեց, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է, ինչ հանրապետությունում խնդիրների լուծման համար ֆինանսական համապատասխան միջոցներ են ստեղծվել։ Էդվարդ Սանդոյանը չծուլացավ եւս մեկ անգամ հիշեցնել, որ աղետի գոտու այս տարվա բյուջեով նախատեսված միջոցները շուրջ 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա ծավալներին։ Աղետի գոտուն 1999 թ. բյուջեով շուրջ 12 միլիարդ դրամ է հատկացվել։ Նա տեղեկացրեց, որ նախորդ օրը ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է 7 օրվա ընթացքում ավարտել աղետի գոտու մրցութային ու նախագծային աշխատանքները եւ «լայն թափով սկսել շինարարական աշխատանքները»։

Կենսաթոշակների ոլորտը համարելով ամենաչլուծված խնդիրը (փոքր ծավալի միջոցների հատկացման պատճառով), ֆինանսների նախարարը հույս հայտնեց՝ առաջիկայում աշխուժացնել այդ ոլորտը։ Սակայն պրն Սանդոյանին ամենից շատ հուզում է արդյունաբերության՝ տնտեսության իրական հատվածի խնդիրը, առանց որի նա հանրապետության ապագան չի տեսնում։ Էդվարդ Սանդոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը խնդիր էր դրել գտնել երկարատեւ արտոնյալ վարկեր, որոնք հնարավորություն կընձեռեն աշխատատեղերի վերականգնման, հիմնական միջոցների վերագործարկման համար։ «Այս առումով ամենաուրախալի փաստը, սկիզբը՝ ընդամենը այն է, որ հաջողվեց այս տարի մասնավորապես ՀԲ-ի, Լինսի հիմնադրամի, Գերմանիայի կառավարության եւ այլ ծրագրերի միջոցով շուրջ 40 մլն դոլարի երկարաժամկետ՝ դրանք 3 տարուց մինչեւ 40 տարի աշխատող վարկային ռեսուրսներ են, որոնք նպատակ ունեն փոքր եւ միջին ձեռներեցության եւ արդյունաբերության, այդ թվում, նաեւ գյուղատնտեսական սննդամթերքների մշակման, ինչպես նաեւ մեծ արդյունաբերության խնդիրները լուծելու»,- նշեց Էդվարդ Սանդոյանը։

Տվյալ մարզի համար նա կարեւորեց այն հանգամանքը, թե ինչպես կկարողանան տնտեսավարող սուբյեկտները հաղթահարել ծրագրերի իրականացման համար պահանջվող բիզնես-ծրագրերը։ «Որովհետեւ հեշտ փողեր չկան, դժվար փողեր են՝ միջազգային ստանդարտների ներքո։ Այնպիսի պահանջներ է դրված, որ հեշտությամբ միջոցները չենք կարողանալու տնօրինել, պետք է ծրագրային համապատասխան աշխատանքներ տանել»,- ընդգծեց ֆինանսների նախարարը։ Անհատական բնակարանային շինարարության մասին խոսելիս նշվեց, որ անցած տարի այս մարզին հատկացվել է 150 մլն, այս տարի՝ 180 մլն դրամ։ «Վերջին 9 տարիների ընթացքում հիմնական պրոբլեմն է եղել, որ հանրապետությունում փող չի եղել։ Հիմա կան նպատակային միջոցներ՝ դրանք ուղղված պետք է լինեն արդյունաբերության զարգացմանը եւ այսօր շատ կարեւոր է, թե ինչ աշխուժություն տեղի կունենա այստեղ»,- եւս մեկ անգամ կրկնեց պարոն Սանդոյանը։

Նախարարի հումորովն է սիրելի

Ի պատասխան Էդվարդ Սանդոյանի կոչի՝ վարել անկաշկանդ, սուր հարցադրումներով զրույց, պրն Քոչինյանն անհանգստություն հայտնեց. «Ես վախենում եմ ոչ միայն կաշկանդված չլինեն, այլ չափից դուրս շատ ազատ լինեն»։ «Քարերով խփել չլինի, մնացած բոլոր մեթոդներն ընդունելի են»,-կատակեց ֆինանսների նախարարը։ Ի դեպ, կատակի մասին, ինչպես միշտ, այս անգամ եւս անզուգական էր Էդվարդ Սանդոյանն իր հումորով։ Վերը նշվածին ավելացնեմ. երբ Հենրիկ Քոչինյանը ներկայացրեց հյուրերին՝ նրանցից մեկի անունը կարդալիս հատուկ շեշտեց. «Մեր հայրենակիցն է»։ «Իբր մենք վրացի ենք, հա՞»,- նեղացկոտ ասաց պարոն Սանդոյանը։ Կամ համայնքապետերից մեկն ելույթը սկսեց. «Պարոն նախարար, սիրելի մարզպետ» արտահայտությամբ։ Էդվարդ Սանդոյանը անհամեստորեն նշեց. «Ուրեմն, պարո՛ն նախարար, սիրելի՛ մարզպետ, հա՞»։ Ասեմ, որ այցի ընթացքում Էդվարդ Սանդոյանի սրտի ուզածը եղավ, այս արտահայտությունը հմտորեն շրջվեց «Սիրելի նախարար, պարոն մարզպետ» տարբերակի։

Բիզնես-ծրագրի դիմաց՝ վարկ, վարկի դիմաց՝ գրավ

Նմանատիպ այցերի ու հանդիպումների ամենահետաքրքիր մասն, իհարկե, հարցուպատասխանն է։ Երբ Կաթնաղբյուրի գյուղապետը հայտնեց, որ 1997 թ. բնական աղետի հետեւանքով գյուղը 100 միլիոն դրամի վնաս է կրել, եւ դրան զուգահեռ նվազել է գյուղի դոտացիան ու գյուղացու համար բեռ դարձել հողի հարկը՝ պարոն Քոչինյանը տեղեկացրեց, որ մարզում նմանատիպ 30-35 համայնք կա։ Նա նշեց նաեւ, որ կառավարության 2 որոշումների համաձայն, այդ գյուղերը ազատվում են հողի հարկից, ինչը, սակայն, չի նշանակում դոտացիայի մեծացում։ Համայնքի բյուջեի ձեւավորման մասին պրն Սանդոյանը հայտնեց, որ այն կազմվում է գույքահարկից ու հողի հարկից եւ եթե համայնքն ազատվում է դրանից, նշանակում է, որ համայնքը զրկվում է բյուջեի միակ աղբյուրից՝ դոտացիայից։ Հարցերի հիմնական մասը վերաբերում էին վարկերին։ Ի պատասխան համայնքներից մեկի ներկայացուցչի այն հարցի, թե ինչու վարկի դիմաց հողը գրավ չի դրվում՝ Կրեդիտ Սերվիս բանկի նախագահ Ա. Դավթյանը հայտնեց, որ բանկերը գտնվում են ռիսկային դաշտում։ Հողը տվյալ մարզում չի կարող հանդես գալ իբրեւ գրավ՝ անգամ 2000 դոլար վարկի դեպքում։

Ըստ պրն Դավթյանի, ուսումնասիրությունները ցույց են տվել. չի գտնվի մեկը, որը կգնի այդ գրավ դրված հողը։ Հանդիպումից հետո, երբ պարոն Սանդոյանին հարցրի, թե համայնքապետերից մեկը, իմ կարծիքով, արդարացիորեն նշեց, որ 4-ամյա կրթությամբ գյուղացին չի կարող միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես-ծրագրեր կազմել, պրն Սանդոյանը նշեց. «Պատասխան տվողներից մեկը՝ Գյուղփոխբանկի նախագահ Ստեփան Ղիշչյանը շատ արդարացիորեն նշեց, որ այո, այդ խնդիրը կա, վարկային միջոցները բոլորի համար չեն եւ, ցավոք, բոլորին չի, որ մատչելի են դրանք։ Մենք պետք է հաշտվենք այդ մտքի հետ»։ Այնուհետեւ Էդվարդ Սանդոյանը վարկերը չվերադարձրած վարկատուներին (եւ բոլորին՝ ընդհանրապես) կոչ արեց կոնկրետ ծրագրերը չձախողելու եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններում մեր պետության վերաբերյալ վատ կարծիք չձեւավորելու համար՝ բարոյական իմաստով ստիպել վարկ չվերադարձնողին պարկեշտություն ցուցաբերել։

Լոռու մարզում Էդվարդ Սանդոյանի գլխավորած պատվիրակությունը եղավ Վանաձորի քիմիական կոմբինատում, Ալավերդու պղնձաձուլական (Մանեքս-Վալլեքս) գործարանում, հանդիպում ունեցավ Սպիտակում, քննարկվեցին Բագրատաշենի մաքսատան հետ կապված խնդիրները։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31